կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-19 14:33
Հասարակություն

«Արմնյուզը» կփակվի՞

«Արմնյուզը» կփակվի՞

Արդեն տևական ժամանակ է` մեդիադաշտում լուրեր են շրջանառվում, որ փակվելու է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: Որոշ տեղեկությունների համաձայն` «Արմնյուզի» լրատվական թիմը տեղափոխվելու է «Արմենիա TV»-ի «Ժամը» լրատվական ծրագիր: Խոսակցություններ կան, որ, միաժամանակ, կադրային փոփոխություններ են սպասվում «Ժամ»-ում: Համաձայն նույն աղբյուրի` երկու հեռուստաընկերությունների լրատվականների` աշխատանքից ազատված աշխատակիցներն աշխատանքի են անցնելու ATV-ում, որտեղ իբր նոր լրատվական է բացվելու:

 

Այսօր էլ ահա մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՀՀԿ-ն առաջիկայում հեռուսատաընկերություն է ունենալու և այն կազմավորվելու է գործող հեռուստաընկերություններից մեկի` ամենայն հավանականությամբ, հենց «Արմնյուզի» հիմքի վրա: Այս թեմայի շուրջ yerkir.am-ը զրույցել է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ: Ըստ նրա` հեռուստաընկերությունը չի փակվելու, պարզապես ֆորմատային փոփոխություններ են լինելու:

 

«Ֆորմատային փոփոխությունը վերաբերելու է ներքին կառուցվածքային բարեփոխումներին` աշխատանքի կազմակերպմանը և ներքին կառավարչական խնդիրներին»,- ասաց Արտակ Ալեքսանյանը և հավաստիացրեց, որ հեռուստադիտողը եթերում այդ փոփոխությունը չի զգալու:

 

Հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է գնել «Արմնյուզը» կամ դրա հիմքի վրա իր հեռուստաընկերությունը ստեղծել, պատասխանեց. «Նման բան չկա, մեզ նման առաջարկ չի եղել: Իմ ունեցած տեղեկություններով` «Արմնյուզի» վերավաճառքի հարց դրված չէ»:

 

Անդրադառնալով «Արմնյուզի» աշխատակիցների` այլ հեռուստաընկերություններ տեղափոխվելուն` Ալեքսանյանը նշեց, որ տեղեկությունների մի մասը ճիշտ է, մի մասը` չափազանցված: Ըստ նրա` դրանք վերաբերում են հոլդինգի ներսում աշխատակիցների միգրացիային և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Դիտարկմանը, թե առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն, Ալեքսանյանը պատասխանեց, որ հնարավոր է` հունվարի կեսերից լինեն:«Բայց դա վերջնական հաստատված չէ, մինչև տարեվերջ բաժնետերերի ժողով պետք է լինի,  և հանրությանը տեղյակ կպահենք փոփոխություներ մասին»,- ասաց նա:

 

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է` ինքն էլ այլ հեռուստաընկերություն տեղափոխվի, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես դեռ չգիտեմ ոնց կլինի, այս պահին ես դեռ «Արմնյուզ»-ում եմ»:

 

Նշենք, որ հեռուստաընկերությունն իր ձևաչափը փոխել էր ՀՀ նախագահական ընտրություններից առաջ:  2011-ի հոկտեմբերին, հեռուստաընկերության բաժնետերերի որոշմամբ, «Արմնյուզը» դարձավ  համահայկական լրատվական առաջին հեռուստաալիքը: Օգոստոսի 1-ին հեռուստաընկերության գլխավոր տնօրեն նշանակվեց հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը: