կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-17 18:25
Իրավական

Ուզում եք՝ հետը երկու գերեզման էլ տանք. տուժողը՝ Վարդան Պետրոսյանին

Ուզում եք՝ հետը երկու գերեզման էլ տանք. տուժողը՝  Վարդան Պետրոսյանին
Վարդան Պետրոսյանի գործով շուրջ մեկ ժամ քննարկվեց տուժող կողմից ներկայացված քաղաքացիական հայցը: Պաշտպանական կողմը ցանկանում էր ճշտել, թե քաղհայցում ներկայացված` փաստաբանի  խելամիտ վարձատրության ծախսը որպես դատական ծախսերի փոխհատուցման պահա՞նջ  է, թե՞ որպես կրած վնասի փոխհատուցման պահանջ, սակայն տուժող կողմը հրաժարվեց բացատրել՝ նշելով որ քաղհայցում ամեն բան հստակ ներկայացված է:

 

Քննարկման ժամանակ տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանն իրենց գումար է փոխանցել՝ նշելով, որ դա չի մտնում դատական գործընթացի մեջ ու քաղհայցի հետ կապ չունի: Այդ գումարները ծախսել են գերեզմանաքարի տեղադրման ու հուղարկավորման արարողությունների վրա: Հայրապետյանը հավելեց. «Եթե գումարից ավելացած լինի, կարող ենք հետ տալ»:

 

Տուժող Արթուր Հակոբյանն էլ տեղից արձագանքեց.  «Ուզում եք՝ երկու գերեզման էլ հետը կտանք»:

 

Այնուհետև պաշտպանական կողմն անդրադարձավ գործով տուժող Տաթևիկ  Հակոբյանի բուժման համար ապահովագրական ընկերությունից փոխանցված գումարներին: Տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանը հայտարարեց,  որ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը մինչ օրս հիվանդանոցին չի փոխանցել բուժման համար գումարը:

 

Պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի դատարանը որոշում կայացնի դիմել ապահովագրական ընկերությանը`  ճշտելու համար, թե տվյալ պատահարի համար ինչքա՞ն գումար է  փոխանցվել, կոնկրետ ինչի՞  համար, և ըստ  պայմանագրի` ի՞նչ է պարտավոր անել ապահովագրական ընկերությունը:

 

«Վարդան Պետրոսյանը հա'մ նալին ա խփում, հա'մ մեխին»,- տեղից արձագանքեց Նաիրա Հայրապետյանը:

 

Դատավորը որոշեց բավարարել միջնորդությունը:

 

Վարդան Պետրոսյանը տեղից հայտարարեց, որ  եթե այս հարցը դատարանում չքննարկվեր, ապա ավելի հեշտ կլուծվեր: «Ինչ հնարավոր է, դա կանենք, բայց եթե հարցը մտնում է  դատարան, քաշքշուկ է լինում: Այստեղ հարցեր են արծարծվում, որից ես էլ եմ փշաքաղվում, բայց ես ի՞նչ անեմ, ես չեմ դատարանը ստեղծել: Ես շատ կուզեի, որ այս հարցը դրսում՝ մեր մեջ քննարկվեր»,- ասաց նա:

 

Այսպիսով` դատավորը հետաձգեց այսօրվա դատական նիստը, հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 25-ին: