կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-28 14:26
Քաղաքական

Օրը կգա, բարին հետը, մի՛ շտապեք. Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնի մասին

Օրը կգա, բարին հետը, մի՛ շտապեք. Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնի մասին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում հնչեցրած այն դիտարկմանը, թե եթե Հանրապետականը չհաղթի խորհրդարանական ընտրություններում, նշանակում է` ինքն այլևս քաղաքականությունում անելիք չունի: Սարգսյանը վստահություն է հայտնել նաև, որ ՀՀԿ-ն հաղթելու է:

Շարմազանովը նշեց, որ նորմալ է գնահատում Սարգսյանի մոտեցումները և դրանք քաղաքագիտական առումով շատ ճիշտ են: «Ցանկացած կուսակցության նախագահ, այն էլ` իշխող կուսակցության, այն էլ` ամենաազդեցիկ քաղաքական ուժի նախագահը, բնականաբար, պետք է իր կարծիքը հայտնելու իրավունք ունենա, և նրա այդ կարծիքն օբյեկտիվ է: Կարող է փոքրամասնության դուրը գալ կամ չգալ, բայց փաստն այն է, որ այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը շարունակում է մնալ ՀՀԿ-ն»,- ասաց նա՝ հավելելով, որ շուտով Գյումրիում և Վանաձորում ընտրություններ են, և պարզ կլինի, թե ում որքան ձայն կտան ընտրողները:

«Մեր սիրելի դահլիճում բարձր տոնով հայտարարություններ անողների կուսակցություններին կտեսնենք քանի հոգի ձայն կտա: Չեմ ասում` քանի տոկոս, ասում եմ` քանի հոգի: Կուսակցության ռեյտինգը սոցիալ-հոգեբանական կատեգորիա է, և այդ առումով պարոն նախագահի խոսքը քաղաքագիտական առումով տրամաբանական էր, օբյեկտիվ էր և ընդունելի»,- ընդգծեց նա, ապա հավելեց, որ այս համատեքստում միակուսակցական համակարգի մասին խոսելը ծիծաղել է, որովհետև բոլոր քաղաքական կուսակցությունները իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին:

«Մեր հանրությունը կորոշի՝ ում է վստահում: Չեք ուզում` Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը ղեկավարի, ընտրեք Պողոս Պողոսյանի ղեկավարած ուժին: Ով կուզի, թող ընտրի ՀՀԿ-ին, ով կուզի, թող ընտրի «Բարգավաճ»-ին, ՀԱԿ-ին»,- ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ո՞ր պաշտոնում է տեսնում հետագայում Սերժ Սարգսյանին, որովհետև նա բացառել է ԱԺ նախագահի և վարչապետի պաշտոններում իր լինելը, և արդյոք կարելի՞ է ենթադրել, որ կուսակցության նախագահի պաշտոնի մասին է խոսել Սարգսյանը, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականն իր ամբողջ լիազորություններով լինելու է ՀՀ նախագահ, և բերեք դանդաղ շտապենք: Կոռեկտ չէ` այսօր ես խոսեմ այդպիսի բաների մասին: Նա այժմ նախագահն է, որի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ երկու տարի կա»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն արդեն իսկ ասել է, որ ՀՀԿ-ի հաղթելու դեպքում տեսնում է իրեն քաղաքականությունում, իսկ չհաղթելու դեպքում՝ ոչ, Շարմազանովը արձագանքեց. «Օրը կգա, բարին հետը, մի՛ շտապեք: Հարցը տվել են, նա էլ պատասխանել է: Շատ տրամաբանական է եղել: Նույն Շառլ դը Գոլը, երբ իր առաջարկած սահմանադրական բարեփոխումները չանցան, հրաժարական տվեց: Նախագահի ասածը օբյեկտիվ է և տրամաբանական»: