կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-09 14:32
Հասարակություն

Ոչ ոք չի ասում`որդուն այցելող ծնողն իրավունք չունի հետը միս տանելու, արձակուրդ վերցրած որդու հետ խորոված անելու. Փաշինյան

Ոչ ոք չի ասում`որդուն այցելող ծնողն իրավունք չունի հետը միս տանելու, արձակուրդ վերցրած որդու հետ խորոված անելու. Փաշինյան

Հայտնել ենք, որ վարչապետ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, այսօր մեկնում է զինվորական ծառայության: Զինվորական հավաքակայանում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը: Ներկա է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ հպարտությամբ է որդուն բանակ ճանապարհում:

Դիտարկմանը` նախկինում պաշտոնյաների որդիները չէին ծառայում, վարչապետն արձագանքեց. «Ես չէի ասի` նախկինում պաշտոնյաների որդիները չեն ծառայել: Համենայն դեպս, մենք այս պահին բացահայտումների փուլում ենք, և ես այս պահին չեմ ուզում պաշտոնապես որևէ պնդում անել»:

Ինչ վերաբերում է զինծառայողների համազգեստի փոփոխությանը, նա ասաց, որ զինծառայողների համազգեստի, նաև այլ հարցերի հետ կապված միշտ էլ փոփոխություններ արվում են, և խնդիր է դրված, որ որակն ավելի լավանա:

«Դա արվում է ոչ միայն թղթի վրա գրված չափանիշներով, այլև պրակտիկայից եկող ինֆորմացիան ամփոփելով: Նաև զինվորների, սպաների կարծիքներն են հաշվի առնվում: Ե'վ հագուստի, և' կոշիկի, և' սննդի հարցերը պետք է բարելավվեն, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ զինծառայողի ծնողը ստիպված չպետք է լինի ինչ-որ կարիքներ հոգալ: «Շատ կարևոր է ըմբռնել, թե ինչի մասին է խոսքը: Ասվում է, որ ծնողը ստիպված չպետք է լինի ինչ-որ կարիքներ հոգալ: Ոչ ոք չի ասում, որ ծնողն իրավունք չունի իր երեխային համար շոկոլադ կամ տորթ տանելու ծննդյան օրվա առթիվ: Խոսքն այն մասին է, որ այն պարտավորությունը, որը դրված է պետության վրա, միարժեք պետք է իրականացվի: Դա չի նշանակում, որ իր որդուն այցելող ծնողն իրավունք չունի հետը միս տանելու, արձակուրդ վերցրած որդու հետ խորոված անելու: Ցավոք, թե' ծնողների, թե' հրամանատարության շրջանում այդպիսի մեկնաբանություններ արվում են, բայց ամեն բան պետք է դիտարկել տրամաբանության շրջանակներում: Խոսքն այն մասին է, որ ծնողի համար դա չպետք է սոցիալական նոր բեռ լինի»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով` կան զորամասեր, որտեղից արձագանքներ ենք ստանում` շտկվել է իրավիճակը, կան զորամասեր, որ վիճակն այնքան էլ լավ չէ: «Այդ նամակների տեղեկությունների վրա շարունակում ենք աշխատել»,- ասաց Փաշինյանը: