կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 18:17
Իրավական

Շների գնդակահարմամբ զբաղվող «Հավերժ հիշատակ»-ի տնօրենը` փաստաբանի տան ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Շների գնդակահարմամբ զբաղվող «Հավերժ հիշատակ»-ի տնօրենը` փաստաբանի տան ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Հայտնել ենք, որ գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանն այսօր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ առավոտյան իր տան ուղղությամբ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով կոտրվել են ապակիները:

 

Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբանը չէր բացառել մեր այն տեղեկությունը, որ հնարավոր է` կրակոցները պատահականություն են, և որ դրանք արձակվել են շներին վնասազերծելու ժամանակ: Նշենք, որ Գյումրիում թափառող շների վնասազերծման և տեղափոխման հետ կապված հարցերով զբաղվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ն: Մեր տեղեկություններով` ընկերության վարորդ-որսորդն այժմ ոստիկանությունում բացատրություն է տալիս:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Հովսեփ Ավետիսյանը նշեց, որ անհնար է նման բան տեղի ունեցած լինի: «Ես քաղաքի բոլոր փաստաբանների հետ մոտիկ եմ, և եթե նման բան լինի` մենք կգնանք և այդ ապակիները կսարքենք: Յայլոյանի հետ ամենամոտիկն եմ, բայց ինքն ինձ դեռ չի զանգել, ոչ էլ ոստիկանությունից են զանգել»,- ասաց նա:

 

Ավետիսյանը նշեց, որ իրենք շների վնասազերծումը կատարում են վաղ առավոտյան` 7:00- 8:30, որպեսզի  դպրոցականներին չխանգարեն: Ավետիսյանի խոսքով` իրենք շներին վնասազերծում են, երբ քաղաքացիներից, իրավապահներից կամ փրկարար ծառայությունից ահազանգ են ստանում: Նշենք, որ հիշյալ ընկերությունը շների վնասազերծմամբ զբաղվում է ավելի քան 30 տարի: Վնասազերծումն էլ կատարվում է միայն մեկ մեթոդով` գնդակահարելով:

 

«Գիտենք, որ օրենքով չի թույլատրվում, բայց ի՞նչ անենք, մարդիկ զանգ են տալիս, որ երեխան չի կարողանում դպրոց գնալ, հիմնականում դպրոցի կամ մանկապարտեզի տնօրեններն են զանգողները: Ախր ի՞նչ անենք, գյուղերից շները գալիս, լցվում են քաղաք»,- ասաց Ավետիսյանը:

 

Հավելենք, որ օրերս էլ Գյումրու ավագանին սահմանել է համայնքի վարչական տարածքում թափառող շների վնասազերծման և տեղափոխման հետ կապված «Հավերժ հիշատակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարների` 2015 թվականի դրույքաչափերը: Համաձայն դրա` մեկ շանը գնդակահարելու համար որսորդին վճարվում է 1400 դրամ: