Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի` Լևոն Ղազարյանի և նրա երկու ընկերների ուղղությամբ արձակված կրակահերթի արդյունքում վնասվել է այդ պահին ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում կայանված շուրջ 10 մեքենա: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ:
Այսօրվա դատական նիստում դատարանը հետազոտեց գործի ապացույցները: Մասնավորապես՝ գործով նշանակված դատաբժշկական, դատաձգաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատանյութատեխնիկական փորձաքննությունների արդյունքները:
Համաձայն հրապարակված տվյալների՝ դեպքի վայրում հայտնաբերված զենքերի վրա հայտնաբերված ԴՆԹ-ները հիմնականում չեն համընկել գործով տուժողների և ամբաստանյալների արյունից անջատված ԴՆԹ-ներին: Ըստ փորձագիտական եզրակացության՝ միայն զենքերից մեկի վրայից անջատված ԴՆԹ-ի հետքն է 99,9 տոկոսով համընկել գործով ամբաստանյալ Վահան Հակոբյանի (Գաստիկի) ԴՆԹ-ին: Նշենք, որ փորձաքննության է ենթարկվել նաև կալանավայրի ավտոկայանատեղիում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ, ըստ նախաքննության տվյալների, դարանակալել են զինված անձինք և սպասել Լևոն Ղազարյանի ժամանելուն:
Ըստ քննության տվյալների՝ գործով ամբաստանյալներ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանը և Սարգիս Հախանումյանը ձեռք են բերել անհայտ անձի կողմից Րաֆֆու փողոցում գտնվող շենքի բակից գաղտնի հափշտակված «ՎԱԶ-2107» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենան, որի վրա տեղադրվել է գողացված համարանիշ։ Ավտոմեքենան պարբերաբար տեղափոխվել եւ կայանվել է առանձնատան ավտոտնակում, որտեղ այն վերանորոգվել եւ մինչեւ հանցագործության օրը սարքին վիճակի է բերվել։ Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հիշյալ մեքենայի միջից հայտնաբերվել են իրեր, այդ թվում` սպորտային պայուսակ, որոնց վրայից հայտնաբերված ԴՆԹ հետքերը հնարավոր չի եղել նույնացնել գործով ամբաստանյալների արյունից անջատված ԴՆԹ-ներին:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, 2015 թվականի մարտի 4-ին` ժամը 13: 50-ի սահմաններում, «Գաստրիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը, նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով: