կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-10 17:40
Մշակույթ

«Շչելկունչիկ» միջազգային մրցույթում Դանիել Մելքոնյանն արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի

«Շչելկունչիկ» միջազգային մրցույթում Դանիել Մելքոնյանն արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի

Դեկտեմբերի 2-9-ը Մոսկվայում կայացել է Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը: Մրցույթին մասնակցել են 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտներ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թաիլանդից:

 

Այս տարվա հոբելյանական մրցույթին Հայաստանից մասնակցել են Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահար Պոլինա Շարաֆյանը (դասատու` պրոֆեսոր Ալ. Կոսեմյան) և շեփորահար Դանիել Մելքոնյանը (դասատու` դոցենտ Գ. Սարգսյան): 14-ամյա Դանիել Մելքոնյանը արժանացել է «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի, իսկ 12-ամյա Պոլինա Շարաֆյանը՝ դիպլոմի: Դանիելը հանդես է եկել Գեդիկեի, Ռախմանինովի, Բարայի, Գումմելի ստեղծագործություններով:

 

Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթն անցկացվել է 3 անվանակարգով՝ դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ:

 

Նշենք նաև, որ «Շչելկունչիկ» մրցույթին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են ակտիվ մասնակցություն՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր. 2006 թ. Էմմանուել Ճգնավորյան (ջութակ) «Արծաթե Շչելկունչիկ-2006», 2009 թ. Դիանա Խաչատրյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2011 թ. Եվգենիա Աբրահամյան (դաշնամուր)՝ դիպլոմ, 2012 թ. Դիանա Ադամյան (ջութակ)՝ «Արծաթե Շչելկունչիկ-2012»: