| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել է 50 մլն եվրոյի վարկային պայմանագիր՝ հայկական ՓՄՁ-երի տարբեր ծրագրեր ֆինանսավորելու համար:
Վարկային միջոցներն ուղղվելու են հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին: Վարկը տրամադրվելու է ՀՀ կենտրոնական բանկին, որը միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով վարկային միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-ներին:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, որը պատասխանատու է Հայաստանում Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման համար, նշել է. «Սա Եվրոպական ներդրումային բանկի կողմից Եվրոպական Միության արևելյան գործակցության տարածաշրջանում Կենտրոնական բանկին տրամադրված առաջին վարկն է: Մենք հպարտ ենք այս նորարար գործակցության համար, որը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը»:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ ՓՄՁ-ներին ուղղված այս վարկը կամրապնդի ԿԲ երկարատև գործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ և կբարձրացնի բանկի դերը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում:
Թեեւ ՓՄՁ-ները կազմում են երկրի ձեռնարկությունների մեծ մասը, դրանց դերը ՀՆԱ-ում, արտաքին առևտրում և օտարերկրյա ներդրումներում դեռևս ցածր է: Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանն ուղղված մատչելի նպատակային վարկերի տրամադրումը հայկական ՓՄՁ ոլորտի զարգացման նախապայմաններից մեկն է: Այս վարկը համապատասխանում է Եվրոպական ներդրումային բանկի՝ ԵՄ-ից դուրս վարկավորման չափանիշներին, որոնցից մեկը տեղական մասնավոր ոլորտի զարգացումն է, մասնավորապես` ՓՄՁ-ների աջակցությունը, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխությունների մեղմացումը: