Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ` «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով: Առաջինը ելույթ ունեցավ Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին:
Նա նշեց, որ խոսելու է ազատության, արդարության և իրավական պետության նկատմամբ հարգանքի մասին, խոսելու է խաղաղության մասին, բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին. այդ պատճառով հենց Ուրուգվայը դարձավ առաջին պետությունը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
«Ոչ միայն բարձրաձայնում ենք դրա մասին, այլև պայքարում, որ դրա մասին հիշողությունը միշտ վառ մնա, պայքարում ենք, որ երբևէ այլևս չկրկնվի այն, ինչը պատուհասեց հայ ժողովրդին»,- ասաց Դանիլո Աստորին:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշեց. «Հայոց ցեղասպանությունը պետք է ընդունվի, որ մենք մեզ անվտանգ զգանք»:
Եվրոպայի հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ Վադիմ Ռաբինովիչը նշեց, որ հրեաները իսկապես լավ գիտեն` ինչ է ցեղասպանությունը և ազգի ոչնչացումը: Նա կարևորեց այն աշխատանքները, որոնք Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում կատարել են Արա Աբրահամյանի հետ համատեղ: Նա նշեց, որ ամեն կերպ կփորձեն աջակցել Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերությունները մերձեցնելու, ատելությունը մի կողմ դնելու գործում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ ոչ միայն թուրք մտավորականները ծաղիկ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ երբ Թուրքիայի ղեկավարները կլինեն այնքան իմաստուն, որ կխոստովանեն, որ իրենց նախորդները ցեղասպանել են ժողովուրդների իրենց իսկ բնօրրանում` հայերին, հույներին ու ասորիներին: Շարմազանովը նշեց, որ մինչև մայիս-հունիս ամիսները նախապատրաստելու են հայտարարության տեքստ, որը ոչ միայն կդատապարտի հայերի ցեղասպանությունը, այլ նաև հույների ու ասորիների:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հայերը ուզում են ճշմարտությունը, որպեսզի որևէ տեղ չկրկնվի այս պատմությունը: «Մենք չենք լռելու: Եվ կոչ եմ անում Իսրայելի Կնեսետին, որ այս քննարկումները կազմակերպի նաև Կնեսետում և հասնի նրան, որ Իսրայելը նույնպես լրացնի այն պետությունների շարքը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, որովհետև դուք շատ լավ գիտեք, թե ինչ է նշանակում ցեղասպանություն: Մի օր ուշ, թե շուտ ճանաչելու է Թուրքիան, ճանաչելու է ստիպված, որովհետև ժողովրդավարության ալիքը հասել է Թուրքիա»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: