Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016թ. հոկտեմբերի 22-ին նախատեսված է շվեյցարացի անվանի երաժիշտ և երաժշտագետ Ջորդի Սավալի համերգը Ստամբուլի «Ջեմալ Ռեշիթ Ռեյ» համերգասրահում: Թուրքական իշխանամետ Yeni Şafak թերթի հոդվածագիր Յալչըն Չեթինքայան անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը աջակցություն ցուցաբերած Սավալի՝ Թուրքիայում համերգով հանդես գալու նպատակահարմարությանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Միջանկյալ հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 14-16-ին Իսպանիայի Պոբլետ քաղաքի (Կատալոնիա) վանական համալիրում տեղի էր ունեցել հնագույն երաժշտության փառատոն, որի տնօրենը Ջորդի Սավալն էր: Փառատոնը եզրափակվել էր Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հայ ոգի» խորագրով համերգով:
Բացի այդ` Ջորդի Սավալի անվան հիմնադրամի ղեկավար Մանուել Ֆորկանոն 2015թ. ապրիլի 21-ին Բարսելոնայում «Ցեղասպանության մշակութային հետևանքները, մասնավորապես` երաժշտության և գրականության տեսակետից» վերնագրով մի զեկույց էր ներկայացրել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության:
«Պետք էր սպասել, որ Ջորդի Սավալը, որպես Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցող արվեստագետ, կմերժի Թուրքիայից ստացված համերգի հրավերը: Բայց եթե, այնուամենայնիվ, որոշել է գալ Թուրքիա, ապա անհրաժեշտ է համերգից առաջ մամուլի ասուլիս հրավիրել, թուրք ժողովրդին իրավիճակը մեկնաբանել և ներողություն խնդրել», - գրում է Չեթինքայան:
Նա քննադատում է նաև այն թուրք արվեստագետներին, որոնք Սավալի հրավերով մասնակցել կամ մասնակցում են նրա համերգներին: Չեթինքայան կոչ է անում այդ երաժիշտներին՝ չմտածել միայն անձնական շահի ու հեղինակության մասին և, որպես հակազդեցություն Սավալի հայամետ ելույթների, հրաժարվել նրա հետ համագործակցությունից:
Չեթինքայան նույնիսկ առաջարկում է Մադրիդում Թուրքիայի դեսպանատան և (եթե գոյություն ունի) Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսարանի միջոցով անվանի երաժշտից պահանջել, որ ներողություն խնդրի թուրքերից, ինչպես նաև այլ երկրներում Թուրքիայի բոլոր ներկայացուցչություններին պատվիրել նմանատիպ մոտեցում ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեություն ծավալող արվեստագետների նկատմամբ:
Ըստ հոդվածագրի՝ Ստամբուլի «Ջեմալ Ռեշիթ Ռեյ» համերգասրահը պետք է վճռականություն ցուցաբերի, և եթե Սավալը ներողություն չխնդրի, նրա ստամբուլյան համերգը պիտի չեղյալ հայտարարվի:
Նշենք նաև, որ անցյալ շաբաթ Կատալոնիայի Պրադես գյուղի վանական համալիրում կազմակերպված համերգը Ջորդի Սավալը կրկին նվիրել էր թուրքերի կազմակերպած հայկական ջարդերի հիշատակին, իսկ հաջորդ օրը հեռուստատեսային մի ելույթի ժամանակ դարձյալ անդրադարձել Ցեղասպանության թեմային: