Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած պետական այցի արդյունքներն ամբողջությամբ արտացոլում են Ռուսաստանի ներկայիս ֆինանսատնտեսական և քաղաքական ճգնաժամային դրությունը և նախանշում դրա պատճառով մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում նրա դերի որոշակի, գուցե նաև էական դեֆորմացիաների հնարավորությունը: Այս այցը, ըստ էության, դարձավ Ռուսաստանի ձախողումների և հուսահատության խորհրդանիշը:
Անկարայում Պուտինին «հաջողվեց» պայմանավորվածությունների հասնել երեք հիմնական հարցերում, որոնք ստիպել էին Մոսկվային անտեսել Սիրիայի և Ղրիմի հարցերում երկու կողմերի ունեցած սուր տարաձայնությունները: Առաջինը Թուրքիայում ատոմակայան կառուցելու, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը առաջիկա տարիներին 33 մլրդից 100 մլրդ դոլարի հասցնելու շուրջ համաձայնությունների ձեռքբերումն էր: Եթե առաջինն էական է թուրքական էներգետիկ համակարգում ներկայություն ապահովելու իմաստով, ապա երկրորդն ուղղված է արևմտյան պատժամիջոցների սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելուն և զուտ քաղաքական իմաստով ավելի շատ բխում է Ռուսաստանի, քան Թուրքիայի շահերից:
Երկրորդ «արդյունքը» «Կապույտ հոսք» գազատարով Թուրքիային մատակարարվող գազի սակագինը 6 տոկոսով նվազեցնելու և գազատարի թողունակությունը 3 մլրդ խ/մ-ով ավելացնելու (16 մլրդ խ/մ-ի փոխարեն` 19 մլրդ խ/մ դարձնելու) հետ կապված համաձայնություններն էին, որոնք արդեն ուղղված էին ներքին պահանջարկը բավարարելու` թուրքական կողմի ակնկալիքներին:
Եվ, վերջապես, երրորդ արդյունքն այն էր, որ Պուտինը հայտարարեց Սև ծովի հատակով դեպի Բուլղարիա և այնտեղից դեպի Հարավային Եվրոպա ձգվելիք «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը կասեցնելու որոշման մասին, որի փոխարեն Ռուսաստանը Թուրքիայի տարածքով դեպի Հունաստանի սահման նոր գազատար կկառուցի: «Հարավային հոսք» նախագծից հրաժարումն այն դեպքում, երբ դրա վրա Ռուսաստանն արդեն իսկ ավելի քան 5 մլրդ դոլարի ներդրում էր կատարել, ցույց է տալիս, թե ինչ մասշտաբի զիջման է գնում Ռուսաստանը: Այդ նախագիծը տապալվել էր Բուլղարիայի և Սերբիայի նկատմամբ Եվրահանձնաժողովի կիրառած ուղղակի ճնշումների պատճառով, քանի որ այն ուղղված էր ռուսական գազը, Ուկրաինան շրջանցելով, եվրոպական շուկաներ հանելուն: Սակայն ռուսական կողմի համար այս պրոյեկտի մյուս առավելությունն այն էր, որ շրջանցում էր նաև Թուրքիան` Եվրոպայի վրա Ռուսաստանի «գազային մահակը» դարձնելով ուղղակի: Նման արտոնություններ տվող նախագիծը դեպի Թուրքիա նոր գազատար կառուցելու պլանով փոխարինելը, ցույց է տալիս, որ Ռուսաստանն ընդունում է իր պարտությունը եվրոպական էներգետիկ շուկայի գրավմանն ուղղված ճակատամարտում և, որպես նահանջի ճանապարհ, ընտրել է Թուրքիայի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական դերակատարությունը մեծացնելը:
Մոսկվան որևէ երաշխիք չունի, թե «Հարավային հոսք»-ին փոխարինող նոր նախագիծը կենսագործվելու է, որովհետև նույն հաջողությամբ ԵՄ-ն կարող է նաև Հունաստանին արգելել դրան մաս կազմել: Իսկ առանց Հունաստանի ներգրավման այս գաղափարը գրոշի արժեք չունի: Երկրորդ` Թուրքիային դրանում հատկացնելով առանցքային դերակատարություն` Ռուսաստանը նպաստում է նրա` որպես Եվրոպայի համար էներգետիկ հզորագույն հանգույցի գործառույթ ստանձնելուն` փաստացի կենսագործելով տարածաշրջանային լիդեր դառնալու` Անկարայի երազանքները: Ներկայումս Թուրքիան ջանք չի խնայում ժամ առաջ ավարտին հասցնել, այսպես կոչված, Տրանսանատոլական (TANAP) գազատարի շինարարությունը: TANAP-ն ունենալու է մոտավորապես 30 մլրդ խ/մ թողունակություն և վայելում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կատարյալ աջակցությունը, քանի որ ուղղված է Ռուսաստանին գազաէներգետիկ շրջափակման ենթարկելուն և Եվրոպան «Գազպրոմի» դիկտատից ազատագրելուն: Մոտ 11մլրդ դոլար արժողության այս նախագիծն արժևորվում է նրանով, որ նախատեսում է նաև տրանսկասպյան գազամուղի կառուցում` թուրքմենական և ղազախական գազը ԵՄ-ին ևս հասանելի դարձնելու նպատակով` հաշվի առնելով, որ Ադրբեջանի գազի արդյունահանման պոտենցիալը միայն կիսով չափ է ունակ լցնելու տրանսանատոլական գազատարը:
Անկարային, անկասկած, հետաքրքրում է ոչ այնքան դա, որքան նաև այս պրոյեկտում տարանցիկ երկրի բացառիկ կարգավիճակ ձեռք բերելը: Սա, իհարկե, բացարձակապես չի բխում Մոսկվայի շահերից, որն ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր, թե ԵՄ-ն TANAP-ը փորձում է կենսագործել միջինասիական երկրների` Թուրքմենստանի և Ղազախստանի նկատմամբ պարտադրանք կիրառելով, և որը մինչև վերջերս ամեն ինչ անում էր այդ նախաձեռնությունը NABUCCO-ի ճակատագրին արժանացնելու համար: Եթե մինչև 2012թ., համաձայնելով թուրքմենական կողմի բոլոր, նույնիսկ իր համար անշահավետ պայմաններին, Ռուսաստանը կարողանում էր թուրքմենական և ղազախական գազի` արտահանման ենթակա գրեթե ողջ ծավալը գնելու միջոցով տապալել իրեն շրջափակման ենթարկելու` ԵՄ-ի այս պլանները, ապա ներկայիս պայմաններում դա այլևս հնարավոր չի լինելու: Աշխաբադն արդեն բացահայտ խոսում է տրանսկասպյան գազատարի շինարարության հարցում Արևմուտքի հետ համագործակցելու մտադրության մասին:
Միակ տարբերակը, որն առաջիկայում թերևս կփորձի խաղարկել Ռուսաստանը, միջինասիական երկրների փոխարեն որևէ խողովակաշարով TANAP-ին միանալու և Ադրբեջանի հետ գազամուղի հիմնական մատակարարը դառնալու հեռանկարն է` գոնե խաղից վերջնականապես դուրս չմղվելու համար: Սա, սակայն, մի կողմից կախված է լինելու Արևմուտքի տրամադրվածությունից, իսկ մյուս կողմից թե' Թուրքիայի և թե' Ադրբեջանի համար Ռուսաստանի հետ քաղաքական սակարկությունների մեջ մտնելու, պահանջներ ներկայացնելու լիարժեք դաշտ է ստեղծելու: Թուրքիան արդեն իսկ զգում է իր ստացած դիրքային առավելությունը, ինչով և պայմանավորվում է վարչապետ Դավութօղլուի արած այն հայտարարությունը, թե Թուրքիան բոլոր իրավունքներն ունի Ռուսաստանից ակնկալելու իրեն մատակարարվող գազի սակագնի էլ ավելի իջեցում: Այսինքն` ստեղծվել է մի վիճակ, երբ, չկարողանալով այլևս վերահսկել իրադրությունը, Ռուսաստանը ձգտում է կառչել իր իր համար չարյաց փոքրագույնի տարբերակներից:
Այդպիսի տարբերակ է դարձել, ըստ էության, Թուրքիայի տարածաշրջանային գործոնն ուժեղացնելը` Արևմուտքի հետ հարաբերություններում նրան ավելի սկզբունքային դարձնելու մղումով: Մոսկվան երբեք չի թաքցրել հետաքրքրությունը Թուրքիային Եվրասիական տնտեսական միություն ներքաշելու հարցում, թեև հիմա դրան հասնելու լուրջ ռեսուրսներ չունի: Բոլոր դեպքերում սա նշանակում է, որ Ռուսաստանը, ուղղակի, թե անուղղակի, որդեգրել է թուրք-ադրբեջանական տանդեմի վրա հենվելու նոր քաղաքականություն: Սա վտանգավոր է այն իմաստով, որ եթե ՌԴ-ն իսկապես փորձի, որպես փրկօղակ, օգտագործել TANAP-ին միանալու տարբերակը, ապա կարող է այդ տանդեմի հետ բանակցություններում կամ, ավելի ճիշտ, առևտրի նժարին դնել Հայաստանի հետաքրքրությունները, ինչպես եղել է պատմության ողջ ընթացքում: Բայց անկախ դրանից` Ռուսաստանն արդեն իսկ սկսել է Թուրքիայից անկախ, տարածաշրջանային խաղացող կերտելու գործընթացը, և Պուտինն իր այցով ուղղակի ամրագրեց Անկարայի տակտիկական հաղթանակը:
Գևորգ Դարբինյան