կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-17 17:41
Քաղաքական

Եթե կորոշեք, որ այդ միասնությանը միկրոֆոններն են խանգարում, կհանեք դրանք. Գալուստ Սահակյան

Եթե կորոշեք, որ այդ միասնությանը  միկրոֆոններն են խանգարում,  կհանեք դրանք. Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է աահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը: Նախատեսվում է սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Օրենքը նպատակ ունի բարելավել սահմանամերձ համայնքների բնակչության կյանքի որակը:

 

Խորհրդարանի բոլոր խմբակցությունները ողջունելի են համարել այս օրենքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր ելույթում նշեց, որ սա այն յուրահատուկ դեպքերից է, երբ ամբողջ խորհրդարանը համաձայն է կառավարության ներկայացրած օրենքի հետ: Գալուստ Սահակյանի խոսքով` դա դեռ սկիզբն է, և իշխանությունները մտադիր են շարունակել այդ գիծը: Նա կարևորեց, որ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները ակտիվ մասնակցել են այդ օրենքի քննարկումներին:

 

«Բոլորն էլ ուզում են, որ ավելին լինի, քան կա: Բանավիճում ենք մեկս մյուսիս հետ, բայց ունենք այսքան հնարավորություն: Ես ուզում եմ, որ այս ձևաչափը շարունակվի: Այ, տեսեք` երկրի նախագահն ասում է, որ պետք է 12 պահանջը վերանայել, անմիջապես կողքից սկսում են պահանջներ ու նախապայմաններ դնել: Բնականաբար, քաղաքական դաշտը սիրում է փիար, բայց փիարով պետություն չես կառուցի: Ոմանք կոռուպցիայի մասին էնպես են նշում, որ ակամա մտածում ես, որ նրանք դրա փորձն ունեն: Ես ուզում եմ, որ շարունակենք ավելի բարեկիրթ ձևով, մեկս մյուսիս հասկանալով: Ես ուրախանում եմ, որ խորհրդարանի նիստերից հետո պատգամավորները զրուցում են, վերլուծում են, իրար հարազատ են դառնում, ուրիշների մոտ մեկը մյուսի թասիբն են պահում: Եթե կորոշեք, որ այդ միասնությանը միկրոֆոններն են խանգարում, կհանեք միկրոֆոնները, միայն թե միասին աշխատեք: Սա կլինի այն միասնությունը, որը մեզանից ակնկալում է ընդդիմությունը»,- ասաց ԱԺ նախագահը: