կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-28 13:21
Քաղաքական

Խաղաղության համաձայնագրի կնքման համար պետք է լինեն մի շարք նախապայմաններ. Դավիթ Բաբայան

Խաղաղության համաձայնագրի կնքման համար պետք է լինեն մի շարք նախապայմաններ. Դավիթ Բաբայան

Երեկ Փարիզի Մարինյի պալատում կայացել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` քաղաքական կամք դրսևորել, մի կողմ թողնել տարաձայնությունները և երկու երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ նմանատիպ կոչեր պարբերաբար նաև մենք ենք անում` նշելով, որ խաղաղության պայմանագիրը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորման վերջնափուլը, գագաթնակետը: Ըստ նրա` խաղաղության համաձայնագրի կնքման համար պետք է լինեն մի շարք նախապայմաններ:

 

«Առաջին հերթին պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը. խաղաղության պայմանագիրը պետք է լինի հիմնական կողմերի` Արցախի և Ադրբեջանի միջև: Հայաստանն այստեղ ներգրավված կողմ է, քանի որ Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ արցախահայությանը նոր ցեղասպանության շեմին էր կանգնեցրել: Երկրորդ` խաղաղության պայմանագիրը հնարավոր է, եթե կողմերը ուզում են դեպի խաղաղություն գնալ, իսկ Ադրբեջանի կողմից մենք չենք տեսնում այդպիսի ձգտում, ընդհակառակը` նրանք զարգացնում են ֆաշիզմը, հերոսացնում մարդասպանի, որը քնած մարդու է կացնահարում»,- ասաց Բաբայանը:

 

Նրա կարծիքով` ֆաշիստական պետությունը խաղաղ չի լինում, փորձը ցույց է տալիս, որ նրանք, սովորաբար, ագրեսիվ են լինում: Այսպիսի պայմաններում Բաբայանը շատ բարձր է գնահատում Ֆրանսուա Օլանդի կոչը և նշում, որ մենք նույնպես միանում ենք այդ կոչին: