Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի կատարման ընթացքի վերաբերյալ:
Պատգամավորը նշեց, որ, ըստ օրենքի համապատասխան կետի, Պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակների այդպիսի գրանցում և հաշվառումը կարող են իրականացնել նաև նոտարները, փաստաբանները, փաստաբանական սենյակները և այլ անձինք: Եվ կառավարության որոշման համաձայն` նախատեսված է ընթացակարգ:
«Որոշ մտահոգություններ կան. թեև գրավոր դիմումներ կան, սակայն չեն մերժվել, բայց և չեն թույլատրել այդպիսի գրանցում իրականացնել: Հիշեցնեմ, որ այս դրույթի իրացումը ոչ միայն կհեշտացներ իրավաբանական անձանց գրանցումները, այլ, որ շատ կարևոր է, փաստաբանական գրասենյակներին հնարավորություն կտար այս ծառայությունները մատուցել: Ինչո՞վ է պայմանավորված օրենքի այս դրույթի չիրացումը»,- հարցրեց պատգամավորը:
Հարցին պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց, որ ավելի ցանկալի կլիներ լսել կոնկրետ օրինակներ, քանի որ օրենքի խախտումներ նախարարությունը չի արձանագրել, ուստի խնդրեց, որ պատգամավորը օրինակներ ներկայացնի իրեն, եթե նման դեպքեր են գրանցվել:
Արծվիկ Մինասյանը, արձագանքելով, նշեց երեք դեպք` երեք փաստաբանական սենյակներ ոչ միայն դիմել են գրավոր, այլև նրանց դիմումներին որևէ արձագանք չի եղել օրենքով նախատեսված երկշաբաթյա ժամկետում:
«Ձեր ասածը կստուգեմ, միգուցե իրականությունը լրիվ այլ է: Կամ ինչո՞ւ են դիմել Ձեզ, այլ չեն վիճարկել այդ վարչական գործողությունը դատական կարգով: Կուսումնասիրեմ հարցը և կպատասխանեմ Ձեզ, վաղը ես Ձեզ տեղեկություն կհաղորդեմ»,- ասաց Հովհաննես Մանուկյանը: