կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-22 04:50
Հասարակություն

Խոստացավ եւ արեց /Տեսանյութ/

Խոստացավ եւ արեց /Տեսանյութ/

«Կառավարությունը հերթական անգամ մեր քաղաքացիների վրա ավելորդ ֆինանսական բեռ է դնում: «Ժառանգությունը» ընդունում է մեքենաների ապահովագրության պարտադիր մեխանիզմը, բայց ցանկացած օրինագիծ ունի իր ժամանակը, որի դեպքում չի կարող վնաս պատճառել քաղաքացիներին:

 

Այս պարագայում մենք խախտել ենք այդ սկզբունքը եւ այս ճգնաժամային իրավիճակում, երբ կառավարությունն անընդհատ բողոքում է ֆինանսների բացակայությունից, կառավարության հարգարժան անդամները երեւի մոռանում են, որ նմանատիպ իրավիճակում է նաեւ քաղաքացիները»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

 

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Արմավիրում անցկացրեց ավտոերթեր ընդդեմ ԱՊՊԱ օրենքով ամրագրված պարտադիր ավտոապահովագրման պայմանների եւ ժամկետների:

 

Երեւանում Նոր Նորք, Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներից երեք ավտոշարասյուններ` երթով անցնելով քաղաքի տարբեր համայնքներով, հանդիպեցին Բրազիլիայի հրապարակում, որտեղից էլ ուղեւորվեցին դեպի Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի մոտ:

 

Ավտոերթի մասնակիցներին իրենց մեքենաների ազդանշաններով ձայնակցում էին բազում վարորդ-քաղաքացիները, իսկ անցորդները ողջունում էին գլխարկները օդում թափահարելով:

 

Ավտոերթի նպատակն էր Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանություններից պահանջել վերանայել ԱՊՊԱ օրենքը, հետաձգել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը, վերանայել ապահովագրման պայմանները` հաշվի առնելով բնակչության մեծ մասի սոցիալական ծանր վիճակը եւ պետության համար կարեւոր այլ գործոններ:

 

«Ժառանգություն»-ը պահանջում էր, որ կառավարությունը եւ ԱԺ-ն հետ վերցնի օրենքը, առնվազն 1 տարի ժամկետով այն սառեցվի, օրենքում իրականացվեն այնպիսի փոփոխություններ, որի դեպքում կպաշտպանվեն քաղաքացիների շահերը, եւ ապահովագրությունն ընթանա ազատ եւ արդար մրցակցության պայմաններում:

 

«Ժառանգություն»-ը կառավարությանը ներկայացրեց քազաքացիական պահանջագիր. պատասխանը կստանա դեկտեմբերի 23-ին: