կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-16 13:55
Քաղաքական

«Ժառանգությունը» կմասնակցի սահմանադրական փոփոխություններին, եթե իշխանությունները իրականացնեն մի քանի պայման

«Ժառանգությունը» կմասնակցի սահմանադրական փոփոխություններին, եթե իշխանությունները իրականացնեն մի քանի պայման

Այսօր «Ժառանգության» հրավիրած` «Սահմանադրական փոփոխություններ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ընթացքում ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` ներկայացնելով դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

 

Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից կազմակերպված քննարկումների ընթացքը ցույց տվեց, որ սահմանադրական փոփոխություններն իշխող ուժի համար դարձել են թիվ մեկ օրակարգ, և գործող իշխանության հիմնական փաստարկը հետևյալն է` ներկա Սահմանադրությունը խոչընդոտում է երկրի բնականոն զարգացմանը, և օր առաջ պետք է փոխել այն:

 

«Քաղաքական ուժերի զգալի մեծամասնությունը, մասնավորապես` խորհրդարանական վեց ուժերից չորսը, նաև արտախորհրդարանական ուժեր, որոնք դեմ չէին սահմանադրական փոփոխություններին, գտնում են, որ այս պահին այդ փոփոխությունների ժամանակը չէ: Ձևավորվեցին երկու հակադիր բևեռներ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Նա նշեց, որ «Ժառանգությունը» կողմ է սահմանադրական փոփոխություններին, առավել ևս` պետական կառավարման համակարգի փոփոխությանը:

 

«Չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ կարող է դեմ լինել սահմանադրական փոփոխություններին, որովհետև պետությունը կենդանի օրգանիզմ է նաև, և պետք է ժամանակի մեջ փոխվեն սահմանադրական շեշտադրումները: Բայց հարց է առաջանում` արդյոք՞ ներկա վիճակը պայմանավորված է Սահմանադրությամբ, մեր գնահատմամբ` ոչ»,- ասաց պատգամավորը:

 

Ռուբեն Հակոբյանի խոսքով` իշխանությունները հայտարարում են, թե ընդդիմությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին` առանց փաստարկներ հնչեցնելու, և պատգամավորը, օգտվելով պատեհ առիթից, ներկայացրեց հիմնական փաստարկները: Նախ, ըստ Ռուբեն Հակոբյանի, հենց իշխանության կողմից է ոտնահարվում Սահմանադրության առաջին հոդվածը` որ Հայաստանում ժողովրդավարությունը ձևավորվում է ժողովրդի կողմից:

 

Ըստ պատգամավորի` նախորդ ոչ լեգիտիմ նախագահական ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ժողովուրդը չէ, որ ձևավորում է իշխանություն: Ռուբեն Հակոբյանը մեջբերեց ևս մեկ հոդված` Սահմանադրության 65 հոդվածը, որը նույնպես ոտնահարվում է իշխանությունների կողմից, որ պատգամավորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոններ, զբաղվել այլ աշխատանքով, բացի գիտա-մանկավարժական գործունեությունից, իսկ ԱԺ-ում շատ են այն գործարար պատգամավորները, ովքեր ոչ միայն չեն կատարում Սահմանադրության այդ հոդվածը, այլ նաև պատշաճ չեն զբաղվում օրենդիր գործունեությամբ:

 

Խախտվում է նաև ըստ Սահմանադրության իշխանության թևերի միջև հակակշիռներ ապահովող եռամիսնությունը, որովհետև ըստ Ռուբեն Հակոբյանի, բոլոր ոլորտները վերահսկվում են իշխանությունների կողմից, ավելին` վերահսկվում են մեկ անձնավորության` երկրի նախագահի կողմից:

 

«Հարց է առաջանում, ի՞նչ մեղավորություն ունի այստեղ սահմանադրությունը, երբ չորս ուժեր խոսելով ընտրական համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, այդպես էլ իշխանությունը ականջալուր չեղավ,այլ խոչընդոտեց այն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Նա նշեց այն պայմանների մասին, որոնց ապահովման դեպքում միայն «Ժառանգություն»-ը պատրաստ է մասնակցել սահմանադրական փոփոխությունների ընթացքին. «Եթե քաղաքական մեծամասնությունը քննարկի ու ընդունի հետևյալ առաջարկույթւոնները` ընտրական օրենսգրքի փոփոխություն, ԱԺ-ի կողմից «Խորհրդարանական Ընդդիմության մասին» օրենքի ընդունում , սահմանադրական հանրաքվեից հետո բարեփոխված սահմանադրությամբ անցկացնել համապետական ընտրություններ»: