Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սկիզբն՝ այստեղ:
Հայաստանը երկար ժամանակ բանակցեց և հասավ այն բանին, որ մոտավորապես 900 ապրանքի մասով կարողացավ արտոնություններ կորզել Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից: Դրանք արտոնություններ են միայն Հայաստանի համար, այլ ոչ թե հայաստանցու, որը կփորձի, օրենքը շրջանցելով, գումար վաստակել:
Այն ապրանքները, որոնց համար Հայաստանը հարկման դրույքաչափի հետ խնդիր չի ունենալու, պետք է իրացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում: Օրինակ` եթե երրորդ երկրից ներկրված ապրանքը մեզ մոտ հարկվում է արտոնյալ պայմաններով, բայց, միևնույն ժամանակ, տվյալ ապրանքի գինը ԵՏՄ անդամ երկրներում մի քանի անգամ բարձր է, չի կարող վաճառվել նույն այդ երկրներում: Այսինքն` բոլոր նրանք, ովքեր իրենց հաշվարկները կատարել են, այս հանգամանքը հաշվի չառնելով, պետք է խորամանկելու այլ միջոցներ փնտրեն:
Երազանքի մեքենա
Հիշում եք, չէ՞, հայկական հայտնի ասացվածքներից մեկը, որ առուն չթռած` հոպ մի ասա: Իսկական պահն է` այն օգտագործելու համար: Շատ վարորդներ կամ ուղղակի փողի մոլուցքով տարվածներ արդեն պլաններ էին մշակում, որի սցենարը մոտավորապես այսպիսին էր. «Գնամ, Վրաստանից էժան մեքենա գնեմ, հետո` երբ կմտնենք Մաքսային միություն, թանկով կծախեմ»: Այստեղ ճշմարտության մի փոքր հատիկ կար, քանի որ ԵՏՄ անդամ երկրներում մեքենաների մաքսազերծումը աստղաբաշխական թվերի էր հասնում, բայց ռուսները մեզնից խելացի գտնվեցին` մի վայրկյանում չեզոքացնելով ամիսներով փափագած երազանքը:
Իրականում Վրաստանից ներկրվող մեքենաները մինչև 2020 թվականը մաքսազերծվելու են տեղական գներով, դրանից հետո նոր կիրառվելու են ԵՏՄ-ի հարկային դրույքաչափերը: Առաջին հայացքից թվում է, թե ի՞նչ խնդիր կա` 5 տարվա ընթացքում կհասցնեմ մոտավորապես 10 մեքենա գնել և թանկ վերավաճառել Ռուսաստանում, Ղազախստանում կամ Բելառուսում: Ահա հենց այս դեպքերի համար է, որ ԵՏՄ համաձայնագրի անցումային դրույթներում հստակ նշված է. «Ավտոմեքենաները, որոնք գրանցված են ՀՀ-ում, կարող են ժամանակավորապես տեղափոխվել ԵՏՄ անդամ երկրների սահման բացառապես Հայաստանում մշտական բնակություն ունեցող անձանց կողմից: Եթե մեքենան վարում է այլ անձ, կամ այն ԵՏՄ տարածքում օտարվում է, հանձնվում որևէ մեկին` որպես սեփականություն, պետք է մաքսազերծվի ԵՏՄ հարկման դրույքաչափերով»: Անցումային դրույթներում հստակ շեշտվում է նաև «Հայաստանում մշտական բնակվող Հայաստանի քաղաքացիներ» հայտնի պատճառով` Ռուսաստանում, Բելառուսում կամ Ղազախստանում բնակվող հայերը, որոնք ունեն նաև Հայաստանի քաղաքացիություն, չեն կարող վերը նշված քայլը կատարել:
Միջազգային պայմանագրերի անվան տակ
Հետաքրքիր երկու ծրագիր, որոնց մասին նույնպես հիշատակվում է ԵՏՄ անցումային դրույթներում: Առաջին՝ հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի համար ներկրվող ցանկացած ապրանք, մինչև կենտրոնի գործունեության ավարտը, օժտված է լինելու արտոնյալ պայմաններով և հարկվելու է այնպես, ինչպես միշտ: Իսկ երկրորդ ծրագիրը Դիլիջանի միջազգային դպրոցն է: Մինչև 2018 թվականը այս դպրոցի համար ներկրվող ցանկացած ապրանք նույնպես արտոնյալ հարկային պայմաններով կարող է ներկրվել:
Գուցե մտածեք, որ այստեղ որևէ տարօրինակ բան չկա, բայց, չմոռանալով, որ սա Հայաստանն է, նաև` թե ինչ ճակատագիր ու ընթացք են ստանում մեզ մոտ դրսի փողերով իրականացվող ծրագրերը, բացառել ոչինչ պետք չէ: Հիմնական մտահոգող հանգամանքն այն է, որ այդ ծրագրերի համար ներկրվող ապրանքները չդառնան այդ ծրագրերի անվան տակ ներկրվողներ: Այս ծրագրերից յուրաքանչյուրն, իր հերթին, մի քանի անգամ հետաձգվել է ֆինանսական խնդիրների պատճառով:
Փողերը փոշիացվում են, բայց ծրագրերն այդպես էլ չեն իրականանում: Այս արտոնությունները հիանալի առիթ կարող են դառնալ արտերկրից մեծաքանակ տեխնիկա և կահույք ներկրելու համար, ասենք` Դիլիջանի դպրոցի անվան տակ, բայց իրականում այլ նպատակով: Հետևաբար` ԵՏՄ համաձայնագիրն իր տեսակով փաստաթուղթ է անսահման հնարավորությունների համար: Փաստաթուղթ, որի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է և' փող վաստակել, և' պատժվել` այդ փողն այլ ճանապարհով գրպանը դնելու համար: Բայց պատժից խուսափելու համար այլ ճանապարհներ միշտ էլ գտնվում են: Իսահակյանն ասում է. «Միամիտ չեմ` հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի»:
Գևորգ Խաչատրյան