|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն կես տարի է, ինչ փաստաբան Կրոմվել Գրիգորյանը ջանքեր է գործադրում, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն իր գործընկերները` փաստաբաններ Հայկ Պետրոսյանը, Վահագն Բաբայանը, ինչպես նաև քննիչ Արման Կարապետյանը: Վերջիններիս վերաբերյալ Գրիգորյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի կարճվելուց հետո (հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել էր քրեական հետապնդումը), նա դիմել էր վերադաս դատախազին` բողոքարկելով այդ որոշումը, սակայն մերժվել էր:
Եվ ահա, պարզվում է, փաստաբանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բողոքարկելու համար դատախազության որոշումը և պարտավորեցնելու` վերացնել ՀՔԾ-ի` կարճման որոշումը: Ներկայումս գործը գտնվում է դատավոր Լևոն Ավետիսյանի վարույթում:
Վահագն Բաբայանի հետ Կրոմվել Գրիգորյանը շուրջ 10 տարի աշխատել և համագործակցել է փաստաբանական ծառայություններ մատուցելու ոլորտում: Ավելին` նախորդ տարի Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում Վ.Բաբայանը եղել է պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանի վստահված անձը և սատարել նրան:
Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Կ.Գրիգորյանի հաղորդման հիման վրա դեռևս 2014-ի ապրիլի 16-ին հարուցվել էր քրեական գործ, այնուհետև քննիչ Արման Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ փաստաբաններ Հայկ Պետրոսյանին և Վահագն Բաբայանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու մեջ:
Բանն այն է, որ փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, նախաքննության փուլից ներկայացնելով ապօրինի կերպով թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու մեջ մեղադրվող Գևորգ Ապրեսյանի շահերը, գործի` դատարանում գտնվելու ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղեկանք է ստացել այն մասին, որ քննիչ Ա.Կարապետյանը ընդհանրապես մուտք չի գործել «Նուբարաշեն» ՔԿՀ` կալանավոր Գ.Ապրեսյանի մոտ: Դա հիմք է հանդիսացել, որպեսզի փաստաբանը հանցագործության մասին հադորդում ներկայացնի Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել քննիչ Ա. Կարապետյանին:
Գրիգորյանը ՀՔԾ հաղորդմանը կից, որպես ապացույց, ներկայացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տրված տեղեկանքը և «մեղադրյալի իրավունքները բացատրելու մասին» արձանագրություն` կազմված և ստորագրված քննիչ Ա.Կարապետյանի, պաշտպան Հ.Պետրոսյանի, պաշտպան Վ.Բաբայանի և մեղադրյալ Գ.Ապրեսյանի կողմից:
Այսպես` ըստ գործի նյութերի` Արման Կարապետյանը 2013թ. սեպտեմբեր֊-հոկտեմբեր ամիսներին իր վարույթում քննվող գործի նախաքննության ընթացքում կազմել և շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ֊-ում կալանքի տակ պահվող Գևորգ Ապրեսյանի դատական իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր, որոնցում արձանագրել է իրականում իր չկատարած դատավարական գործողությունների կատարման հանգամանքներ:
Մասնավորապես` քննիչը, փաստացի մուտք չգործելով «Նուբարաշեն» ՔԿՀ, մեղադրյալ Գևորգ Ապրեսյանի պաշտպան Վահագն Բաբայանի օժանդակությամբ, կազմել է իբր 2013թ. հոկտեմբերի 28-ին մեղադրյալի իրավունքները բացատրելու մասին կեղծ արձանագրություն, ըստ որի` Գևորգ Ապրեսյանը իբր հրաժարվել է պաշտպան Հայկ Պետրոսյանի ծառայությունից և ցանկություն հայտնել, որ իր շահերը պաշտպանեն փաստաբաններ Կրոմվել Գրիգորյանն ու Վահագն Բաբայանը: Մեղադրյալի ստորագրած հիշյալ արձանագրությունը ստորագրել է նաև Վահագն Բաբայանը, իսկ հետագայում այն հանձնել է քննիչ Արման Կարապետյանին, ով արձանագրությունը թվագրել է 2013թ. հոկտեմբերի 28-ով, ստորագրել և այդպիսով կազմել ու հանձնել, քրեական գործի նյութերին կցելու միջոցով շրջանառության մեջ դրել կեղծ պաշտոնական փաստաթուղթ:
Առաջադրված մեղադրանքում Արման Կարապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ իր մոտ եկել է փաստաբան Վահագն Բաբայանը, ներկայացրել համապատասխան դիմում և արտոնագրեր մեղադրյալի շահերը պաշտպանելու վերաբերյալ: Նրա հետ պայմանավորվել են միասին «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք գործել և մեղադրյալի իրավունքները բացատրել, քանի որ զբաղված է եղել այլ գործերով, իսկ Բաբայանը պնդել է այդ օրը «Նուբարաշեն» ՔԿՀ գնալու հանգամանքը: Կարապետյանը առաջարկել է, որ ավելի շուտ գնա ՔԿՀ, հարցաքննության սենյակ կանչի Ապրեսյանին, մինչև ինքը կկարողանա գալ: Սակայն այնպես է ստացվել, որ չի հասցրել աշխատանքային օրվա վերջին գործերը ժամանակին ավարտել ու ՔԿՀ գնալ: ՔԿՀ-ից դուրս գալուց հետո հեռախոսազրույց է ունեցել Բաբայանի հետ և ներողություն խնդրել նրանից, որ չի կարողացել, խոստման համաձայն, ՔԿՀ գալ:
Ըստ Կարապետյանի` այնուհետև Վահագն Բաբայանը եկել է իր աշխատավայր և իրեն հանձնել Գ.Ապրեսյանի կողմից գրված և ստորագրված դիմումն այն մասին, որ իր շահերը ներկայացնեն պաշտպան Կ.Գրիգորյանը և Վ.Բաբայանը, ինչպես նաև «մեղադրյալի իրավունքները բացատրելու մասին» արձանագրության ձևաթուղթը: Քննիչը հայտնել է, որ Բաբայանի գնալուց հետո երկու փաստաթղթերն էլ կցել է քրեական գործին: Կարապետյանը խոստովանել է, որ թեև ինքը նշված արձանագրությունը կազմելիս «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք չի գործել, դա լրացրել ու ստորագրել է իր աշխատասենյակում, սակայն, ըստ նրա, դրանում արտացոլվել է իրականությունը՝ փաստեր, որոնք իրականում տեղի են ունեցել:
Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ընթացքում ձեռք չի բերել ապացույցների բավարար համակցություն` մեղադրական եզրակացություն կազմելու համար, որի պատճառով քրեական գործով վարույթը կարճվել է: Միաժամանակ, ՀՔԾ քննիչ Ավետիսյանի հաղորդման հիման վրա փաստաբաններ Հայկ Պետրոսյանի և Վահագն Բաբայանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Նշենք նաև, որ դեռևս գործի` ՀՔԾ-ում քննվելու ընթացքում Գևորգ Ապրեսյանը հրաժարվել է պաշտպաններ Կրոմվել Գրիգորյանի և Վահագն Բաբայանի ծառայություններից, ավելին` նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, կրել իր նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ու ներկայումս գտնվում է ազատության մեջ:
Այս փաստի առնչությամբ yerkir.am- ը փաստաբանների և քննիչի դեմ բողոք ներկայացրած Կրոմվել Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ն են միտված իր բողոքները, երբ ինքն այլևս Գ. Ապրեսյանի շահերը չի ներկայացնում, իսկ վերջինս էլ տևական ժամանակ է ազատության մեջ է:
«Քննիչը, ով հանցանք է կատարել, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասաց նա և պնդեց, որ ինքը միայն քննիչի դեմ է բողոք ներկայացրել:
Դիտարկմանը, թե գործով, որպես օժանդակողներ, անցնում է նաև երկու փաստաբան, Գրիգորյանն արձագանքեց. «Այո, թող խրատ լինի, որ մյուս անգամ քննիչի փոխարեն արձանագրություն չվերցնեն, գնան մեկուսարանում քննիչի գործողություններն անեն: Քննիչը մեկուսարան չի մտնում, իրենք են մտնում, արձանագրություն կազմում»:
Փաստաբանի խոսքով` ՀՔԾ-ի` կարճման որոշումն անհիմն էր: «ՀՔԾ-ն մերժել է` պատճառաբանելով, որ քննիչի արարքը Գևորգի շահերին վնաս չի տվել, բայց եթե քննիչի փոխարեն պաշտպաններն են մտել մեկուսարան, ո՞նց վնաս չի տվել: Փաստաբանն իրավասու չէ քննիչի գործոսությունները կատարել»,- ասաց նա և հույս հայտնեց, որ դատարանում արդյունքի կհասնի:
Հարցին` արդյո՞ք այս գործն է եղել պատճառը, որպեսզի ինքն այլևս չհամագործակցի փաստաբան Վահագն Բաբայանի հետ, Կ. Գրիգորյանը պատասխանեց. «Ես իր հետ երբեք չեմ համագործակցել, նա եղել է իմ գրասենյակի աշխատողը, հիմա էլ` ոչ»:
Փաստաբան Վահագն Բաբայանն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը, այս տարվա մայիսից սկսած, այլևս չի աշխատում Կրոմվել Գրիգորյանի գրասենյակում: Անդրադառնալով գործի նյութերին կեղծ փաստաթղթեր կցելուն` փաստաբանն ասաց, որ շատ է զարմացել, երբ իմացել է, որ քննիչը, բացի մեղադրյալի դիմումից, լրացրել և քրեական գործին է կցել արդեն ոչ պիտանի` մեղադրյալի իրավունքները բացատրելու արձանագրությունը:
Հարցին` արդյո՞ք Գրիգորյանը տեղյակ է եղել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում փաստաբանի ներգրավման գործընթացին քննիչը չի մասնակցել, Բաբայանը պատասխանեց. «Այո’, տեղյակ է եղել, իմացել է նաև, որ մեղադրյալը դիմում է գրել իր շահերը մեր կողմից ներկայացնելու համար, բայց մեղադրյալի իրավունքները բացատրելու արձանագրության մասին Գրիգորյանը տեղեկացել է, երբ պաշտպանության կողմին քննիչ Թադևոսյանը տրամադրել է քրեական գործի նյութերը (Ա.Կարապետյանից առաջ` նախաքննության փուլում, քննիչը եղել է Կ.Թադևոսյանը):
Դիտարկմանը` փաստորեն, ստացվում է, որ նա ՀՔԾ հաղորդում տալուց առաջ գիտակցել է, որ եթե ինքը հաղորդումով ներկայացնի փաստաթուղթ, որ քննիչը «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք չի գործել և կազմել է փաստաթուղթ, որը նաև Դուք եք ստորագրել, ապա Դուք կարող եք խնդիրներ ունենալ, Բաբայանը պատասխանեց. «Դա հայտնի է իրեն` Գրիգորյանին և արդարադատության աստվածուհի Ֆեմիդային...»:
Թ. Մ.