կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-26 17:52
Իրավական

Գործարարը «օրինական ռեկետ» է համարում քաղաքապետարանի կողմից անհիմն տույժերի կիրառումը

Գործարարը «օրինական ռեկետ» է համարում քաղաքապետարանի կողմից անհիմն տույժերի կիրառումը

Բիզնեսի ավտոմատացմամբ և ցանցերի նախագծմամբ զբաղվող «ԱկԹրեյդ Սոֆթ» ընկերության տնօրեն Տիգրան Սարգսյանին այս տարվա փետրվարին քաղաքապետարանը տուգանել է 20 հազար դրամ`ընկերության հարակից տարածքը «ձյան և սառույցի շերտով պատված» լինելու պատճառով: 

 

Սակայն պարզվում է, որ քաղաքապետարանի աշխատակիցը «խախտումը» հայտնաբերելիս ՏՏ ոլորտի այս կազմակերպությունը մթերային խանութի տեղ է դրել ու այդպես էլ նշել արձանագրության մեջ. «2013 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը 12:05-ի սահմաններում Բաղրամյան պողոտա 31ա-23 հասցեում «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊԸ տնօրեն Տիգրան Սարգսյանի կողմից տիրապետվող մթերային խանութի դիմացի տարածքը գտնվում է անբարեկարգ վիճակում և պատված է ձյան և սառույցի շերտով…»:

 

Արձանագրությունում նշվել է նաև, թե Տիգրան Սարգսյանը հրաժարվել է ստորագրել արձանգարությունը: Այնուհետև այս արձանագրության հիման վրա փետրվարի 5-ին 20 հազար դրամի վարչական տույժ նշանակելու մասին որոշում է ընդունվել` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի:

 

Տիգրան Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, պնդում է, որ արձանագրությունը կազմվել է իր բացակայությամբ, քաղաքապետարանի աշխատակիցն արձանագրությունն իրեն ցույց չի տվել, որ ինքն էլ հրաժարվեր այն ստորագրել: Եվ եթե այդ աշխատակիցն այդ օրն իրեն հանդիպած լիներ, ներս մտած լիներ ընկերություն, կհամոզվեր, որ մթերային խանութում չէ:

 

Վարչական տույժի որոշումը ստանալուց հետո Տիգրան Սարգսյանը դիմում է դատարան` այն անվավեր ճանաչելու հայցապահանջով: Սակայն, որքան էլ զարմանալի է, դատարանով ակտի բողոքարկումը չի զսպում քաղաքապետարանին ու ԴԱՀԿ-ին` գործողություններ չկատարել:

 

«Մեր բողոքարկելուց հետո շատ կարճ ժամանակ անց հաշիվները սառեցվում են, էդ գումարը գանձվում է (25 հազար դրամ, որից 5000 ԴԱՀԿ ծառայության դիմաց –Ա.Կ.), հետո նորից ապասառեցնում են: Այսինքն` ոնց որ «օրինական ռեկետ» են անում»,- ասաց Տ. Սարգսյանը:

 

Քաղաքացին պնդում է նաև, որ անօրինական է տույժի կիրառումը, քանի որ ապացուցված չէ իր կողմից կատարված զանցանքը: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգի 13-րդ կետի 2-րդ մասի համաձայն` ձմռանը պետք է ձյունը մաքրել ամեն օր` տեղումների դադարելուց 4 ժամ հետո կամ մինչև առավոտյան ժամը 11-ը: Իսկ այս դեպքում ապացուցված չէ, թե արձանագրությունը կազմելու ժամանակ տեղումներ կայի՞ն, թե՞ դրանք դադարել էին կամ քանի ժամ առաջ էին դադարել:

 

Սարգսյանի խոսքով` դատարանը քաղաքապետարանի վրա է դրել զանցանքի կատարման և այն փաստերի ապացուցման բեռը, որ ինքը հրաժարվել է արձանագրության տակ ստորագրել: Որպես վկա` դատակոչվել է արձանագրություն կազմող` քաղաքապետարանի աշխատակիցը: Սակայն վերջին դատական նիստին ո'չ այս վկան, ո'չ էլ քաղաքապետարանի ներկայացուցիչը դատարան չեն եկել: Նիստը հետաձգվել է, հաջորդը` նշանակվել նոյեմբերի 25-ին:

 

«Փաստն այն է, որ իմ պես գործարարներ շատ-շատ են, բայց 100-ից տասն են բողոքարկում, մնացած 90-ը գլխացավանքից հեռու մնալու համար վճարում են: Իսկ էս սրիկաների մոտ լուրջ մեխանիզմ կա մշակված` քանակի վրա աշխատելու: Փորձենք, կստացվի` կստացվի, չէ, կորցնելու բան չունենք, էնքան ձգձգենք նիստը, մինչև մարդը զզվի: Ես ասեմ, որ հուսահատվող չեմ ու մինչև վերջ գնալու եմ»,- ասաց Տ. Սարգսյանը:

 

Գործարարի խոսքով` այս դեպքում ոչ թե գումարի չափի խնդիրն է, այլ սկզբունքային հարց է. «Եթե 20 դրամ էլ լիներ, 200 հազար դրամ էլ լիներ, նույն կռիվը պիտի տայինք: Եթե թույլ տայինք տրանսպորտի գինը «ընդամենը» 50 դրամով թանկանար, շատերն ասում են «հա դե ի՞նչ է եղածը», ապա սրանք կառիթավորվեին ու կդարձնեին 200 դրամ: Եթե մարդիկ չեն ընդվզում, խելոք, ականջները կախ լսում են` ինչ են ասում վերևից, իրենք իրենցն առաջ են տանում»:

 

Նա նշում է նաև, որ, օրինակ, մի շարք զարգացած երկրներում տարածքը բարեկարգելու, մաքուր պահելու համար գործարարներին խրախուսում են, ոչ թե տուգանում: «Ես կոնկրետ օրենքին դեմ չեմ, ես դեմ եմ դրա կիրառման անշնորհք ձևին: Այս դեպքում օրենքը լրացուցիչ եկամուտի աղբյուր է, ոչ թե քաղաքը մաքուր պահելու միտում»,- ասաց Սարգսյանը:

 

Հ.Գ. Ի դեպ, այս ընկերության հարակից տարածքում ծաղիկներ են աճեցվում, ծառերը խնամված են, իսկ ահա երկու մետր այն կողմ, որը, կարծես, որևէ կազմակերպության կողմից չի տիրապետվում, իսկապես անբարեկարգ վիճակ է: Այս դեպքում ո՞վ է քաղաքապետարանին տուգանելու:

 

Ա.Կ.