կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-26 17:04
Հասարակություն

Գագիկ Խաչատրյանն ու Իշխան Զաքարյանը փնտրել են, բայց չեն գտել 1350 գլուխ «Էդիլբաև» տեսակի ոչխարները

Գագիկ Խաչատրյանն ու Իշխան Զաքարյանը փնտրել են, բայց  չեն գտել 1350 գլուխ «Էդիլբաև» տեսակի ոչխարները

Այսօր ԱԺ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովում Վերահսկիչ պալատը ներկայացնում էր 2013թ. նույն ոլորտում արձանագրված խախտումները: Անդրադառնալով, մասնավորապես, «Ներդրումներ» ծրագրին` Իշխան Զաքարյանը խոսեց «Արալեռ ՏՈՏ» ընկերության կողմից կառավարությանը ներկայացված ծրագրով «Էդիլբաև» տեսակի ոչխարներ ներմուծելու խնդրին:

 

«Արալեռ ՏՈՏ» ընկերությունը հայտ էր ներկայացրել, որով նախատեսում է 2012թ. ներմուծել 900 գլուխ «Էդիլբաև» տեսակի ոչխարներ, որոնց գումարը կազմում է 90 մլն դրամ: Այդ ընկերության 2012-2013թթ. բիզնես ծրագրում գրված է, որ 1350 գլուխ ոչխար պետք է ներմուծեն` երկու տարվա կտրվածքով: Ծրագիրը նախատեսում է, ոչխարներ ներմուծելով, զարգացնել տոհմային ոչխարաբուծությունը:

 

ՎՊ նախագահը հարցում է ուղարկում ՊԵԿ նախագահին, թե 2012-2013թթ. ընթացքում «Էդիլբաև» տեսակի ոչխարներ, առհասարակ, ներմուծվե՞լ են Հայաստան: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նամակ է ուղարկում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, համաձայն որի` այդ երկու տարիների ընթացքում այդ տեսակի ոչխար չի ներմուծվել Հայաստան: Պարզվել է, որ «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը «Էդիլբաև» տեսակի 360 գլուխ  ոչխար է անցկացրել սահմանը, որոնք, սակայն, մինչ օրս մաքսազերծված չեն:

 

ՊԵԿ-ը հայցադիմումով դիմել է դատարան, որպեսզի մաքսազերծումը դարձնեն օրինական: Իսկ Վարչական դատարանը պարտադրել է, որ այդ ընկերությունը մաքսազերծի 366 ոչխար:

 

«Ինչո՞ւ մաքսազերծված չեն ոչխարները, և եթե նույնիսկ ընդունենք, որ 366 ոչխար է ներմուծվել, բայց դա 1350 չէ, չէ՞ որ ներմուծման համար է տրվել 90 մլն դրամը և 150 մլն դրամ փոխառությունը»,- ասաց Իշխան Զաքարյանը: