Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանից արտահանվել ու արտահանվելու են ոչխարներ եւ գառներ: «Ամեն տարի արտադրվում է 420-450 հազար գառ, որոնցից 220-230 հազարը ենթակա է արտահանման»,- «Երկիրի»-ի հարցին ի պատասխան` ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:
Ըստ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի հրապարակումների` 2010 թվականին Հայաստանից արտահանվել է 135 հազար գլուխ ոչխար, ինչը 7 հազարով ավելի քիչ է, քան 2009 թվականին: Ոչխարների արտահանումը Հայաստանի արտահանման կառուցվածքում բավական մեծ դեր ունի եւ, նույն հրապարակման համաձայն, 13,2 մլն դոլարով զբաղեցրել է 12-րդ տեղը: Այսպես` եթե 2009 թվականին 1 ոչխարի մաքսային արժեքը եղել է ավելի քան 60 դոլար, ապա 2010 թվականին հասել է 98-99 դոլարի:
Հայկական ոչխարներն ու գառներն արտահանվում են միայն Իրան, որտեղից էլ, ըստ որոշ տեղեկությունների, արաբական մի շարք երկրներ:
Գյուղանախարարի առաջին տեղակալը նաեւ հերքեց, որ մեր ոչխարները արտահանվում են Վրաստան: Սակայն հիշեցնենք, որ վերջերս վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում «Նյու Ջորջիա» ավիաընկերության ղեկավարությունը հայտնել էր, որ իրենց ինքնաթիռներով պարբերաբար ոչխարներ են արտահանում է տարածաշրջանի իսլամական երկրներ: Իսկ քանի որ պահանջարկը շատ մեծ է, Վրաստանի մատակարար կազմակերպությունները ոչխարներ են ներկրում նաեւ Հայաստանից: Ավիաընկերության ներկայացուցիչները նաեւ նշել էին, որ միայն 2010 թվականին իրենք արտահանել են 13 հազար գլուխ ոչխար:
Նշենք նաեւ, որ պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն` Հայաստանը նաեւ ոչխարներ է ներմուծում: Սակայն Հայաստանի եւ Վրաստանի պաշտոնական վիճակագրությունները միմյանց չենք համապատասխանում: Օրինակ` Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ իր երկրից 2010 թվականին Հայաստան է արտահանվել 53 հազար գլուխ ոչխար, իսկ Հայաստանի մաքսային մարմինները գրանցել են միայն 4 հազարը։ Ո՞ւր են կորել 49 հազար վրացական ոչխարները: