կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-18 15:54
Իրավական

Հայաստանում, գործարարների հետ կեղծ նամակագրություն վարելով, գումարներ են շորթում

Հայաստանում, գործարարների հետ կեղծ նամակագրություն վարելով, գումարներ են շորթում

Հայաստանում 2013-2014 թթ. ընթացքում արձանագրվել է, ընդհանուր առմամբ, կիբերհանցագործություն 103 դեպք, որոնցից 52-ը` համակարգչային տեխնիկայի օգտագործման, 11-ը` համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, 9-ը` համակարգչային սաբոտաժի, 8-ը` վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու և տարածելու, 1-ը` համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության ներթափանցելու, 2-ը` համակարգչի միջոցով մանկական պոռնոգրաֆիա տարածելու և այլն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս վիճակագրությունը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

 

Նրա խոսքով` վերջին շրջանում կիբերհանցագործություններից տարածում է գտել գործարար նամակագրությանը միջամտելը: «Երկու գործարարներ տարբեր երկրներում էլեկտրոնային նամակագրության միջոցով փորձում են ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերել գործարքի վերաբերյալ, և երրորդ անձը, փաստացի ապօրինի հասանելիություն ստանալով, տիրապետում է այդ տեղեկատվությանը, ստեղծում է նմանակ փոստի հասցե և ինքն է սկսում նամակագրություն վարել երկու կողմերի հետ: Երբ հերթը հասնում է գործարքի ավարտին և գումար փոխանցելուն, հանցանքը կատարողը տրամադրում է իր հաշվեհամարը և գումարները փոխանցվում են ոչ թե գործարարին այլ իրեն»,- բացատրեց Պետրոսյանը` հավելելով, որ կիբերհանցագործության տարածված ձևերից է սիրային նամակագրության միջոցով գումար շորթելն ու հափշտակելը:

 

Նրա խոսքով` նման հանցագործությունների թիրախում 30-ից բարձր տարիքի կանայք են, և հանցագործությունը հիմնականում կատարվում է նախապես մշակված մեթոդներով: «Հանցավորը սկսում է սիրային նամակագրություն վարել, խոստումներ տալ, թե իբր թանկարժեք նվերով ծանրոց է ուղարկել, հետո` որոշ ժամանակ անց,   կնոջ հետ կապ են հաստատում իբր մաքսային ծառայության աշխատակիցները և, հաստատելով, որ իրականում ծանրոց է առաքվում, խնդրում են մաքսազերծման համար որոշակի գումար փոխանցել` այդպիսով` գումար շորթելով քաղաքացուց»,- բացատրեց ոստիկանության գնդապետը:

 

Yerkir.am-ի հարցին` մինչ այժմ եղե՞լ են հայ քաղաքական գործիչներ, ովքեր դարձել են կիբերհանցագործության զոհ, Պետրոսյանը պատասխանեց.  «Նման դեպք եղել է 2013թ. ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ, երբ տիրացել էին նրա էլեկտրոնային փոստին, բայց վերջին շրջանում չի եղել»: 

 

Նշենք, որ կիբերհանցագործությունների համար նախատեսված պատիժը չի գերազանցում 3 տարի ժամկետով ազատազրկումը: