Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Zham.am-ը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցն է ներկայացրել, որը կարող եք կարդալ ստորեւ:
-Ի՞նչ խնդիրներ եք դուք այսօր լուծում քաղաքական դաշտում և ո՞րն է դրանցից ամենակարևորը Ձեզ համար:
- Ես տեսնում եմ խնդիրներ և պատրաստ եմ դրանք լուծել պետության մեջ` երկրի համար, ժողովրդի համար: Բայց ես երբեք չեմ մտել և չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առևտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում: Ես շատ լավ գիտեմ Հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները: Ճիշտ հասկացեք, ինձ համար դա օտար և անհետաքրքիր զբաղմունք է: Եթե ես քաղաքական դաշտում մտածեի անձնական շահի մասին, ապա ես ընդհանրապես չէի մտնի քաղաքականություն: Ես շատ հանգիստ կարող էի ապրել միայն իմ, իմ ընտանիքի, իմ մերձավորների համար: Ի՞նչն էր ինձ խանգարում. ոչ մի բան: Բայց, տեսնելով, որ մեր երկրում լուրջ խնդիրներ կան, տեսնելով, որ ժողովուրդը շատ վատ է ապրում, մարդիկ թողնում են իրենց տները, հեռանում օտար երկրներ, հուսահատությունն ու անարդարությունը մեծ է երկրում, ես չկարողացա անտարբեր մնալ, ես չուզեցի մի կողմ քաշվել ու ապրել միայն ինձ համար: Սա է քաղաքական դաշտում լինելու իմ միակ դրդապատճառը:
- Բայց Ձեր բարձր ժողովրդականությունը, բարձր վարկանիշը պարտավորեցնող են, և գաղտնիք չէ, որ հասարակության և քաղաքական դաշտի զգալի հատվածը առաջիկա փոփոխությունները կապում են նաև ձեր անձի հետ:
- Ընդհանրապես մարդու հեղինակությունն ու հարգանքը ձեռք է բերվում աշխատանքով ու կենսագրությամբ: Ինչ վերաբերում է իմ քաղաքական վարկանիշին, ապա ես դրա մասին շատ չեմ մտածում: Ես աշխատում եմ մարդկանց չխաբել, իմ սկզբունքներից չհրաժարվել, քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում պայմանավորվածություններ չխախտել: Եվ երևի ամենակարևորը` ես չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ես իշխանություն չեմ ուզում, որ փող աշխատեմ, հարստություն դիզեմ, իմ բարեկամներին աշխատանքի տեղավորեմ: Ես շատ լավ գիտեմ մեր երկրի պրոբլեմները, ես փայլուն գիտեմ մեր երկրի տնտեսությունը, ես շատ լավ պատկերացնում եմ ժողովրդի հիմնական խնդիրները: Եվ վերջապես` ես պատկերացնում եմ, թե այդ հարցերից շատերը քայլ առ քայլ ինչպես պետք է լուծել: Ես լավ գիտեմ սփյուռքի գործարար հնարավորությունները, և գիտեմ, թե ինչպես պետք է դա ի շահ մեր երկրի օգտագործել, ես գիտեմ, թե ինչպես կարելի է օտարերկրյա խոշոր ներդրումներ բերել Հայաստան ու նոր աշխատատեղեր, նոր հնարավորութուններ ստեղծել երկրում:
- Կոնկրետ ի՞նչ քայլեր եք պլանավորում Դուք և ԲՀԿ-ն:
- Նախ, ես հպարտ եմ, որ կարողացել եմ ձևավորել գրագետ քաղաքական թիմ ԲՀԿ-ում, և այսօր ԲՀԿ-ի բարձր հեղինակությունը պայմանավորված է նաև այդ մարդկանց աշխատանքով: Նշեմ, որ մեր կուսակցության մեջ տիրում է խնդիրները քննարկելու ազատ մթնոլորտ: Եվ որոշումները կայացվում են հենց այդ մթնոլորտում խնդիրները քննարկելուց հետո: Եվ մենք կարևորում ենք նույնանման քննարկումները այլ քաղաքական ուժերի և հասարակական խմբերի հետ: Մոտակա ժամանակներում ես պլանավորում եմ քաղաքական հանդիպումների և խորհրդակցությունների մեծ փուլ` քաղաքական կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ հիմա կա նման հանդիպումների անհրաժեշտությունը: Եվ ակնհայտորեն կա նման ցանկություն շատերի մոտ: Ես չեմ ուզում բացել փակագծերը, բայց այս հանդիպումները շատ կարևոր են` մոտեցումների հստակեցման, տեսակետների փոխանակման և առաջիկա անելիքների քննարկման համար:
- Մեր երկրի, ժողովրդի խնդիրները քիչ էին, հիմա էլ դրվում է Սահմանադրական փոփոխութունների հարցը: Ձեր տեսակետը ո՞րն է:
- Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու:
- Բայց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները, իրենց ասելով, ժողովրդի հետ տարբեր մարզերում քննարկումներ են անում:
- Այսինքն` Ձեր ասած հանձնաժողովի անդամները գնացել են գյուղեր` բերքահավաքի, աշխատանքների ամենախառը փուլում, երբ գյուղացին չունի սերմնացու, տեխնիկա, վառելիք, կարկուտից հսկայական վնասներ է կրել, բանկերում գրավ է դրել իր տունն ու հողը, ու ասել են` սիրելի գյուղացի, դրանք բոլորը կարևոր չեն, ամենակարևորը սահմանադրությո՞ւնն է: Թող քո երեխան ու ծնողը սոված լինեն, դեղի, հագուստի փող չունենան, բայց դրանք մի կողմ դիր, արի իրար հետ քննարկենք Սահմանադրությունը: Այդպե՞ս է եղել: Սա լուրջ չէ: Թե՞ գնացել են քննարկելու ադրբեջանական բանակի կողմից գնդակոծվող գյուղերում: Թե՞ աղետի գոտում են քննարկել, թե՞ ավտոկայաններում ու օդանավակայնում են քննարկել, որտեղից մարդիկ ընտանիքներով արտագաղթում են: Սահմանադրությունը լուրջ խնդիր է, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա` անլուրջ վերաբերվել այս հարցին: Սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել: Եթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ Բարգավաճ Հայաստանը նույնպես կքննարկի` դահլիճներում և հրապարակներում: Մենք կվերցնենք ամենալավ դահլիճները, կհրավիրենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իշխանություններին, կքննարկենք, մեր փաստարկները կբերենք, կլսենք ուրիշներին: Այդ դեպքում ես կունենամ բարոյական իրավունք` հրավիրել ժողովրդին հանրահավաքների` մարզերում, Երևանում: Կներկայացնեմ մեր մոտեցումները, մարդկանց կլսեմ: Այն ժամանակ էլ` ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման:
- Սովորաբար, երբ ձեր քաղաքական հակառակորդները ձեր դեմ որևէ վատ բան են ուզում գրել, կամ ձեր շուրջ անվստահություն առաջացնել` ասում են, որ դուք երբեմն հանդիպումներ եք ունենում իշխանության որոշ ներկայացուցիչների հետ: Եկեք խոսենք դրա մասին և այս հարցը մեկընդմիշտ փակենք:
- Ես հանդիպումներ եմ ունենում շատ շատերի հետ: Թե' արմատական ընդդիմության հետ, թե' հասարակական ակտիվիստների, թե' քաղաքագետների, առաջին և երկրորդ նախագահների, Հայաստասնում հավատարմագրված դեսպանների հետ: Ես հանդիպումներ ունենում եմ նաև իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, և ես դա համարում եմ շատ կարևոր: Օրինակ, ես չէի կարող սահմանին լարվածության ժամանակ չզանգել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, չհետաքրքրվել իրավիճակով և չհայտնել իմ պատրաստակամությունը` ցանկացած հարցով աջակցելու: Ես անհրաժեշտության դեպքում հանդիպում եմ Սերժ Սարգսյանին: Իրենից եմ ճշտում իր տեսակետները որոշ խնդիրների նկատմամբ, ներկայացնում եմ իմը: Ձևակերպում եմ իմ մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ: Մենք նույն երկրում ենք ապրում, մի փոքր երկրում, որն ունի բազմաթիվ խնդիրներ: Եվ քննարկելն ավելի լավ է, քան` չքննարկելը: Չքննարկելուց երկրի ու ժողովրդի համար ոչ մի խնդիր չի լուծվում: Ես դեմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ-որ մեկին դուր գալու համար վիրավորում ու վարկաբեկում են են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին: Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու: Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցեին չարախոսեն ու հետևից խոսեն: Ես ուզում եմ` մեկընդմիշտ այդ ավանդույթը վերանա: Պետք է ունենալ խիզախություն` այդ ավանդույթը կոտրելու: Երբ ես ասում եմ միմյանց վիրավորելու, վարկաբեկելու անթույլատրելիության մասին, հասկանալի է, որ ես նկատի չունեմ քննարկելը, բանավիճելը, տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունենալը, քննադատելը: Բայց դա պետք է լինի առարկայական, փաստերով: Ես պատրաստ եմ ինքս լսել ու ընդունել ցանկացած հիմնավոր հակառակ կարծիք ու քննադատություն:
- Իմ վերջին հարցը վերաբերում է ոչ իշխանական ուժերի քառյակի հեռանկարին: Դուք լավատե՞ս եք, թե՞ ոչ այնքան: Եվ որո՞նք են լինելու անձամբ ձեր քայլերը:
- Ես հարցին նայում եմ մի փոքր այլ տեսանկյունից: Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. Ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով: Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա որքան էլ ես կարևորեմ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները, ես ամենից առաջ կարևորում եմ ԲՀԿ-ի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿ-ի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան հանձնարարականներ այդ ուղղությամբ, կա մշակված ծրագիր, որով մենք շարժվելու ենք, և որը է'լ ավելի է ուժեղացնելու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: