Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Hraparak.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ:
- Պարոն Կարապետյան, անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին: Ընդդիմությունը պահանջում է իշխանությունների հրաժարականը, իշխանություններն ասում են՝ արտահերթության որեւէ պատճառ չկա: Իրականում ի՞նչ ակնկալի մեր հասարակությունը:
- Քաղաքական պայքարը պետք է առաջին հերթին գաղափարական հենք ունենա ու տրամաբանություն: Բոլոր կողմերին է դա վերաբերում: Ցավում եմ, բայց մեր իրականության մեջ քաղաքական պայքարը վերածվել է սոսկ անձնական վիրավորանքների հարթակի՝ «ինքդ ես հիմար» սկզբունքով, եւ անձնական շահերի սպասարկման միջոցի, ուր հաճախ ընդամենը ստամոքսի խնդիր են լուծում: Կներեք, եթե փոքր-ինչ կոպիտ է հնչում, բայց, ցավոք, առկա իրավիճակին բնորոշ է:
Ո՞րն է քաղաքական հարաբերությունների ներկայիս հայկական մոդելը մեր քաղաքական որոշ ուժերի կամ գործիչների տեսանկյունից, ի՞նչ ենք ուզում ունենալ: Իշխանություն, որի միակ խնդիրն է «ուտել, պառկել, գիրանալ» (ոմանց համար հատուկ ուզում եմ շեշտել, որ մեջբերում եմ Աթաբեկ Խնկոյանից), թեկուզ արմատները ոչնչացնելու հաշվին, անհետեւողական ընդդիմություն, որի գլխավոր խնդիրն «ուտել, պառկել, գիրանալու» համար իշխանության գա՞լն է:
Իսկ հասարակությո՞ւնը… Որեւէ մեկն ուզո՞ւմ է լսել հասարակության կարծիքը, մտածել նրա մասին, երկրի մասին… Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ. ես տեսնում եմ եւ դիմադիր, եւ ընդդիմադիր դաշտում մարդկանց, ովքեր ազնիվ են իրենց մոտեցումներում ու քայլերում, որոնք շատ հարգված են իմ կողմից: Բայց եւ քիչ չեն, այսպես կոչված, թանի մեջ ընկած ճանճերը, որոնց գլխավոր խնդիրն ուրիշի ձեռքերով շագանակներ հանելն է, առկա իրավիճակում իրենցը փախցնելը, իրենց այսրոպեական հարցերը կարգավորելը: Տղերք, հանգստացեք, սա ձեր դաշտը չէ:
Չի կարելի շարժվել բացառապես «քաղաքականությունն անբարոյականություն է» սկզբունքով ու համարել, որ ինչքան անբարո ես, այնքան լավ քաղաքական գործիչ ես: Ափսոսում եմ, բայց, չգիտես ինչու, ներկայիս քաղաքական հարաբերությունների, ներքաղաքական վիճակի մասին մտածելիս մտքիս առաջին հերթին սիրված պոետի տողերն են գալիս. «Աշուն է, անձրեւ... Ստվերներն անձեւ, Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ: Անձրե՜ւ ու անձրեւ…»:
- Այս օրերին բավական աղմուկ բարձրացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ մայրության նպաստների վերաբերյալ: Կառավարությունը, ի վերջո, գնաց զիջումների: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հասարակության ձայնը լսելի է իշխանությունների կողմից:
- Չեմ կարծում, թե օրենքի փոփոխության հեղինակները պատկերացում չունեին առաջարկի հետեւանքների ու հնարավոր հակազդեցության մասին: Խոսքը մի հարցի մասին է, որն ուղղակիորեն առնչվում է մեզ համար շատ ցավոտ դեմոգրաֆիկ խնդիրներին: Եվ, փոխանակ շահագրգռելու ծննդաբերող մայրերին, որ կարողանան իրենց երեխաների կարիքները գոնե մի որոշ ժամանակ բավարարեն, պարբերաբար խոչընդոտներ ենք ստեղծում:
Ինչ վերաբերում է հնչող մոտեցումներին, թե բյուջեում փող չկա, ապա կարծում եմ, որ նույնիսկ տնտեսագիտության այբն ու բենը իրարից չտարբերողները լուրջ չեն ընդունում նման փաստարկները: Շինարարությունից ու այլ ոլորտներից «տանելու» համար կա, «ատկատների» համար կա, տարաբնույթ գործուղումների ու ճոխությունների համար կա, իսկ մայրության նպաստների համար չկա՞:
Եվ, վերջապես, յուրաքանչյուր տաքսու վարորդի հարցրեք, ու նրանք ձեզ կասեն, թե որտեղից կարելի է ճարել այդ գումարները: Ես 20 տարի քաղաքական դաշտում եմ ու համոզվել եմ, որ հաճախ կառավարությունների համար նման իրավիճակն ուղղակի գործելաոճ է. չկարողանալով իրականացնել քայլեր, որոնք օգտակար կլինեն ու հասարակության սրտով, հանդես են գալիս, մեղմ ասած, վիճելի նախաձեռնությամբ, հետո զիջումներ են անում, ինչը հանրությանը հրամցնում են որպես լավություն: Եղբայր, նման կարգի լավություններից վաղուց հոգնել ենք, կարող եք՝ օգտակար եղեք, իսկ բեմականացումները թողեք այդ ոլորտի մասնագետներին:
- Դուք պարբերաբար քննադատական խոսքեր եք հնչեցնում այս կամ այն հարցի վերաբերյալ: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին քննադատություններին:
- Ցանկացած քննադատություն ընդունելի պետք է լինի, եթե անկեղծ է, եթե փաստարկված է, եթե մտահոգություններ է պարունակում, այլ ոչ թե սոսկ հակադրվելու միտում ունի: Ես չեմ պատկանում օրումեջ հարցազրույցներ կամ ասուլիսներ տվող գործիչների դասին, անկախ նրանից՝ ասելիք կա, թե ոչ, թեման քեզ վերաբերում է, թե ոչ, ինքդ քո ասածներին հավատում ես, թե ոչ: Ես խորապես համոզված եմ իմ տեսակետներում: Պատրաստ եմ նաեւ առողջ տեսակետներ լսել: Բայց բոլոր այն դեպքերում, երբ ակնհայտ է ուղղակի խայթելու կամ վարկաբեկելու միտումը, ինքս այնքան էներգիա ունեմ ու արտահայտվելու միջոցների եմ տիրապետում, որ համարժեք պատասխանը չի ուշանա, «դեռ մի բան էլ ավելի»…
Նյութի աղբյուրը ` hraparak.am