Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Անցել է շուրջ 10 տարի, մանրամասները չեմ հիշում: Ցանկացած քաղաքացու խնդիրն է պայքարել անօրինականությունների դեմ: Ես, Գրիշա Վիրաբյանի հետ կապված, կաշկանդվածություն չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը` անդրադառնալով Բելգիայում քաղաքական ապաստան ստացած ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի` ոստիկանությունում խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ գործը նոր քննության ուղարկելուն:
Նշենք, որ Վիրաբյանը բազմիցս հայտարարել է, որ 2004-ին ոստիկանական բաժանմունքում իրեն խոշտանգումների է ենթարկել նաև Աշոտ Կարապետյանը: Վերջինս սակայն իր հարցազրույցներից մեկում հերքել էր ամենը ու ասել. «Եթե Գ. Վիրաբյանը գա, իմ աչքերին նայի ու հիշի մեր առերեսումը, եթե կասի, թե այդպես է ու պնդի…»:
Վերջերս yerkir.am-ին տված հարցազրույցում Գրիշա Վիրաբյանը պատրաստակամություն է հայտնել նայելու ոստիկանապետի աչքերին ու պնդելու իր ցուցմունքները, սակայն քանի որ, նրան արգելված է Հայաստան գալ, Վիրաբյանը նշել էր. «Եթե ուզում է իմ աչքերին նայի, համոզի, որ ինձ չի խփել, չի խոշտանգել, ես խոստանում եմ գալ Վրաստան երկու ամսվա ընթացքում: Թող ասի օր, ժամ, երբ է իրեն հարմար: Ես 2000 կմ գալիս եմ, թող մի 200 կմ էլ ինքը գա»:
Այսօր yerkir.am-ի լրագրողը Կարապետյանին տեղեկացրեց Վիրաբյանի այս առաջարկի մասին, ինչին ի պատասխան ոստիկանապետն ասաց. «Ես ցանկություն չունեմ ինչ-որ մեկի քմահաճույքները կատարելու: Ես գործառույթներ եմ իրականացնում` որպես ոստիկանության սպա, և ես պատրաստ եմ դատարանի առջև կանգնել ցանկացած վճռի պարագայում, և մենք շարժվում ենք Հայաստանի Հանրապետության օրենքներով, դատարանի կայացրած ցանկացած որոշման հետ համաձայն եմ: Ինչ վերաբերում է առերեսվելուն, ես ժամանակին իր քրեական գործով առերեսվել եմ իր հետ և հիշում եմ, որ նա իմ հարցերին չէր կարողանում պատասխանել»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: