Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով ԼՂՀ բանակի շարքային զինծառայողը գերի էր ընկել նախորդ տարվա օգոստոսի 8-ի գիշերը և տեղափոխվել Բաքու: Գերության 12-րդ օրը միայն Կարմիր Խաչի պատվիրականությանը հաջողվել էր հանդիպել Հակոբին:
Yerkir.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ թեեև ուրախալի, սակայն անսպասելի նորություն էր սա իր համար. «Ինձ համար զարմանալի է այս հապշտապ տեղափոխությունը: Չկար որևէ նախադրյալ, որ վկայեր նման քայլի մասին: Սակայն ամենակարևորն այս պահին այն է, որ Հակոբն ազատության մեջ է»:
Թե ինչու է տեղափոխվել հենց երրորդ երկիր, բացատրվում է պարզ կերպով` կատարվել է Հակոբի կամքը: Եթե ռազմագերին մտավախություն ունի, որ կարող է իրեն վտանգ սպառնալ իր երկրում, ապա նրան տեղափոխում են երրորդ երկիր: Իսկ թե արդյո՞ք իսկապես Հակոբի կամքն է եղել երրորդ երկիր տեղափոխվելը` դա հարց է:
Իրավապշատպանը նշում է, որ հավանական է` Հակոբը երրորդ երկիր տեղափոխվել ցանկացել է Ադրբեջանի ճնշման հետևանքով, և նրան երրորդ երկիր տեղափոխելով ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ Հայաստանում գերությունից վերադարձած անձի համար անվտանգ չէ: Սակայն դեռևս պետք է սպասել. ուշ թե շուտ Հակոբը կապի մեջ կմտնի իր ընտանիքի հետ և որոշա հարցեր պարզ կդառնան:
Սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել նաև այն, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս է հայտարարել, որ Հակոբ Ինջիղուլյանը Հայաստանում քրեական հետապնդման չի ենթարկվելու և նրա անվտանգությունն ապահովված է:
Ա. Սաքունցն այս հարցի վերաբերյալ ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը հարցում է ուղարկել պաշտպանության նախարարությանը և պատասխան ստացել, որ Հակոբի գերեվարման առթիվ հարուցվել է քրեական գործ և կասեցվել` անհաղթահարելի ուժի առկայությամբ հիմքով: Եվ Հակոբի` Հայաստան վերադառնալուն պես, հավանական է, որ գործը կվերսկսվի:
Նրա խոսքով, սակայն, Հակոբ Ինջիղուլյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան, սակայն պետք է պարզվեն նրա գերեվարության հանգամանքներն ու պատճառները:
«Ճիշտ են արել, որ քրեական գործը հարուցել են: Որովհետև այս դեպքում հարցի երկու երեսը կա: Մի դեպքում գերեվարության ընթացքում գերու հանդեպ վերաբերմունքն է քննության առարկա դառնում, մյուս դեպքում` պետք է քննվի գերի ընկնելու հանգամանքները: Եվ եթե Հակոբն այստեղ լինի, ապա անհաղթահարելի ուժի հանգամանքը վերանում է, և պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է նա գերի ընկել»,- ասաց Ա. Սաքունցը:
Նշենք նաև, որ դեռևս հուլիս ամսին Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը Հակոբ Ինջիղուլյանի իրավունքների պաշտպանության մասով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով հնարավորություն ստեղծել նրա իրավունքները պաշտպանելու համար հանդիպել Հ. Ինջիղուլյանին:
Ա. Սաքունցը նշեց, որ դեռևս ՄԻԵԴ-ից որևէ պատասխան չեն ստացել: