Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Արմավիայի» պարտքը` օդի հարկի չվճարված գումարները, կարծեմ, ավելի մեծ էր»,- այսօր' կառավարության նիստից հետո, լրագրողներին լրացուցիչ հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը' անդրադառնալով 9 միլիարդ պարտքի դիմաց «Միկա Քորփորեյշն»-ի ենթակայության տակ գտնվող «Միկա» մարզահամալիրն ընդունելու հարցին:
Նա նշեց, որ օրենսդրության սահմանված կարգով է, որ կա'մ պետք է աճուրդ հայտարարվի ու գույքն իրացվի, կա'մ եթե` ոչ, պետք է սնանկ ճանաչվի ընկերությունը:
Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե նախապես հայտարարվում էր, որ «Արմավիա»-ավիաընկերություն» ՍՊԸ-ն ու «Միկա Քորփորեյշն»-ը պետբյուջեին պարտք էին 24 միլիարդ դրամ, ինչո՞վ է պայմանավորված 9 միլիարդ պարտքի դիմաց գույքը վերցնելու որոշումը' նվազեցումը, Պավել Սաֆարյանը նշեց, թե այդ գույքով «Արմավիայի» ամբողջ պարտքը չի մարվում, այլ ընդամենը` պարտքի մի մասը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ տարիներով այդքան պարտք է կուտակվել, ու կառավարությունը մինչ օրս ոչինչ չէր անում այդ ուղղությամբ, փոխնախարարը նշեց, թե կառավարման եղած համակարգի ու գործող օրենսդրության միջոցով արձանագրվում էին այդ պարտքերը: «Ուրիշ ի՞նչ պետք է արվեր»,- հռետորական հարց տվեց Պ. Սաֆարյանը եւ հավելեց, թե պարտք է ձեւակերպվել, ու տույժերի է ենթարկվել ընկերությունը:
Լրագրողների դիտարկմանը, թե երբ մի քաղաքացի տեւական ժամանակ չվճարի պարտքերը, չմուծի հարկերը, ինչ-որ մի պահի պետությունը կդիմի դատարան' դատական կարգով հարցը լուծելու համար, Պավել Սաֆարյանը համաձայնեց ու շեշտեց. «Այդ պահը եղել է անցած ամիս, սկսվել է այս գործընթացը»:
Իսկ հարցին' ինչպե՞ս է տնօրինվելու այդ գույքը, ֆինանսների փոխնախարարը հայտնեց, թե դեռեւս որոշված չէ:
Պավել Սաֆարյանից լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք «Արմավիա»-ի ու «Միկա Քորփորեյշն»-ի ամբողջ գույքը կբավարարի՞` ունեցած պարտքերը մարելու համար, ինչին փոխնախարարը պատասխանեց, թե անձամբ տեղյակ չէ այդ գործընթացից, բայց նշեց, որ եթե չբավարարի, ապա սնանկության գործընթաց է սկսվում:
Մեր հարցին' կառավարությունը երաշխիք էր տվել նաեւ «Արմավիային», ու եթե ընկերությունը սնանկ ճանաչվի, ո՞վ է փակելու ընկերության պարտքային պարտավորությունները, Պավել Սաֆարյանը պատասխանեց, թե երաշխիքի էությունն այն է, որ կառավարությունը որեւէ սուբյեկտի երաշխիք է տալիս' վարկ վերցնելու, ու եթե այդ վարկը չի մարվում, ապա վարկի մարման պարտավորությունը կառավարությունն է վերցնում իր վրա:
«Ու պարտավոր է կառավարությունը այդ երաշխիքների չափով պահուստային ֆոնդ ունենալ, որպեսզի այդ դեպքում այդ պարտքը փակի: Եթե «Արմավիայի»ն տրվել են երաշխիքներ, ապա` այո, այդ պարտավորությունները չմարելու դեպքում, ինչպես բոլոր երաշխիքների դեպքում, պարտքային պարտավորությունները տեղափոխվելու են պետության ու պետբյուջեի վրա»,- նշեց Պավել Սաֆարյանը: