կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-02 13:40
Քաղաքական

Մենք կարող ենք ավելի շատ ներդրումներ գրավել, բայց բախվում ենք պետական պարտքի խնդրի հետ. Պավել Սաֆարյան

Մենք կարող ենք ավելի շատ ներդրումներ գրավել, բայց բախվում ենք պետական պարտքի խնդրի հետ. Պավել Սաֆարյան

Այսօր կառավարությունը ԱԺ-ին է ներկայացնում 2016թ. պետական բյուջեի նախագիծը:

Հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց տվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Հարցերի հարցը ոչ թե բյուջեի ֆորմալ ցուցանիշներն են, ինչը տարվող քաղաքականության պատկերն է, և ինչպիսի տնտեսություն կա, այնպիսի բյուջե ունենք, այլ խնդիրը վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է: Երկիրը և հասարակությունը որոշակի բացասական սպասումների մեջ են: Հիմա ինչպե՞ս պետք է դուրս գալ այս վիճակից: Որո՞նք են այն հիմնական գործիքները, որոնք կառավարությունը ցանկանում է կիրառել»,- հարցրեց նա:

Պատգամավորին նաև հետաքրքրում էր՝ արդյո՞ք կառավարության վարած հարկային քաղաքականությունը ինքնանպատակ չէ, եթե դա չի ուղեկցվելու սոցիալ-տնտեսական համալիր քաղաքականությամբ: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ բյուջեի նախագծում ԵՏՄ-ի մասին, որպես հնարավորություն, խոսք չկա, թե որ ճյուղերն ենք առանձնացնում, որոնք ինտեգրացիոն համակարգում հաջողություններ կգրանցեին: «Ի՞նչ նոր գաղափարներ ու ծրագրեր ենք ուզում տեսնել երկրի տնտեսական զարգացման առանցքում, ի՞նչը կարող է բերել ներդրումների խրախուսման»,- հարցրեց նա:

Պատգամավորի մյուսը հարցը վերաբերում էր նրան, թե ինչու բյուջեի նախագծի ռիսկերի բաժնում չկա որևէ վերլուծություն, թե սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում դա ինչ ազդեցություն կարող է ունենալ բյուջեի վրա: Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը, որ տրանսֆերտների նվազման պարագայում կարողանա կառավարել ֆինանսական հոսքերը:

Միգրացիայի մասին խոսելիս Արծվիկ Մինասյանը ասաց. «Ես, իհարկե, համամիտ չեմ Հրանտ Բագրատյանի հետ, որ դրա համար են մնում, գերակշիռ մասը շատ սիրում է իր հայրենիքը, դրա համար է մնում ու գործունեություն ծավալում»:

Պատգամավորը հարց ուներ նաև կուտակայինի մասին, թե կա՞ գնահատական, որ կառավարության կողմից այդքան քաջալերած կուտակային համակարգի կիրառումը ինչ ազդեցություն ունեցավ՝ ներդրումների տեսակետից: 

«Հասարակության սպասումները բացասական են, և այդ պայմաններում ցանկացած կառավարության հիմնական գործը պետք է լինի, սպասումների համաձայն, մոդելներ կառուցելն ու դրական սպասումների վերածելը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Պավել Սաֆարյանը պատասխանեց պատգամավորի հարցերին՝ ասելով, որ կառավարությունն այլ ճանապարհ չունի, քան ներդրումների ավելացումը, հակառակ դեպքում՝ չեն կարող խոսել մեծ արդյունքների մասին:

«Ինքներս էլ բավարարված չենք այս վիճակից, մենք ուղղակի ասում ենք, որ սա իրատեսական վիճակն է: Կառավարությունն ընկալում է, որ պետք է ավելացնի ներդրումները, ուղղակի հնարավորությունների խնդիր է: Մենք կարող ենք ավելի շատ ներդրումներ գրավել, բայց այդտեղ էլ բախվում ենք պետական պարտքի խնդրի հետ»,- ասաց փոխնախարարը՝ հիշեցնելով, որ կառավարությունը չի դադարեցրել կատարել իր սոցիալական պարտավորությունները՝ ձգտելով չկուտակել պարտքեր:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների դեպքում ազդեցության գնահատականի բացակայությանը, Պավել Սաֆարյանը նշեց, որ ենթադրել են, թե սահմանադրական փոփոխությունների ընդունումը լրացուցիչ ծախսեր չի առաջացնի: