Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանն իր տկարությունից ելնելով է լարվածություն ստեղծում, որպեսզի ազդի բանակցային գործընթացի վրա եւ իր համար բարենպաստ մթնոլորտ ստեղծի»,- այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։ Հայտարարությունը նա արել է Բյուրականում՝ հանդիպելով Հայ մարմնակրթակական ընդհանուր միության նախաձեռնությամբ աշխարհի 18 երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին։
«Հայրենիքին աջակցելու հարցում դերակատար պետք է լինի յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ նա ապրելիս լինի»,- Մարգարյանն այս հորդորով է դիմել երիտասարդներին։ «Եթե մենք մաս ենք կազմում հայ ժողովրդին, նշանակում է ունենք իրավունքներ եւ պարտականություններ։ Եթե կա պատասխանատվություն, կա նաեւ աշխատանք։ Դուք ՀՄԸՄ-ի ճանապարհով եք կերտում այդ ճակատագիրը։ Եվ ես դրա համար շատ ուրախ եմ»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։
Հրանտ Մարգարյանը նկատել է նաեւ, որ տարբեր երկրների հայ երիտասարդությունը հայրենիքում համախմբվել է այն ժամանակ, երբ սահմանին անհանգստություն կա։
«Ամեն պահ փորձում են մեզանից զոհեր խլել, դեռ Հայաստանը պատերազմի մեջ է, եւ մեզ պարտադրում են պահերազմ։ Մենք կարող ենք դիմակայել բոլոր դժվարություններն իբրեւ համաշխարահային ազգ։ Մեր ուժերը չեն սահմանափակվում միայն Հայաստանով, մենք ուժեղ ենք ամբողջ աշխարհի տարածքի վրա»։
Երիտասարդներին ուղղված խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ հայրենիքը ծնողի նման է, եւ ծնողի նկատմամբ պատասխանատվության զգացումով էլ պետք է վերաբերվել հայրենիքին։ «Եվ դա չպետք է պայմանավորել ծնողի որակային հատկանիշներով։ Մեր պետությունը կարող է շատ-շատ թերություններ ունենալ, շատ սխալ լինի մեր մեջ։ Դրա համար պետք է պայքարենք եւ շտկենք, բայց ոչ մի բան չի կարող պատճառ դառնալ, որ մենք մեր հայրենիքից երես թեքենք, ոչ մի բան չի կարող պատճառ դառնալ, որ մենք պատասխանատու չլինենք մեր երկրի ապագայի համար։ Մեր ժողովրդի նկատմամբ այս գիտակցությունն է, որ մեզ պետք է ուղեկցի»,- ասել է Մարգարյանը։