կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-02 13:56
Իրավական

Երեխայի մահվան հավանականությունը մեծ է եղել` երեսուն տոկոս. փորձագետ

Երեխայի մահվան հավանականությունը մեծ է եղել` երեսուն տոկոս. փորձագետ

Երեխայի մահվան հավանականությունը մեծ է եղել: Դատարանում այս մասին հայտնեց Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենադանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը, ով դատարան է հրավիրվել որպես փորձագետ երկամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ հարուցված գործով:

 

Մեղադրող դատախազի ճշտող հարցին, թե արդյո՞ք երեխան դատապարտված էր մահվան հենց հիվանդանոց մտնելու օրվանից, փորձագետ Ա. Չոբանյանը պատասխանեցՙ այո, և հավելեց, որ մահվան հավանականությունը երեսուն տոկոս է եղել: Այս հայտարարությունը վրդովեցրեց անգամ դատավարությունը նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանին. «Տիկի'ն, երեսուն տոկոսը նշանակում է, որ մահվան հավանականությունը մեծ էր: Յոթանասուն տոկոսով հավանականություն է եղել, որ կապրի: Յոթանասունը մեծ է երեսունից»:

 

Աննա Չոբանյանն իր ցուցմունքում նշեց նաև, որ հակաբիոտիկներով բուժում պետք է արվեր դեռևս մոտ երկու շաբաթ առաջ, երբ, ծնողների խոսքով, երեխան թույլ է եղել, ջերմել է: Իսկ մահից երեք օր առաջ հիվանդանոց բերելը, փորձագետի խոսքով, «շատ ուշ է եղել, քանի որ լեյկոցիտներն արդեն ցածր են եղել»:

 

Աննա Չոբանյանը, ինչպեսև փորձագիտական եզրակացության մեջ էր նշված, դատարանում տված իր ցուցմունքներում էլ նշեց, որ հիվանդանոց ընդունելու պահին նախնական ախտորոշումը ճիշտ է եղել և նշանակված բուժումն էլ համապատասխանել է նախնական ախտորոշմանը, բուժումը կատարվել է ամբողջ ծավալով:

 

Սակայն մեղադրողի այն հարցին, թե արդյո՞ք արյան անալիզ չպետք է վերցնեին, և դրա անալիզներից հետո միայն կորոշվեր, թե ինչ բուժում պետք է արվեր: Փորձագետը նշեց, որ անալիզը վերցվել է ամսի մեկին, սակայն արյան անալիզի արդյունքները գնահատվել են ամսի երկուսին. «Ամսի երեսունմեկին /երբ երեխան ընդունվել է հիվանդանոց/, կատարված գործողությունները եղել են համաչափ: Իսկ ամսի մեկին հետևողական չեն եղել, որ անալիզները պատասխանները վերցնեն»: Եվ այս մասով, փորձագետը նշեց, որ թերացում եղել է:

 

Արյան անալիզի գնահատումը ամսի մեկին ստանալուց հետո պետք է նշանակվեին հակաբիոտիկներ, ինչն արվել է միայն հիվանդանոց ընդունելուց հետո երրորդ օրը: Իսկ թե ինչու արյան անալիզի արդյունքները հնարավորինս շուտ չեն գնահատվել, Աննա Չոբանյանը նշեց. «Դա արդեն ձեր գործն է, դուք պիտի պարզեք»:

 

Դատավարության ընթացքում կրքերը պարբերաբար թեժանում էին: Երբ փորձագետին ուղղված հարցի վերաբերյալ ռեպլիկ արեց մեղադրյալ Լիլիթ Վարդանյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, տուժողի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը փաստաբանին ասաց. «Դուք փորձագետի պաշտպա՞նն եք, թե՞ Ձեր պաշտպանյալի»:

 

Երկու կողմերի վիճաբանությանը միջամտեց դատավոր Լ. Ավետիսյանը` նշելով, թե արդեն փողոցային «ռազբորկայի» մակարդակի խոսակցություններ են տարվում: Սաքունցն այս արտահայտությունից հետո ավելի բորբոքվեց և պահանջեց դատարանից` իրենից ներողություն խնդրել «փողոցային» բառի համար: Սակայն դատավորը հայտնեց, որ չի վիրավորել, Սաքունցին չի ասել «փողոցային», այլ ընդամենը խոսել է, որ հարաբերություններ պարզելու մակարդակն է այդպիսին: