կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 15:55
Իրավական

Երեխայի մահվան գործով ամբաստանյալ բժիշկը հրաժարվել է փորձագետ լինելուց

Երեխայի մահվան գործով ամբաստանյալ բժիշկը հրաժարվել է փորձագետ լինելուց

2 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով ամբաստանյալ` մանկաբույժ Զարինե Այվազյանին փորձագետի կոչում տալու մասին տեղեկություն էր տարածվել համացանցում:

 

Մահացած երեխայի հորեղբայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել. «Այսօր տեղեկացա, որ Լիա Միսակյանի գործով ամբաստանյալ Զարուհի Այվազյանին առողջապահության նախարարության կողմից շնորհվել է փորձագետի կոչում: Մարդ, ով այսօր` դատական նիստի ժամանակ, ոչ մի հարցի նորմալ չպատասխանեց»:

 

Հասկանալու համար` դիմեցինք առողջապահության նախարարություն: Նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը Yerkir.am-ին ասաց, որ անհասկանալի է, թե խոսքն ի՞նչ փորձագետի մասին է: «Կարող է լինել միջազգային փորձագետի կոչում` տրված միջազգային կազմակերպության կողմից, կարող է լինել որևէ դատական գործով փորձագետ, որը նույնպես մենք չենք տալիս: Այս պահին մեր մասով ոչինչ ասել չեմ կարող»,- հայտնեց նա:

 

Վերոնշյալ գործով` Զարինե Այվազյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Yerkir.am-ին հայտնեց, որ, որպես այդպիսին, «փորձագետի կոչում» չկա: «Հենց այս գործով էլ մենք հարցաքննում ենք փորձագետների, ովքեր բժիշկներ են: Եթե բժիշկը կոնկրետ մասնակցում է փորձաքննությանը կամ ներգրավված է լինում փորձաքննական հանձնաժողովում, ապա համարվում է կոնկրետ այդ գործով փորձագետ»,- ասաց նա:

 

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք իր պաշտպանյալը որևէ դատական գործով փորձագետ նշանակվել է, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Այո, կոնկրետ գործով նրան փորձագետ ներգրավելու հրաման եղել է, բայց նա հրաժարվել է»: