Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշտարակ քաղաքի բնակչուհի` 39-ամյա Նունե Մաղաքյանը արգանդի շրջանում եղած կիստայի վիրահատությունից հետո միայն իմացել է, որ հեռացվել է ոչ միայն կիստան, այլև արգանդն`իր հավելումներով, իսկ որոշ ժամանակ անց պարզվել է, որ վիրահատության ժամանակ կարել են միզածորանը, ինչ հետևանքով առաջացած բարդությունները հանգեցրել են երիկամի հեռացմանը: Կինը զրկվել է մայրանալու հնարավորությունից, կորցրել է բանկում մենեջերի աշխատանքը, հաշմանդամության կարգ ստացել:
2008 թվականի հոկտեմբերին բարորակ այդ գոյացությունը հեռացնելու համար դիմել է Մոր եւ մանկան գիտահետազոտական կենտրոն: Վիրահատությունը կատարել է կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը: Շուրջ երկու տարի առաջ Նունեի ամուսինը` Կարո Կարապետյանը, Yerkir.am-ի հետ զրույցում պատմել էր, որ այդ վիրահատությունից օրեր անց կնոջ վիճակը վատացել է:
Եվ դրանից հետո այլ բժշկական հիմնարկներում ևս չորս վիրահատություն է տարել Նունեն: Նախ` երիկամի լապարասկոպիկ վիրահատություն է կատարվել, երիկամում տեղադրվել է նեֆրոստոմա, որպեսզի մեզը այդպես դուրս գա օրգանիզմից: Այնուհետև երիկամի բաց վիրահատություն են կատարել: Ամիսներ անց, արդեն` 2009 թվականի փետրվարին, մեկ այլ վիրահատությամբ փորձել են կարված միզածորանը միացնել միզապարկին: Հաջորդ վիրահատության ժամանակ արդեն հեռացրել են երիկամը:
Առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջով Նունեն դիմել է դատարան: Նունեի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որպես փոխահատուցում, պահանջել է հինգ վիրահատության ծախսերը, ինչպեսև նոր երիկամի փոխպատվաստման վիրահատության ծախսը (235 հազար դոլարին համարժեք դրամ), ամսական 145 հազար դրամ աշխատավարձի վճարում (մինչ վիրահատությունը կինը բանկում հենց այդքան աշխատավարձ է ստանալիս եղել): Պահանջել է նաև փոխահատուցել զավակ ունենալու հնարավորությունից զրկվելու համար (10 միլիոն դրամ), սեռական նորմալ կյանք ունենալու հնարավորությունից զրկվելու համար (25 միլիոն դրամ), վիրահատությունների ընթացքում, ինչպեսև հետագայում շուրջ 200 օր գամված մնալու հետևանքով կրած տառապանքների համար (20 միլիոն դրամ), նաև` դատական ծախսերը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ: Հայցը մերժվել է ամբողջությամբ: Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ բժշկական սխալ չի կատարվել:
Նախ նշենք, որ այս դեպքի առթիվ հարուցվել է նաև քրեական գործը, որը կարճվել է: Վճռի «Դատարանի իրավական վերլուծությունները» մասում կարդում ենք, որ քրեական գործի շրջանակներում առերես հարցաքննության ժամանակ Գ.Օկոևը պնդել է, որ իրենց կենտրոն դիմելուց հետո ինքը հարցրել է կնոջը, թե ցանկանո՞ւմ է հետագայում երեխաներ ունենալ, իսկ Մաղաքյանը պատասխանել է, որ չի ցանկանում, և դրանից հետո ենթարկվել է տարբեր տեսակի հետազոտությունների:
Քրեական գործի շրջանակներում կատարվել են նաև դատաբժշկական փորձաքննություններ, որոնց համաձայն` բժշկական սխալ չի եղել: Ավելին` նշվել է, որ մինչվիրահատական հետազոտությունների ժամանակ հնարավոր չի եղել ախտորոշել այն փոփոխությունները, որոնք հայտնաբերվել են վիրահատության ընթացքում: Մասնավորապես` հենց վիրահատության ժամանակ հայտնաբերվել են կպումային պրոցեսներ ու արգանդի միոմա` 8-9 շաբաթական հղիության չափ:
Ինչ վերաբերում է միզածորանը կարելուն, ապա փորձագիտական եզրակցության մեջ նշվել է, որ «արգանդի հավելումներով հեռացման վիրահատության ժամանակ միզածորանի կապում պատահում է, առավել ևս` երկկողմանի էնդոմետրոիդ կիստաների և կպումային փոփոխությունների առկայության դեպքում, ինչը եղել է Ն. Մաղաքյանի մոտ»:
Այն, որ բժշկական սխալ չի եղել Օկոևի գործողություններում, նշվել է նաև երրորդ փորձագիտական եզրակացության մեջ` տրված գերմանացի Թոմաս Եգերի կողմից: Այս փորձաքննությունը կատարվել է հայցվոր Նունե Մաղաքայանի միջնորդությամբ:
Հետագայում առաջին ատյանի դատարանի վճիռը մնացել է անփոփոխ` վերաքննիչ դատարանի որոշմամբ, իսկ վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև հայցը հիմնավոր էր, սակայն հույսեր չեն ունեցել, որ այն կբավարարվի. «Մենք գիտեինք, որ կպարտվենք Հայաստանում, պիտի Եվրադատարան դիմեինք, ուղղակի երեխան առողջական խնդիր ունեցավ, ամեն ինչ թողեցին մի կողմ ու սկսեցին երեխայով զբաղվել»:
Տ. Աթանեսյանը նշեց, որ, մոր հետ կապված, երեխան հոգեկան սթրես է տարել: Դրա պատճառով էլ Եվրադատարան դիմելու ժամկետներն են բաց թողել, և ներհայաստանյան ատյաններով գործն ավարտվել է: