կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 18:34
Առանց Կատեգորիա

Սոցիալական պայթյունը կասեցնելու` իշխանության բիրտ բանաձևը

Սոցիալական պայթյունը կասեցնելու` իշխանության բիրտ բանաձևը

Այսօր Աֆրիկյանների շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել yerkir.am-ի` իր մասնագիտական պարտականությունները կատարող թղթակիցը: Քաղաքացիների, լրագրողների նկատմամբ պահվածքում ոստիկաններն արդեն անցնում են բոլոր սահմանները` շատ դեպքերում պահելով իրենց շարքային անդաստիարակների նման: Բռնի, անհամաչափ ուժը, որ ոստիկանությունը կիրառում է վերջին շրջանում, աննախադեպ է` 2008թ. հետո ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Իմիջային նման շրջադարձը պատահական լինել չի կարող. նախկին և ներկա ոստիկանապետները չափից դուրս մեծ ռեսուրսներ ու էներգիա էին ծախսել «հրեշտակային» ոստիկանության դիմագիծ կերտելու համար, և եթե հիմա որոշել են ձևականությունների հետևից այլևս չընկնել, ուղղակի անհրաժեշտ է համարվում, որ հասարակությունն այս փուլում ոչ միայն հենց այսպիսի ոստիկանություն տեսնի, այլև ուղղակի սարսափի նման ոստիկանության հետ գործ ունենալուց:

 

Ոստիկանությունը հատկապես բծախնդիր և նյարդային է դառնում բոլոր այն հասարակական ակցիաների ու պրոցեսների նկատմամբ, որոնք սոցիալական ուղղվածություն ունեն: Աֆրիկյանների շենքի համար, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասնակիցներին «կատոկելուց» առաջ այդ մեքենան կիրառվել էր նաև երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի դեմ բողոքող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների նկատմամբ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած վերջին երթերը ևս պարբերաբար ուղեկցվում էին ոստիկանների հետ բախումներով:

 

Այս օրինաչափությունը տարօրինակ և պատահական չի կարող լինել: Խնդիր է դրվել ցանկացած գնով կանխարգելել բոլոր այն շարժումների հետագա ծավալումը, որոնք սոցիալական բունտի տարրեր կամ նախանշաններ են պարունակում: Իսկ դա արդեն նշանակում է, որ իրականում ոստիկանությունը ոչ թե իր անհաղթելիությունն ու ուժեղ լինելն է ցուցադրում, այլ ագրեսիվության ներքո թաքցնում է նման զարգացումների` անգամ տեսական հնարավորություններից թե իր և թե, ընդհանուր առմամբ, իշխանության մոտ նստվածք տվող վախը: Իսկ եթե առկա է վախի գործոնը, նշանակում է համակարգը խիստ իրատեսական է համարում կուտակվող լիցքերի հանրագումարի արդյունքում սոցիալական պայթյունի կամ բունտի հնարավորությունը: Բայց ագրեսիան անզորության դրսևորում է: Հետևաբար, եթե իշխանությունն արդեն ապավինում է սեփական հասարակության հետ դրա լեզվով խոսելու մեթոդաբանությանը, նշանակում է այլևս կորսված են քաղաքակիրթ երկխոսության, կոնսենսուսի հասնելու բոլոր այլընտրանքային հնարավորությունները:

 

Նույն ձեռագիրը, որով ոստիկանությունն է գործում փողոցում, կիրառում է քաղաքական մեծամասնությունը` արդեն ամբիոնների մոտ: Նախորդ շաբաթավերջին կառավարության նախաձեռնությամբ կազմակերպված ԱԺ արտահերթ նստաշրջանը վերածվեց իսկական տրագիկոմեդիայի, երբ սահմանային, ցայտնոտային վիճակում հայտնված ՀՀԿ խմբակցությունը, խուսափելու համար նստաշրջանի, ապա նաև դրա օրակարգի տապալման միանգամայն իրատեսական հեռանկարից, դիմեց «տապորային» մեթոդների: ԱԺ նախագահը փոքրամասնության պատգամավորներին և խմբակցություններին զրկում էր ձայնի իրավունքից, բոլորի աչքի առաջ օրինագծերն ընդունվում էին բացակա պատգամավորների փոխարեն կոճակ սեղմելու ավանդական ձևերով, մեկ օրվա ընթացքում օրինագծերն անցնում էին երկու, երեք ընթերցում միանգամից: Եվ այդ ամենը տեղի է ունենում հրապարակավ և որքան հնարավոր է լկտի ձևով:

 

Թե ԱԺ մեծամասնությունը և թե կառավարությունը ոստիկանության օրինակով (կամ հակառակը) այլևս ձևականությունների ետևից չեն ընկնում: Վերացել է պոպուլիզմի այն տոնը, որը գերակշռում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարության խոսքում: Եթե խնդիր է դրված ցանկացած գնով անցկացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը` միայն ՍԴ որոշումը շրջանցելու խնդիրը լուծելու համար, ուրեմն պետք է դա անել մանր ժուլիկություն հիշեցնող միջոցներով: Իշխանությունը բացարձակապես չի ուզում տեսնել իր` բոլոր իմաստներով սահմանային վիճակում գտնվելու փաստը, այն գործընթացների ներքին տրամաբանական, պատճառահետևանքային կապերը, որոնք զուգահեռաբար տեղի են ունենում փողոցում` քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ, և խորհրդարանում` քառյակի համաձայնեցված գործողությունների արդյունքում:

 

Քաղաքական մեծամասնությունն ադեկվատ չէ այն պատճառով, որ իր շուրջը տեղի ունեցող զարգացումներն ընկալում է որպես իշխանության` իբրև իր մասնավոր սեփականության նկատմամբ հասարակական իզգոյ կամ մարգինալ շրջանակների, քաղաքական օպոնենտների կողմից անհանդուրժելի ոտնձգություն: Այս մտայնությունը վերածվել է այնպիսի մտագարության, որ իշխանությունն անգամ չի նկատում իր կիրառած մեթոդների հնացածության և վնասակարության փաստը, այն պարզ ճշմարտությունը, որ այսօրվա դարի քաղաքացու հետ հնարավոր չէ խոսել «դուբինկաների» լեզվով: Այդ լեզուն ոչ թե իշխանությանը հանելու է ցայտնոտից, այլ ավելի է խորացնելու փակուղին, որից ելքը, օրինակ, Ուկրաինայում ուղղակի համարեցին այդ լեզուն կտրելը: Իշխանությունը, թերևս, լրջորեն կարծում է, որ ապահովագրված է նման հեռանկարից, և որ այդ երաշխիքն իրեն տալիս է Մաքսային միություն մտնելու այցետոմսը:

 

Գևորգ Աղաբաբյան