Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Հայաստանի իշխանությունների կողմից Խաղաղ ցուցարարների և լրագրողների հանդեպ առանձնակի դաժանությամբ կիրառված բռնությունները։ Միևնույն ժամանակ հայկական կազմակերպությունները կոչ են անում համայն հայությանը՝ չմնալ անտարբեր, արտահայտել իրենց վերաբերմունքն ու տեսակետը, դատապարտել ՀՀ իշխանությունների ապազգային, հակահայ և հակամարդկային գործունեությունը։
Կազմակերպությունները հորդորում են սփյուռքի իրենց հայրենակիցներին լիարժեքորեն միանալ պայքարին՝ կանխելու հետագա բռնությունները, կասեցնելու Նիկոլ Փաշինյանի և իր թիմի պետականակործան ընթացքը։
«Սիրելի հայրենակիցներ․
Հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության ուժերը բողոքի խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ առանձնակի դաժանությամբ կիրառեցին հակաիրավական և հակամարդկային բռնություններ, որոնց հետևանքով ավելի քան 100 մասնակիցներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դրան զուգահեռ՝ ապօրինաբար ձերբակալվել են մոտ 100 ցուցարարներ, որոնցից շատերի նկատմամբ իրականացվել են խոշտանգումներ և արժանապատվության նվաստացմանն ուղղված գործողություններ։
Ոստիկանական բռնապետության վերածված Հայաստանի Հանրապետությունը՝ մեր բոլորիս Հայրենիքը, կառավարվում է մի ռեժիմի կողմից, որը ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը ստորադասել է թշնամական երկրներից հնչող պահանջներին ու հանձնարարականներին, այլև իր սեփական ժողովրդի հանդեպ վարվում է առանձնահատուկ դաժանությամբ և արհամարհանքով՝ ստորացնելով մեր բոլորիս պատիվն ու արժանապատվությունը։
Ֆիզիկական բռնություններին զուգահեռ նոր թափ են ստացել տեղեկատվական և հոգեբանական բռնությունները։ Անտրամաբանական, զարհուրելի և զազրելի ստի ու կեղծիքի միջոցով տարվում է մեր միասնականությունը խարխլող, մեզ ու մեր արժեքները բաժանող քարոզչություն։ Պետական և հանրային լրատվամիջոցներով տարածվող ստի և կեղծիքի միջոցով փորձ է արվում կտրել մեզ մեր արմատներից, պատմությունից և ինքնությունից։ Շատերն են այսօր այդ քարոզչության զոհը դարձել՝ համալրելով անտարբերների բանակը։ Այս ամենը հաշվի առնելով պետք է արձանագրենք, որ Հանուն հայրենիքի և պատվի այս պայքարը իրավամբ անհրաժեշտություն է, որին պետք է զինվորագրվի «Պատիվ» և «Հայրենիք» ունեցող ամեն հայ, աշխարհի որ ծայրում էլ որ գտնվի։
Ռուսաստանաբնակ սիրելի հայրենակիցներ, հայ համայնքի կյանքն ու գործունեությունը կազմակերպող սիրելի միություններ, քաղաքական, հանրային և հասարակական հարգելի գործիչներ․Մի՛ մնացեք անտարբեր, արտահայտե՛ք ձեր վերաբերմունքն ու տեսակետը, դատապարտե՛ք ՀՀ իշխանությունների ապազգային, հակահայ և հակամարդկային գործունեությունը։ Լիարժեքորեն միացե՛ք պայքարին՝ կանխելու համար հետագա բռնությունները, կասեցնելու համար Փաշինյանի իշխանության պետականակործան ընթացքը, վերագտնելու համար մեր պատիվն ու հայրենիքը։
Սպասում ենք բոլորիդ՝ անուն առ անուն, այլապես վաղը ստիպված պիտի լինենք դրամահավաք կազմակերպել Հայաստանից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար։ Այլապես վաղը ստիպված պիտի լինենք ողբալ հերթական քանդվող վանքի, ոչնչացվող գերեզմանների, թուրքի կողմից պղծվող մեր հայրենիքի համար։ Միացեք պայքարին, անտարբերությունը հանցակցություն է։
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանին սատարողները թող հասկանան, որ իրենց աջակցությամբ ընդամենը հանցակից են դառնում թշնամուն՝ բարդացնելով ազգային ազատագրական պայքարը, որի հաղթանակն անխուսափելի է։
Մենք, ներքոստորոգրյալ կազմակերպություններս, անվերապահորեն աջակցելով այլևս «Հայերը հանուն հայրենիքի» վերածված շարժմանն ու նրա կողմից տարվող ազգային-ազատագրական պայքարին՝ կոչ ենք անում համայն հայությանը ակտիվորեն մասնակցել այդ պայքարի շրջանակներում իրականացվող գործողություններին»։
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ
ՀՅԴ Ռուսաստանի առանձնակի կոմիտեություն
Ռուս-հայկակական ռազմավարական նախաձեռնությունների աջակցության կենտրոն
Հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանության<<Դեպի Արարատ>> միություն
«Միություն և բարեսիրություն» Հիմնադրամ
«Համազգային» մշակութային-կրթական համահայկական միության Ռուսաստանի կազմակերպություն
Ջավախքի Հայերի Միություն
Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Մոսկվայի Մասնաճյուղ
Հայ Օգնության Միության Ռուսաստանի կազմակերպություն «Ապավեն» համառուսաստանյան բարեսիրական միություն
ՌԴ Պուշկինոյի շրջանի հայկական մշակութային ինքնավարություն
Մոսկվա, 13 հունիսի 2024 թ․