կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 17:56
Քաղաքական

Արգելվում է` կենդանիներին վախեցնել, առանց ցավազրկման ամորձատել, եղունգները կտրել. զավեշտալի օրինագիծ՝ ԱԺ-ում

Արգելվում է` կենդանիներին վախեցնել, առանց ցավազրկման ամորձատել, եղունգները կտրել. զավեշտալի օրինագիծ՝ ԱԺ-ում

ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «Սննդամթերքի անվտանգության և պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեջբերումներ արեց մի օրենքից, որն ավելի շատ զավեշտ հիշեցրեց:

 

«Օրենքով արգելվում է կենդանիններին վախեցելը, միմյանց նկատմամբ սադրելը, առանց ցավազրկման ամորձատելը, եղունգները կտրելը, կենդանիների մարմնի դյուրազգաց մասերը սեղմելը, պոչերը ճզմելը, ոլորելը, գլուխներից ու պոչերից բռնած քարշ տալը»,- մեջբերեց պատգամավորը:

 

«Կենդանիներին ուղեկցող մարդիկ պետք է հաշվառվեն լիազոր մարմնում, օրենք է, «Արմքոմեդի»-ից չեմ մեջբերումներ անում: Հիմա այս օրենքի նախագիծը չե՞ք նայել` ինչ է գրած, արդյո՞ք կիրառելի է, և արդյո՞ք չկատարման դեպքում պատժամիջոցներ են կիրառվում, ինչպե՞ս են դրանք կիրառվելու»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

 

«Զարմանալու բան չկա: Կենդանիների հանդեպ պետք է մարդասիրական վերաբերմունք ցույց տալ, և դա ԵՄ և միջազգային կազմակերպությունների պահանջներն են, և ԵՏՄ մտնելու համար պետք է մեր օրենսդրությունը համապատասխանեցնենք միջազգային չափորոշիչներին, այնպես որ` նորմալ է գրված»,- ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Արամ Մանուկյանը կրկին հարցրեց. «Ախր ինչպե՞ս եք վերահսկելու` Եղեգնուտ գյուղում Պողոսն առանց ցավազրկմա՞ն է ամորձատում, ցանկացած մարդ իր տանը իր կատվի ու շան եղունգները հեռացնո՞ւմ է, ես քաշո՞ւմ եմ իմ նապաստակի ականջներից, մյուսն էլ` իր կատվի պոչից: Օրե՞նք է խախտվում, և տույժեր պետք է կիրառվե՞ն»:

 

Նախարարը նշեց, որ որոշ դրույթնեն կան, որոնք կենցաղում դժվարությամբ կարող են ներմուծվել, բայց դա չի նշանակում, որ այդ օրենքի պահանջները չպետք է կիրառվեն: