Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պուտինի հետ հանդիպել պատրաստվող Զելենսկուն խորհուրդս եղել է այն, որ Պուտինը չի շփվում ինչպես քաղաքական գործիչը քաղաքական գործչի հետ, Պուտինը հավաքագրում է. ըստ yerkir.am-ի` ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ ծավալուն հարցազրույցում ասել է Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Երբ առաջին անգամ գնացի Պուտինի հետ բանակցելու, մեծ սպասումներ ունեի: Մեր խոսակցությունը տևեց հինգ ժամ: Սկզբում պաշտոնական մասն էր, հետո ինձ տարան մեկ այլ աշխատասենյակ, նա ասաց` Ստալինի աշխատասենյակն է: Հանեց պիջակը: Մենք նստեցինք բուխարու մոտ: Նա կոնյակ բերեց, թեյ… Եվ մենք խոսեցինք մի քանի ժամ: Եվ հետո` զրույցի վերջում, ես սկսեցի ինձ հարց տալ` իսկ ո՞ւմ է նա հիշեցնում: Ու հիշեցի. երբ ծառայում էի սահմանապահ զորքերում, մայոր Պետրով ունեինք: Նա ինձ գիշերվա երկուսին իր մոտ` հատուկ բաժին կանչելու ու ոչ մի բանի մասին զրուցելու սովորություն ուներ … Ամեն զրույցից հետո ինձ ինչ-որ բան ստորագրել տալու փորձ էր արվում, ինչին ես պատասխանում էի քաղաքավարի հրաժարվելով: Բայց նա չէր վիրավորվում, հաջորդ անգամ էլի կանչում էր: Այդպիսին էր նաև Պուտինը: Ես հասկացա, որ դա մեծ ու փոքր երկրների միջև բանակցություններ չեն, երկու քաղաքական գործիչների հանդիպում չէ: Հասկացա, որ հավաքագրման պրոցես է, և Պուտինը պարզապես ինձ միավորներ է նշանակում, ուսումնասիրում է բնավորությունս, թուլություններս»,- պատմել է Սահակաշվիլին:
Ըստ նրա` առաջին հանդիպման ժամանակ Պուտինը շատ բարեհամբույր է եղել, սակայն երբ Վրաստանում ձերբակալել են ռուսաստանցի լրտեսների, որոնց հետագայում եվրոպացիների միջնորդությամբ արտահանձնել են, նա իրեն այլ կերպ է պահել: «Երբ Մինսկում գագաթնաժողովի ժամանակ հանդիպեցինք, նա ինձ տարավ առանձին մութ սենյակ ու եղունգները խրեց ծնկիս մեջ… ու սպառնաց պատերազմով: Եվ կարծում եմ` նա չէր կատակում, ինչը հետո հաստատվեց»,- պատմել է Սահակաշվիլին:
Գորդոնի հարցին` ճի՞շտ է, որ նա նույնիսկ Սարկոզիի փողկապից է բռնել ու փորձել խեղդել, Վրաստանի նախկին նախագահը պատասխանել է. «Այո, այո, բռնել է: Համենայն դեպս, Սարկոզին ինչ-որ նման բան, կարծեմ, պատմել է: Այն, որ Սարկոզին Պուտինի հետ բանակցություններից հետո եկել էր ինձ մոտ ու ակներևաբար ապակայուացած ու վախեցած էր, ասում էր` որ Պուտինը շատ վտանգավոր է, որ իսկական զոմբի է, որ իսկապես իր փողկապից բռնել է, դա ես կարող եմ պատմել` որպես փաստ»:
Սակայն, նրա կարծիքով, Պուտինն այնքան էլ վտանգավոր չէ, որ նրանից հարկ լինի շատ վախենալ, թեև, անշուշտ, պետք է զգույշ լինել: «Պետք է հիշել, որ ես այն քիչ մարդկանցից եմ, որոնց նա բացեիբաց սպառնացել է սպանել, իսկ ես դեռ ողջ եմ: Նա մի քանի անգամ բացեիբաց սպառնացել է ինձ սպանել բազմաթիվ տեսախցիկների առջև, Սարկոզիի առջև, ի դեպ»,- պատմել է Սահակաշվիլին` հավելելով, որ Ֆրանսիայի նախագահի միջոցով Պուտինն իրեն տեղեկացրել է, որ «ամորձիներից կկախի»:
«Բայց այն ժամանակ դա վախեցնելու մեթոդ էր, որպեսզի ես ստորագրեմ այն, ինչ նրանք ինձ ուղարկել էին: Անշուշտ, ես չստորագրեցի»,- նշել է նա` ընդգծելով, որ խոսքը կապիտուլյացիայի ու Վրաստանի մասնատման մասին է եղել, ու թեև Սարկոզին, որ բերել էր այդ փաստաթուղթը, իրեն հորդորել է ստորագրել, հակառակ դեպքում` «ռուսական տանկերն առավոտյան այստեղ կլինեն ու քեզ կսպանեն, իսկ քո ընկեր Բուշը քեզ չի փրկի», ինքը հրաժարվել է:
Անդրադառնալով Գորդոնի դիտարկմանը, թե, ըստ Բորիս Նեմցովի պատմածի, Պուտինի հետ իր հարաբերությունները վատացել են, երբ բոլորի ներկայությամբ նրան Լիլիպուտին է անվանել, Սահակաշվիլին ասել է, որ դա ճիշտ չէ: «Պուտինը կրկնել է կլիշեն, որը ռուսաստանցիներն են տարածել: Ես մշտապես չափազանց քաղաքավարի եմ եղել Պուտինի հանդեպ: Ընդհանրապես եղել են պահեր, երբ նա է հայհոյանքի անցել, դե` մի քիչ: Բայց ես` երբեք»,- ասել է նա` կարծիք հայտնելով, որ Պուտինն, այնուամենայնիվ, ինչ-որ չափով իրեն հարգում է. երբ չես խոնարհվում նրա առաջ, նա դա հարգում է:
Գորդոնի հարցին` Պուտինն իրեն վերաբերող հատվածը, Ձեր կարծիքով, կդիտի՞, Սահակաշվիլին պատասխանել է. «Նա, անշուշտ, ամեն ինչ դիտում է: Նա ինձ զանգել ու ասել է. «Դու Գերմանիայում ինչ-որտեղ ինչ-որ ռեստորանում իմ մասին ասել ես…»: Լավ, այն ժամանակ ես նախագահ էի, բայց շատ հաճախ ինձ հիմա էլ է հիշում, էլ չասեմ նրանց բոլոր մամուլի քարտուղարների ու այլնի մասին»:
Վրաստանի նախկին նախագահը հայտնել է, որ Պուտինի հետ 30-ից ավելի հանդիպում է ունեցել, գուցե` 40: «Այո, շատ, և մենք ժամերով բանակցել ենք: Նա համարյա մազոխիստական հաճույք էր ստանում ինձ հետ շփումից… Օրինակ` բանավիճում էր: ԱՊՀ ոչ մի առաջնորդի հետ (երբեմն գուցե Լուկաշենկոյի) այն ժամանակ համատեղ մամուլի ասուլիսներ չէր հրավիրում: Հատկապես` փոքրերի հետ: Երբեք: Ինձ հետ նա մամուլի առջև էր դուրս գալիս, բանավեճեր կազմակերպում»,- պարծեցել է նա` հավելելով, թե երբ ինքն ինքնաթիռ է վարել, երկու շաբաթ անց Պուտինն է նստել օդանավի ղեկին, ինքը սուզվել է Սև ծովում, մեկ շաբաթ անց Սև ծովում նույնն արել է Պուտինը, ինքը «Ֆորմուլա 1»-ի մեքենա է վարել, մեկ շաբաթ անց` Պուտինը…
Համենայն դեպս, Պուտինին նկարագրելիս Սահակաշվիլին այսպիսի կարծիք է հայտնել. «Շատ տաղանդավոր է, սակայն շատ թուլություններ ունի: Օրինակ` հանկարծակի իրավիճակներում կորցնում է իրեն: Եթե պատրաստվում է երկար, եթե գիտի` ինչ է լինելու 2-3 տարի անց, շատ ուժեղ պատրաստվելու է… Եթե հանկարծ ճգնաժամ լինի, հանկարծակի իրավիճակ, կորցնում է իրեն: Հիանալի օրինակ է կորոնավիրուսը: Նա նստեց բունկերում ու գործնականում կորցրեց իր վարկանիշը»:
Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև ռուս-թուրքական հարաբերություններին: Սահակաշվիլին ասել է, որ լավ ճանաչում է Էրդողանին: «Վերջին անգամ Էրդողանին տեսել եմ մի քանի տարի առաջ, նա ինձ հրավիրել էր ընթրիքի: Բառացիորեն 2017-ին, կարծեմ: Հենց հեղաշրջման փորձից առաջ (հեղաշրջման փորձը եղել է 2016-ին- yerkir.am): Հաճելի զրույց ունեցանք: Նրանք Ռուսաստանի հետ բարդություններ ունեին, և նա ասաց, որ իրենք երբեք չեն հանձնվի, որ կպաշտպանեն Թուրքիան ցանկացած հարձակումից, այդ թվում` Ռուսաստանի: Նա շատ մարտական տեսք ուներ: Բայց որոշ ժամանակ անց նա Պուտինի հետ հաշտվեց: Սակայն դա, միևնույն է, երկարատև պատմություն չէ, որովհետև ռուսաստանցիները թուրքերին նայում են վերևից, իսկ թուրքերը հպարտություն ունեն: Էրդողանն էլ ուժեղ անձնավորություն է: Բայց հիմա նա էլ խնդիրներ ունի, ինչպես Պուտինը: Նրա վարկանիշն էլ էապես ընկնում է»,- նշել է Միխեիլ Սահակաշվիլին: