Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված:
Դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց. «Ստացվում է, որ իրենք վարկ են վերցնում, մենք վճարում ենք: Մի քիչ էլ չպե՞տք է իրենք տուժեն` պակաս շահույթ ունենալով, ոչ թե ֆինանսական ճեղքվածքի համար վճարի քաղաքացին: Չեմ հավատում, թե նրանք վնասով են աշխատում: Ստացվում է, որ մենք պետք է վճարենք, որ իրենք վճարեն վարկը, այսինքն` մեզանից պարտք են վերցնում, բայց հետո մեզ վերադարձնելո՞ւ են այդ պարտքը: Բնակչությունից պարտքով փող են վերցնում, չէ՞, սպառողի մեղքով չի առաջացել այդ վիճակը, ինչպե՞ս պետք է կոմպենսացվի այդ վիճակը»:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերն իրենք չեն սպասարկում, դա իրենց չի անհանգստացնում, որովհետև կա առքուվաճառքի պայմանագիր: «Բայց արտոնյալ վարկը պետք է վերադարձնենք ճապոնական կառավարությանը»,- ասաց նա:
Ստեփան Մարգարյանն արձագանքեց, որ եթե քաղաքացին պետք է վճարի այդ պարտքի դիմաց, ապա պարտքը մարելուց հետո, երբ կվերանան ֆինասնական խնդիրները, կիջեցվի՞ էլեկտրաէներգիայի սակագինը: Ռոբերտ Նազարյանն էլ պատասխանեց, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագները հաշվարկում ու կանխատեսումներ է անում մեկ տարվա կտրվածքով: «Անցած տարի մենք ունեինք սպառման մի ծավալ, այս տարի` մեկ այլ ծավալ: Այն ծախսերը, որոնք 2014-2015թթ. կան, դրանք միանվագ ծախսեր են»,- ասաց նա:
Ռոբերտ Նազարյանի խոսքով` կապ չունի` սակագների վերանայումը հանձնաժողովի նախաձեռնությա՞մբ է լինում, թե՞ կազմակերպությունների ներկայացրած հայտերի արդյունքում: Նրա խոսքով` բոլոր 11 ընկերությունները ներկայացրել են պահանջ, որ հանձնաժողովը սկսի սակագնի վերանայման գործընթաց:
«Ինչո՞ւ «Հայռուսգազարդը» կարող է հայտ ներկայացնել, իսկ էներգետիկայի ոլորտի ընկերությունները չեն կարող: Որովհետև «Հայռուսգազարդը» գազը գնում, տեղափոխում, բաշխում է ու կարողանում է ճիշտ գնահատել, թե որքան պետք է լինի սակագնային մեծությունը: Բայց տասնմեկ ընկերություն մեզ դիմել է, միայն «Որոտան կասկադը» մեզ չի դիմել, էն էլ` հասկանալի պատճառներով: Մենք էլ ի մի ենք բերել ու փորձել ենք գնահատական տալ իրավիճակին: Կարող եմ կանխատեսել, որ մյուս տարի գնի բարձրացում չենք ունենա, գինը կմնա նույնը: Չի բացառվում, որ կնվազի, բայց այսօր վստահաբար չեմ կարող ասել նվազման մասին, միայն կարող եմ ասել, որ հաջորդ տարի չի բարձրանա սակագինը»,- ասաց Ռոբերտ Նազարյանը: