կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-10 15:50
Քաղաքական

Պատգամավորը գիտի, թե ինչու է թանկացել էլեկտրաէներգիան

Պատգամավորը գիտի, թե ինչու է թանկացել էլեկտրաէներգիան

Արդեն տեղեկացրել ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17-ի նիստում կքննարկվի էլեկտրաէներգիայի սակագնի հարցը: Հանձնաժողովն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով` ցերեկը դարձնելով 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերը՝ 37.28 դրամ/կՎտժ:

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը, նշեց, որ իրականում այս թանկացումը որևէ մեկի սրտով չէ: «Եվս մեկ անգամ այդ հոգսն ընկնում է ժողովրդի վրա: Շուրջ 7 դրամը, իրոք, լուրջ թիվ է, և այն իր ազդեցությունն, անշուշտ, կունենա: Բոլոր այն ապրանքները, որոնք անմիջական կապ ունեն էլեկտրաէներգիայի հետ կթանկանան: Սրա պատասխան տվողը ժողովուրդն է»,- ասաց նա:

Մեր հարցին, թե ո՞վ է այս ամենի մեղավորը, Արագած Ախոյանը պատասխանեց. «Կարծում եմ` հենց ՀԷՑ-ն է մեղավոր: Իհարկե, նշեմ, որ գոյություն ունի նաև ինֆլյացիա, և մենք տեսանք ` ինչ տեղի ունեցավ: Սա նաև վատ կառավարման հետևանք է: Խոսքս ՀԷՑ-ի վատ կառավարման մասին է: Միանշանակ, ամբողջ մեղքի բաժինը հենց այդ ընկերության վրա է ընկնում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չէր կարող մտնել այստեղ և տեսնել` ինչ կա, որովհետև դա աուդիտի արդյունքում պետք է երևա և, բնականաբար, կառավարման համակարգի ուշիմության հետևանք պետք է լինի»:

Դիտարկմանը` եթե նման տեմպերով մեր պետությունում ամեն ինչ թանկանա, մեծ է վտանգը, որ ժողովուրդը կարող է արտագաղթել, պատգամավորը պատասխանեց. «Արտագաղթողն արտագաղթում է, իսկ մնացողը մնում է: Իհարկե, շատ ծանր է ու դժվար, եկեք` չսպառնանք մեր երկրին արտագաղթով: Դուք տեսել եք նաև` արտագաղթողներն ինչով են զբաղվում Ռուսատանում»:

Հարցին, թե ինչ-որ տեղ չի՞ բողոքելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, Արագած Ախոյանը պատասխանեց. «Չէ, ես չեմ բարձրաձայնելու, ես գիտեմ, թե ինչու է թանկացել էլեկտրաէներգիան: Բողոքելը կլինի իմ շրջանակներում: Հենց հիմա էլ, որ խոսում եմ, նշանակում է բարձրաձայնել: Բացի դրանից` ես էլ, բոլորն էլ արձագանքում ենք, բայց` անարդյունք: Մեր բարձրաձայնելու ազդեցությունն ու հետևանքն այն էր, որ ավելի շատ չթանկացավ»: