կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-16 15:55
Քաղաքական

ՀՀԿ-ի հետ հանդիպումից հետո Հեղինե Բիշարյանը հույսով է լցվել

ՀՀԿ-ի հետ հանդիպումից հետո Հեղինե Բիշարյանը հույսով է լցվել

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունում ընթանում էր ՀՀԿ-ՕԵԿ խորհրդակցությունy: Հանդիպմանը մասնակցում էին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ՀՀԿ-ից՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավոր Գագիկ Մելիքյանը և այլք:

 

Լրագրողների հետ զրույցում Հեղինե Բիշարյանն ասաց, որ հանդիպումը շատ կառուցողական էր, քննարկվել է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը:

 

«ՀՀԿ խմբակցությունում նույնպես համաձայն են, որ մեզ հետ համագործակցեն, նաև` համագործակցենք բոլոր քաղաքական ուժերով, որպեսզի տեսնենք՝ ինչպիսի խնդիրներ կան ընտրական օրենսգրքում` սկսած ամենակարևորից՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուց»,- ասաց նա:

 

Ճշտող հարցին՝ ՀՀԿ-ն համաձա՞յն է, որ փոխեն ընտրական համակարգը, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Իրենք համաձայն են, որ սկսենք համագործակցել դրա շուրջ, սկզբունքորեն դեմ չեն, որ աշխատանքային խումբ ստեղծվի, ու քննարկումներին դեմ չեն»:

 

Պատգամավորի խոսքով` նախկինում այդ հարցով ՕԵԿ-ը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու «Ազատ դեմոկրատների» հետ:

 

«Դաշնակցությունը»բերել էր նախագիծ, մեր խմբակցությունը ևս միացավ դրան, բայց չկարողացանք անցկացնել որպես օրենք: Ինչևէ, չպետք է դադարենք պայքարել, որ հարյուր տոկոս համամասնականը դարձնենք իրողություն: Այս տեսանկյունից մենք շարունակում ենք հետևողական գործողությունները»,- ասաց նա:

 

Բիշարյանը նաև հորդորեց ի սկզբանե չմտածել, որ ՀՀԿ-ն դեմ է լինելու, և այդ նախագիծը ևս չի ընդունվելու: «Քննարկումների ընթացքում կարող ենք հանգել նրան, որ մեծամասնություն ունեցող կուսակցությունը մեզ հետ այս հարցի շուրջ նույն դիրքորոշումն ունենա»,- ասաց նա: