կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 23:33
Արցախ

Արցախի վարչապետն ընդունել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին

Արցախի վարչապետն ընդունել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին

Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ քննարկելու 2013թ. բյուջեի կատարողականը և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ:

 

Վարչապետը ողջունել է իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև պարբերական շփումները՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և հիմնախնդիրների վերհանման համատեքստում: Կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալ-տնտեսական և կրթական որոշ ծրագրերի իրականացման ընթացքը:

 

Արա Հարությունյանը կարևորել է խորհրդարանի դերը պետբյուջեի կատարողականի արդյունավետության բարձրացման գործում՝ ակնկալելով կառուցողական առաջարկներ այդ ուղղությամբ: Վարչապետի խոսքով՝ հանրապետության բյուջեն ուղղված է գլխավորապես սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և դրա պլանավորումն ու իրագործումը պետք է ելնեն այդ տրամաբանությունից:

 

Քննարկվել են նաև կրթական համակարգին և կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը շեշտադրել է տնտեսությունում որակյալ կադրերի սղության խնդիրը և կարևորել իշխանության բոլոր ճյուղերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը նշված ոլորտում հաջողություններ գրանցելու համար:

 

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Շուշիի արհեստագործական ուսումնարանի նշանակությանը և նախատեսվող աշխատանքներին, որոնք սկսվելու են սեպտեմբերին: Արա Հարությունյանը համոզում է հայտնել, որ ֆրանսիական մոդելով աշխատող ուսումնարանն ի վիճակի է լինելու պատրաստել շինարարության բնագավառի որակյալ մասնագետներ:

 

Արցախի կառավարության տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ` հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: