կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-24 15:10
Քաղաքական

Վարչապետն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

Վարչապետն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները, հնարավոր մարտահրավերները և լուծման ուղիները:

Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: 
Կառավարության ղեկավարը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և զարգացման ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթությանը և գիտությանը, բանկային համակարգին և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետին են ներկայացվել բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք առաջարկություններ: 
Վարչապետը նշել է, որ նոր կառավարությունը, իր խնդիրները լուծելու ճանապարհին, հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ և այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին: Վարչապետի խոսքով՝ այդ փոփոխությունները լոկ անվանափոխության խնդիր չեն լուծում, այլև ենթադրում են լուրջ բովանդակություն և նպատակային գործառույթներ: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ, օրինակ, Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է գործարարներին օժանդակություն ցուցաբերող պետական այն օղակը, որը քննարկելու է նրանց կողմից բարձրացված խնդիրները և աջակցելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը: Վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության դերը՝ որպես յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմք և շեշտել, որ նոր կառավարությունը լրացուցիչ թափ է հաղորդելու կրթական համակարգի բարեփոխումներին: Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է Հանրային խորհրդի անդամներին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և ծրագրեր՝ տեսանելի արդյունքների գնահատմամբ: