Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Ազգային ժողովում կայացած՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցության 3 պատգամավորները 5 հարց են ուղղել գործադիրի ներկայացուցիչներին։
Քրեակատարողական հիմնարկները՝ արդարադատության կազմում
Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը կրկին բարձրացրել է ոստիկանության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկների՝ արդարադատության նախարարությանը փոխանցելու հարցը։ Պատգամավորը մասնավորապես հիշատակել է նախորդ տարի տեղի ունեցած՝ հանրային հնչեղություն ստացած դեպքերը, որոնց արդյունքում քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։
Անդրադառնալով հարցին՝ ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը կիսել է պատգամավորի մտահոգությունը եւ նշել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Գյուղատնտեսական օժանդակությունների անարդար բաշխում
Ալյոշա Գաբրիելյանի երկրորդ հարցը գյուղատնտեսության բնագավառում տրամադրվող պետական աջակցության ծրագրերի մասին էր։ «Այդ ծրագրերը ծառայում են որոշակի անձանց եւ հասու չեն փոքր ու միջին հողօգտագործողներին եւ անասնապահներին»,- ընդգծել է պատգամավորը։
Հարցին արձագանքել է ԱՀ գյուղնախարարության տեղակալ Տիգրան Առստամյանը՝ պարզաբանելով, որ գյուղատնտեսական աջակցության ծրագրերը տրամադրվում են շրջանների վարչակազմերի հայեցողությամբ։
«Ծրագրերը պետք է հասանելի լինեն բոլոր հողօգտագործողներին: Իսկ եթե ինչ-որ մեկը չի կարողանում օգտվել ծրագրերից, նշանակում է, որ դրանք գործող կարգին չեն համապատասխանում»,- ասել է Առստամյանը։
Զոհվածների նպաստը՝ 25 տարի անփոփոխ
Պատգամավոր Ռիտա Մնացականյանին հուզում էր Արցախյան ազատամարտում զոհվածների այրիներին եւ ծնողներին տրամադրվող նպաստների չափը, որը սահմանվել է 25 տարի առաջ եւ այս տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվել:
Պատասխանելով հարցին՝ ԱՀ սոցապ նախարար Սամվել Ավանեսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում չի վերանայվել միայն զոհվածների հարազատներին տրվող նպաստի չափը. «Մշտական վերանայվել են տարբեր վճարների չափեր. բարձրացվել են աշխատավարձերը, մինիմալ աշխատավարձը, թոշակները: Եթե դրամական օգնությունների ամբողջական փաթեթից ինչ-որ մի նպաստի տեսակ չի վերանայվել, ապա ինձ չի թվում, որ այդ ընտանիքները շատ լուրջ տուժում են՝ հաշվի առնելով, որ բոլորն օգտվում են մյուս վերանայված եւ բարձրացված նպաստներից»,- ասել է նախարարը եւ նշել, որ այդ հարցը մշտական օրակարգում է եւ առաջին իսկ հնարավորության դեպքում դրույքաչափերը վերանայվելու են։
Բռնադատվածները՝ առանց կարգավիճակի
Ռիտա Մնացականյանի երկրորդ հարցը Ադրբեջանի հետաքննական եւ նախաքննական մարմինների կողմից կամայականորեն անազատության մեջ պահված բռնադատվածների կարգավիճակի մասին էր: Պատգամավորը նշել է, որ բռնադատվածների՝ կարգավիճակ ստանալու համար դիմումները մերժվում են առանց հիմնավորումների:
«Բռնադատվածների մասին օրենքի համաձայն՝ բռնադատվածները համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց բացի պետք է դիմեն դատարան եւ ապացուցեն իրենց բռնադատված լինելու հանգամանքը»,- արձագանքելով հարցին՝ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը եւ նշել, որ վերջին հինգ տարիների ընթացքում մերժված դիմումների դեպքեր չի հիշում:
Ռ.Մնացականյանը խոստացավ տրամադրել մերժվածների ցանկը:
Երթուղիները՝ թերի
Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի հարցը վերաբերում էր շրջաններում տրանսպորտային գծերի հաճախականությանը։ Պատգամավորը նշել է, որ գյուղաբնակ ընտանիքները միայն շաբաթը մի քանի անգամ հնարավորություն ունեն այցելելու Ստեփանակերտ:
ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանը նշել է, որ կանոնավոր երթուղիների հարցը սպասարկող գծերից հրաժարվելու խնդրանքով են դիմել՝ շրջաններում անձնական մեքենաների շատացման արդյունքում անշահավետ վիճակում հայտնվելու պատճառով: «Հարցի լուծումը քննարկման փուլում է»,- ասել է Թորոսյանը: