կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-28 19:12
Արցախ

Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Խանցք գյուղի բնակիչների հետ

Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Խանցք գյուղի բնակիչների հետ

Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունն իր հերթական հանդիպումն ունեցավ Ասկերանի շրջանի Խանցք գյուղի բնակիչների հետ։

Պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանն ու Ռիտա Մնացականյանը հանդիպման ժամանակ ներկայացրեցին Ազգային ժողովի և խմբակցության կողմից կատարված եւ ընթացիկ մի շարք աշխատանքներ։

Ալյոշա Գաբրիելյանն անդրադարձավ երկրի արտաքին և ներքին հիմնախնդիրներին, որոնց լուծման երաշխիքներ համարեց ժողովրդի հաստատակամությունն ու միասնականությունը։

Պատգամավորն առաջնային խնդիրների մեջ կարևորեց բանակցային գործընթացում և Արցախի միջազգային ճանաչման հարցում խմբակցության մեծ դերակատարությունը։ Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման հաստատման և անվտանգության ապահովման խնդիրների լուծումները կհանգեցնեն Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ Նա արժևորեց Հայ Դատի գրասենյակների դերը Արցախի միջազգային ճանաչման գործում, որն աշխարհին ինտեգրվելու և խաղաղություն հաստատելու կարևոր նախապայմանն է։ Պատգամավորն ուրախալի փաստ համարեց վերջերս ԱՄՆ Կոլորադո նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը։

Ալյոշա Գաբրիելյանը անդրադարձավ սեպտեմբերին կայանալիք համայնքի ղեկավարների և ավագանու ընդհատված ընտրություններին։

Պատգամավոր Ռիտա Մնացականյանը ներկայացրեց սոցիալական և առողջապահական հիմնախնդիրները։ Նա ասաց, որ գյուղի գազաֆիկացման գործընթացի փաստաթղթերն արդեն պատրաստ են և շուտով կիրականացվեն սկզբնական աշխատանքները։

Ռիտա Մնացականյանը խոսեց վերջին 5 տարում կարիքավորության աստիճանը որոշող «Արցախ» ծրագրի մասին և ընդգծեց դրա կարևորությունը։

Պատգամավորն անդրադարձավ խմբակցության պահանջով բազմազավակ ընտանիքների բնարանային խնդիրների ծրագրային փոփոխությանը, գյուղական դպրոցներում 5-օրյա ռեժիմին անցնելու և «Կայուն սնունդ» ծրագիրն Արցախում իրագործելու հարցերին։

Հանդիպման վերջում գյուղացիները հնչեցրեցին վարկային քաղաքականությամբ գյուղատնտեսության զարգացման, ճանապարհների բարեկարգման և տրանսպորտի ապահովման վերաբերյալ հարցեր։

ԱԺ պատգամավորները հուսադրեցին, որ ներկայացված հարցերին իրենց ուժերի ներածին չափով լուծումներ կտան: Պատգամավոր Ռիտա Մնացականյանը դպրոցի տնօրինությանը նվիրեց ԱՀ Աժ փոխնախագահ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանի «Արցախի պատմություն» գիրքը՝ հորդորելով պատմության ժամերի 5-10 րոպեն տրամադրել Արցախի պատմության ուսուցմանը։

aparaj.am