կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 17:55
Հասարակություն

Դառնալու եմ բժիշկների ուրվականը. մայրը չի հաշտվում 3,5-ամյա դստեր կորստի հետ

Դառնալու եմ բժիշկների ուրվականը. մայրը չի հաշտվում 3,5-ամյա դստեր կորստի հետ

«Կորցնելու ոչինչ չունեմ, այն, ինչ ունեի, արդեն կորցրել եմ: Դիմելու եմ անգամ Եվրադատարան, որպեսզի պատժվեն մեղավորները. ամեն օր, ամեն ժամ աչքիս առջև է երեխայիս ասածը, արածը: Ես կորցրի աղջկաս բժիշկների մեղքով, բայց չեմ ուզում, որ մյուսների հետ էլ նման դեպք կատարվի` դրա համար էլ մեղավորները պետք է պատժվեն: Ես դառնալու եմ նրանց ուրվականը»,- սրանք 3,5-ամյա Սառա Հայրոյանի մոր` Նարինե Հայրոյանի խոսքերն են, որի փոքրիկը ամիսներ առաջ է մահացել:

 

3,5-ամյա Սառան /ծնված` 2010. 07.01/ սրտի բնածին արատ ուներ /մագիստրալ անոթների կորեկցված տրանսպոզիցիա, միջփորոքային միջնապատի դեֆեկտ, թոքային զարկերակի ստենոզ/, որը շտկելու համար էլ 2013-ի հոկտեմբերի 29-ին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում վիրահատվել է` կատարվել է արատի արմատական շտկում: Երեխայի մայրը պատմում է, որ դա պլանային վիրահատություն էր, քանի որ երեխայի մոտ ոչ մի նշան չկար, որ նա սրտի արատ ունի` ո՛չ կապտում էր, ո՛չ թուլանում, բավականին աշխույժ ու խելացի էր:

 

«Վիրահատող բժիշկը Հրայր Հովակիմյանն էր: Վիրահատությունը, որքան էլ բարդ էր, հաջող անցավ, և բոլոր բարդությունները, որոնք կանխատեսվում էին վիրահատության ժամանակ, չառաջացան: Վիրահատությունից հետո ինձ ասացին, որ երեխան այժմ առողջ սիրտ ունի և կապրի մինչև խոր ծերություն: Հետվիրահատական շրջանում էլ սկզբում դինամիկա կար, և բժիշկներն էլ համայցի ժամանակ ասում էին, որ դեպի լավն է գնում: 10-11 օր հետո նա այնքան լավ էր, որ ինքնուրույն քայլում էր, կանգնում, սնվում, խոսում ու անգամ` կատակում»,- ասում է Հայրոյանը:

 

Ամեն ինչ, սակայն, մոր հավաստմամբ, հետո է սկսվում, երբ երեխային որոշում են պալատ տեղափոխել: Հայրոյանի ներկայացմամբ` վիրաբույժը` Հրայր Հովակիմյանը, հորդորում է բժիշկներին, որ արյան անալիզ վերցնեն, բայց ոչ թե տվյալ բաժանմունքի բժիշկները դա անեն, այլ հատուկ մասնագետ կանչեն:

 

«Օրվա հերթապահը` Ստելլա Սարգսյանը, նեղացավ, թե` չեմ հասկանում, մենք բժիշկ չե՞նք, մասնագետ չե՞նք, որ մենք չանենք: Հետո հրահանգեց, որ իրենց բուժքույրերից մեկն անի դա, ով, սակայն, այդպես էլ չկարողացավ: Նրան հաջորդեց մեկ ուրիշ բուժքույր: Ամբողջ վերակենդանացման բաժանմունքում իրար վրա էին գցում, թե ով կարող է արյան անալիզ վերցնել: Երբ Սարգսյանն իմացավ, որ չեն կարողանում վերցնել, ասաց` ինքս կփորձեմ, բայց ինքն էլ չկարողացավ: Այդ ընթացքում երեխան հիստերիայի մեջ էր. պատկերացնո՞ւմ եք` հերթով գալիս-ծակում էին երեխային, քրքրում, բայց չէին կարողանում երակից արյուն վերցնել»,- ասում է Հայրոյանը ու հավելում, որ դրանից հետո երեխան սթրես է տարել` անընդհատ լացել, տեսիլքներ են երևացել աչքին, սկսել է անգամ մորը չճանաչել: «Սենյակում մենք մենակ էինք, իսկ նա ասում էր` մա'մ, էլի եկել են ինձ ծակեն, ասա թող գնան. ամբողջ գիշեր լացում էր, այդպես էլ չքնեց: Առավոտյան արդեն ասում էր` դու իմ մաման չես, գնա իմ մամային կանչի»,- պատմում է կինը:

 

Այդ գիշեր Հովակիմյանը գործի բերումով թռչում է Ամերիկա, բայց մինչ այդ ասում, որ երեխային անհրաժեշտ է պալատ տեղափոխել` գուցե միջավայրը փոխվի և երեխայի մոտ դրական փոփոխություն լինի: Բայց դրանից հետո, երեխայի մոր ներկայացմամբ, երեխայի վիճակը կտրուկ վատացել է, երեխան սկսել է չմիզել ու չխոսել:

 

«Այդ ժամանակ, երբ դիմում էի բժիշկներին, թե` գիտեք` երեխան չի միզում, ասում էին` դե, կմիզի էլի, մենք ի՞նչ անենք, մենք սրտի բժիշկ ենք, ու կարևորը` սիրտը լավ է: 10 օր անց նյարդաբանը եկավ և որոշեց, որ հոգեբույժ կանչեն` գուցե ուղեղի հետ խնդիրներ ունի, բայց հոգեբույժն ասաց, որ ուղեղը վնասված չէ, երեխան դեպրեսիայի մեջ է, անհրաժեշտ է, որ երեխայի հետ հոգեբանն աշխատի: Բայց հոգեբանն ասաց, որ ինքն այդ պայմաններում չի կարող երեխայով զբաղվել, քանի որ երեխան մտածում է, որ ինքն էլ է բժիշկ: Մեկ անգամ թույլատրեցին դուրս բերել երեխային հիվանդանոցից և տանել հոգեբանի մոտ, սակայն քանի որ շատ թույլ էր, հոգեբանն ասաց, որ լավ կլիներ` մի քիչ սնվեր, գոնե կանգնել ի վիճակի լիներ, նոր միայն իրեն այցելեինք: Իսկ երեխան նորմալ չէր էլ ուտում, թոքերից խիլոզ էր գալիս,  դիետա էին նշանակել»,- ասաց Հայրոյանը` հավելելով, որ երեխան այդ օրերին սկսել էր անընդհատ փսխել,  ինչպես նաև երկու օր շարունակ ջերմել է:

 

Նա նշեց նաև, որ ամեն օր համայցի ժամանակ բժիշկները ստուգում էին երեխային և հանգստացնում իրենց, թե` ամեն ինչ նորմալ է: Հայրոյանը հիշում է` դեկտեմբերի 11-ին, երբ պետք է վիրակապը փոխեին, տեսան, որ կրծքի շրջանում բավական մեծ թարախակույտ է առաջացել, որից հետո թարախը տարել են ստուգման, բայց պարզվել է` վտանգավոր ոչինչ չկա:

 

«Դեկտեմբերի 13-ին դուրս գրեցին երեխային, դեկտեմբերի 16-ին մահացավ: Մահվան փաստը հաստատող վկայականում նշված է` երեխան մահացել է ինքնաթունավորումից, երեխան նաև թոքաբորբ է տարել: Ստացվում է` բժիշկներն անփույթ ու անտարբեր են եղել, որովհետև թոքերը ստուգել են, արյան անալիզ վերցրել ու ասել, որ թոքերը մաքուր են, բայց թոքերը թարախի մեջ են եղել, լյարդն այտուցված էր: Բժիշկներն ասում են` մենք մեղավոր չենք, անալիզները ցույց չեն տվել, բայց այդպես ո՞նց կլինի»,- վրդովվում է Հայրոյանը:

 

Սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 3-ամյա Սառայի սրտի արատը շտկելու համար մեծ ծավալի վիրահատություն էր ենթադրվում կատարել` ներառելով մի քանի վիրահատություն:

 

«Հիվանդը վիրահատվեց, նախապես հայտնի էր,որ վիրահատությունը շատ բարձր մահացության վտանգ ունի, վիրահատությունը տևեց 8-9 ժամ, որը ներառում էր երկու խոշոր վիրահատություններ` Ժատենեի և Սեննինգի վիրահատությունները, որոնց ընթացքում երկու տեսակ փոխատեղում ենք իրականացրել` աորտան և թոքային զարկերակը իրար հետ, աջ և ձախ նախասրտերը` իրար: Երեխայի մոտ աորտան դուրս էր գալիս աջ փորոքից,թոքային զարկերակը` ձախ փորոքից: Երեխայի անատոմիական դեֆեկտը շտկելու և սիրտը ֆունկցիոնալ դարձնելու համար անհրաժեշտ էր, որ փոխատեղվեին աորտան և թոքային զարկերակը դիրքերով, իսկ աջ և ձախ նախասրտերը` հոսքային ուղղություններով: Երեխայի մոտ կորոնար զարկերակները շատ կարճ էին: Աորտայի և թոքային զարկերակի փոխատեղումների ժամանակ դա լուրջ խոջընդոտներ կարող է առաջացնել կամ բուն վիրահատության ժամանակ կամ հետվիրահատական շրջանում: Կորոնար զարկերակների անգամ միլիմետրի չափով ձգվածությունը կամ ծռվածությունը շատ վտանգավոր է և կարող է հիվանդի կյանքին սպառնալ: Կոնկրետ վիրահատության ժամանակ կորոնարները խնդիր չառաջացրին :Շատ դեպքերում այդ պատճառով նման հիվանդներին մենք կորցնում ենք հենց վիրահատարանում, իսկ հետվիրահատական շրջանում կորոնար խնդիրը կարող է առաջանալ սրտի այտուցային իրավիճակի փոփոխության հետ կապված, երբ արդյունքում կորոնար անոթները վերադասավորվում են` ի հայտ են գալիս նոր ձգվածություններ կամ ծռվածություններ»,- ասաց Հեբոյանը:

 

Նա նշեց նաև, որ հետվիրահատական շրջանում որոշ խնդիրներ են ծագել, որոնցից մեկը վիրահատությունից հետո ավշային ծորանից ավշային հեղուկի դրենավորումն էր պլևրո-պերիկարդիալ խոռոչներ. արդյունքում պլևրալ և պերիկարդիալ խոռոչներում առկա կատետերներից գալիս է ավշային հեղուկ, որը սպիտակադեղնավուն գույն ունի: Նման խնդրի լուծումը սննդից ճարպային նյութի ժամանակավոր բացառումն է, որն էլ փորձել են բժիշկներն անել:

 

«Հետագայում կատետերներից սպիտակադեղնավուն հեղուկի (ավշային հեղուկ) քչացման ֆոնի վրա, նաև ելնելով նրանից,որ երեխան տկարացել էր` ճարպային դիետան հանել ենք: Կատետերներց ավշային հեղուկի դադարելը դեռևս չէր նշանակում, որ պլևրո-պերիկարդիալ խոռոչներից այն ամբողջովին վերացել էր,և հետագայում հերձման ժամանակ պլևրո-պերիկարդիալ խոռոչները երկարատև ավշային հեղուկի մեջ ծփալու արդյունքում կարող էին ունենալ սպիտակա-դեղնավուն տեսք,որն էլ տեսքով հեշտությամբ կարելի է շփոթել թարախի հետ»,-ասաց սրտաբույժը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ մահացության պատճառ կարող էր դառնալ նաև փորոքային առիթմիան, որի համար էլ իրականացվել են համապատասխան հետազոտություններ, մասնավորապես` «Հոլտեր» հետազոտությունը, և առիթմոլոգների հետ երկարատև քննարկումներից հետո առիթմիաների տվյալ չափաքանակը գնահատվել է տվյալ ժամանակահատվածի համար ոչ շատ մտահոգիչ և ոչ որպես առաջնային խնդիր, ինչի համար էլ որոշվել է, որ դուրս գրումից հետո երեխան պետք է գտնվի նաև առիթմոլոգի դինամիկ հսկողության տակ, որն էլ, Հոբեյանի հավաստմամբ, ֆիքսվել է հիվանդի էպիկրիզի վերջնամասում:

 

Հեբոյանի կարծիքով` նման դիագնոզով և նման վիրահատություն տարած երեխաները հետվիրահատական 1-1,5 ամսում հանկարծամահության վտանգ ունեն դեռևս, որի պատճառներից մեկն էլ հենց նման առիթմիաները կարող են լինել:

 

Հարցին, թե այդ դեպքում` ինչո՞ւ երեխային չպահել հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ` մինչև ռիսկը չանցնի, Հեբոյանը պատասխանեց, որ առիթմիան երբեմն անկանխատեսելի է լինում, և առիթմոլոգիական ունեցած գնահատականի պայմաններում, երբ երեխան շփման հստակ խնդիրներ ուներ և ակնկալվում էր,որ միջավայրի փոփոխությունը դրական առումով ռադիկալ կարող է ազդել երեխայի վրա` որոշվել է դուրս գրում իրականացնել,եթե իհարկե այլ հայտնի պատճառներ չկան` դրան խանգարելու համար:

 

«Այդ ժամանակ դուրս գրմանը խանգարեց կրծքավանադակի վերքի ծայրում առկա բշտիկը,որը փոքր կտրվածքով բացվեց,արտադրությունը լաբորատոր քննության ուղղարկվեց, և ուղղարկված նյութի մեջ ինֆեկցիա չհայտնաբերվեց, չնայած մինչ այդ էլ հիվանդին էմպիրիկ նշանակվել էր անտիբիոտիկ: Սովորաբար, եթե ուղղարկված նյութի մեջ չենք ֆիքսում ինֆեկցիա, ապա արդյունքը տարածում ենք ամբողջ օրգանիզմի վրա: Տվյալ պարագայում ուղարկված նյութի մեջ ինֆեկցիայի, մտահոգիչ ջերմության և այլ կլինիկական նշանների բացակայության պարագաններում, հաշվի առնելով հիվանդի հոգեբանական առկա դժվարությունները,որոշվեց նորից խոսել դուրս գրման մասին, մայրը համաձայնվեց ` հավաստիացնելով, որ ինքը վերքի մշակման փորձ ունի և կարող է տանը տվյալ փոքրիկ վերքի առումով հոգ տանել: Տվյալ պարագայում վիրաբուժական թիմը հնարավոր և մեզ հայտնի բոլոր մեթոդներով դուրս գրմանը խոչընդոտներ չֆիքսեց»,-ասաց Հեբոյանը:` հավաստիացնելով, որ սրտաբանական հետազոտությունների արդյունքում ներսրտային ակնհայտ խնդիրներ չեն ֆիքսվել, ուստի սրտաբանի /արդեն լուսահոգի Կոստանտին Տեր-Ոսկանյանի/ համաձայնությամբ վիրաբուժական թիմը դուրս գրման որոշում կայացրեց, այսինքն` որոշվեց հիվանդին հետևել արդեն արտահիվանադնոցային պայմաններում`  կլինիկա մոտիկ պարբերություններով այցելությունների տեսքով:

 

Հեբոյանի կարծիքով` երեխայի մահվան հավանական պատճառներից մեկը փորոքային առիթմիան է, մյուսը` կորոնար ցողունի դեֆորմացիաները, որոնք կարող էին հետվիրահատական շրջանում առաջանալ: Հարցին, թե հերձման արդյունքում արդյոք չէի՞ն երևա դրանք, բժիշկը պատասխանեց, որ նախապես փնտրման թիրախի իմացության և առանձնահատուկ ուշադրության պարագաններում` կարող էին փաստվել. «Ես այնքան էլ համաձայն չեմ ինքնաթունավորումը որպես մահվան առաջնային պատճառի դիտարկելուն. առանց նախնական ահազանգի` հանկարծամահությունը սովորաբար ինֆեկցիայի առաջնային պատճառով չի լինում, սակայն կարող է լինել, օրինակ, կորոնար ցողունի դեֆորմացիայի կամ փորոքային առիթմիայի պատճառով»:


Սրտային վիրաբույժի հավաստմամբ` եթե երեխան մնար հիվանդանոցում` դեռ հարց է` կհասցնեի՞ն արդյոք բաժանմունքից երեխային հասցնել վերակենդանացման բաժին: «Երեխայի մահվան մեջ կա՞, արդյոք, բժիշկների մեղքը» հարցին էլ Հեբոյանը պատասխանեց, որ նման ելքերի դեպքում, ի վերջո, բժիշկն իրեն պարտված է համարում և տառապում է բնության մասին ավելին չիմանալու զգացողությամբ:

 

«Մենք փորձում ենք մեր մասնագիտության միջազգային առաջընթացին համընթաց քայլել, առաջնորդվում ենք միջազգային ուղեցույցներով, մեր երկարատև փորձով, սակայն յուրաքանչյուր նման ելքի պարագայում փաստում ենք , որ դեռևս շատ քիչ բան գիտենք բնության մասին: Նման բարդ վիրահատությունից հետո, նման երկարատև ծանր հետվիրահատական շրջանից հետո է (1ամսից ավելի) Նորք-Մարաշի վիրաբուժական թիմին մեղադրել անփութության և անուշադրության մեջ` բարեխիղճ չի: Շատ եմ ցավում այդօրինակ ելքի համար, ընտանիքին չեմ մեղադրում նման արձագանգի համար:

Ցավում եմ, որ նման բան է ստացվել: Ընտանիքն ինչ էմոցիաներ էլ ունենա` մենք պատասխան չունենք, որովհետև պարտություն կա»,-ասաց նա: 

 

Ի դեպ, երեխայի մայրը նշեց, որ երեխայի բժշկական քարտը դուրս գրվելու ժամանակ հիվանդանոցը չէր տրվել, և միայն երեխայի մահից հետո են իրենք կարողացել վերցնել այն: Բժշկական քարտում նշված է. «Հիվանդը դուրս է գրվում բարելավումով, սրտի վիրաբույժի, մանկական սրտաբանի և առիթմոլոգի դինամիկ հսկողության պլանով»: Մահվան փաստը հաստատող բժշկական վկայականում էլ հաստատված է.«Օրգանիզմի ընդհանուր ինքնաթունավորում, թարախային պերիկարդիտ, ստորբլթային թարախաֆիբինային թոքաբորբ»: Հայրոյանը նշեց, որ դատաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը, սակայն, հակասում է 1-ին փորձաքննությանը. «Դատաբժշկական փորձաքննության մեջ նշված է, որ երեխայի մահվան պատճառը իմունիտետի անկումն է, և բժիշկները մեղավոր չեն, այնտեղ ինքնաթունավորման մասին խոսք էլ չկա»:

 

Առաջիկայում երեխայի ծնողները, հարցի հետ կապված, դիմելու են իրավապահ մարմիններին, ինչպես նաև առողջապահության նախարարությանը: Դեպքի հետ կապված հետագա զարգացումները նույնպես կներկայացնենք:

 

Կարինե Հարությունյան