|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանում տարեկան շուրջ 2000 աղջիկ երեխայի ծնունդ ընդհատվում է արհեստական ճանապարհով: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` անդրադառնալով նախարարության նախաձեռնած նոր օրինագծին, ըստ որի` առաջարկվում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալը արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը:
Այս նախագծի համար հիմք է ծառայել «Սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտությունը, որը կատարվել է 2012-2013 թթ.՝ ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ: Հետազոտութունը վկայում է, որ, միջին հաշվարկով, Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 իգական սեռի երեխա:
Անդրադառնալով այս հետազոտությանը` քննարկման մասնակից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց. «Եթե այս տենդենցը շարունակվի` մինչև 2060 թվականը մոտ 100 հազար աղջիկ երեխա կամ ապագա մայր չի ծնվի»: Նրա խոսքով` իրականում սա ոչ թե առողջապահական, այլ սոցիալական խնդիր է: Բացի այդ, ըստ նրա, այս նախագիծը սատար կկանգնի այն կանանց, որոնք ստիպված են երեխայից հրաժարվում, օրինակ` ընտանիքի հորդորով և այլն:
Կարինե Սարիբեկյանի կարծիքով` մեր հասարակությունը դեռևս շարունակում է նախապատվությունը տալ տղա երեխաներին` առաջնորդվելով ծուխը չմարելու հոգեբանությամբ: «Մեզնից շատ ժամանակ կպահանջվի այս վարքագծային խնդիրը լուծելու համար, իսկ եթե այլ քայլեր չձեռնարկենք` կշարունակենք կորցնել աղջիկներին»,- նշեց նա և հույս հայտնեց, որ օրենսդրական կարգավորումը գուցե ժամանակավոր, բայց կնպաստի աղջիկների և տղաների ծնունդների ցուցանիշի բարելավմանը:
Նշենք, որ ներկայումս օրենքը որևէ սահմանափակում չի դնում երեխայի սեռը հայտնելու ժամկետների վրա: ՄԻՊ-ն էլ իր զեկույցում բազմիցս անդրադարձել է այդ խնդրին:
Սակայն օրենքի այս նախագիծը միանշանակ չի ընդունվել թե՛ օրենսդիրների, թե՛ հասարակության կողմից: Կա մտավախություն, որ նման արգելանքի դեպքում բժիշկները կգործեն գաղտնի՝ ծնող-բժիշկ հարաբերություններում առաջացնելով կոռուպցիոն նոր վտանգ: Նախարարությունը որոշման նախագիծը կառավարությանը կներկայացնի հունիսին: