Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամության ակումբի հյուրն էր քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի առաջին և երկրորդ կազմի անդամ Անդրանիկ Միհրանյանը: Նա հերթական անգամ «փայլեց» ոչ թե ռուսամետ հայացքներով, այլ ուղիղ քարոզչությամբ:
Դիտարկումներ անող լրագրողներին չոր դիտողություններ էր անում` ասելով, որ սա «բազար» չէ, և կարող են խոսել միայն այն ժամանակ, երբ ձեռք կբարձրացնեն, ու քննարկման կազմակերպիչը կորոշի խոսք տալ նրանց:
Խոսելով արևմտյան կազմակերպությունների մասին` Անդրանիկ Միհրանյանը հայտարարեց. «USID-ն ամերիկյան պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող կառույց է, որի նպատակը պրոամերիկյան տրամադրություններ առաջացնելն է, թե՞ չէ ինչո՞ւ են այդ փողերը ծախսում, ո՞ւմ համար պարզ չի»: Նա նաեւ վստահեցրեց, որ USID-ի պես արևմտյան հասարակական կազմակերպությունները իրականում հիմնարկություններ են, որոնք ուղարկվում են երրորդ աշխարհի հետամնաց, չկայացած երկրներ, որոնց վրա հեշտ է ազդել ու ուղղորդել, որ այդ կազմակերպությունները աշխատում են փոխել տվյալ երկրների ռեժիմը, ու դրա վառ վկայությունը տարբեր երկրներում սկսված «նարնջագույն», «վարդագույն», «կակաչների» հեղափոխություններն են, իսկ հիմա էլ Ուկրաինան է փլուզվում:
Հարցին, թե ո՞րն է այն գինը, որ Հայաստանը պետք է վճարի իր անվտանգության դիմաց, քաղաքագետը պատասխանեց, թե Հայաստանը որևէ գին չունի վճարելու, մանավանդ, որ Հայաստանի հիմնական տնտեսական կառույցները գտնվում են Ռուսաստանի տիրապետության ներքո, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը:
«Հայաստանը միայն ստանում է` ռուսական կառույցներին անդամագրվելով, կարևորը ազգային ապահովությունն ու անվտանգությունն է, մնացածը տասերորդական է: ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ ապահովվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, պատերազմների դեպքում՝ օժանդակությունը: Իսկ տնտեսական իմաստով, եթե դուրս գան մաքսային վճարները, հայ գործարարները կկարողանան իրենց ապրանքները վաճառել մեծ շուկայում»,- ասաց քաղաքագետը:
Խոսելով ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետի տեղադրման մասին, նա նշեց. «Ես կարծում եմ, որ դրա տեղադրումը ոչ մի պրոբլեմ չի առաջացնի Հայաստանի ու Արցախի համար»:
Հարցին` արդյո՞ք ԵՏՄ-ն վերպետական կառույց չէ, որը կարող է սահմանափակել պետության ինքնիշխանությունը, Անդրանիկ Միհրանյանը նշեց, որ մտահոգվելու առիթ չկա:
«Անգելա Մերկելը ստորադա՞ս է Օբամայի առաջ, թե՞ չէ: Դուք չգիտեք, ես գիտեմ: Եթե աշխարհի լոկոմոտիվ պետություններից մեկի ղեկավարին գաղտնալսում են, հետևում են, ստորադաս վիճակում պահում, վրան ազդում, ասում են` դու պետք է հետևես մեր օրինակին ու սանկցիաներ մտցնես Ռուսաստանի դեմ, դա պետություն ա՞, դա ինքնիշխանություն ա՞, դա հարգելու բան ա՞: Դա Հայաստանը չի, է, դա Գերմանիան ա, աշխարհի երրորդ պետությունն է, ու զրո դիմադրություն Գերմանիայի կողմից, խեղճ կնիկը գիտի, որ իրա առաջ ոչ ոք ներողություն չի խնդրելու: Աշխարհի վրա ինքնիշխանություն ունեցող քիչ պետություններ կան, որոնք իրենք են որոշում՝ ինչ անել, երբ անել ու ոնց անել: Այնպես որ` Հայաստանմ իր ռեսուրսներով ու տեղով ավելի շատ ինքնիշխանություն ունի, քան շատ ուրիշ պետություններ, և ձեր այդ վախը մտացածին է»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը: