Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այս տավա հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի առաջին մասով, 38-314 հոդվածների 1-ին մասով եւ 315 հոդվածի երկրորդ մասով Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին առաջադրվեց մեղադրանք, իսկ սեպտեմբերի 26-ին արդեն, ՀՔԾ-ում ավարտվեց թվով 6 անձանց կողմից Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վ. Հովակիմյանը մեղադրվում է նրանում, որ 2008թ. լինելով Արարատի մարզպետ, անձնական շահագրգռությունից ելնելով, «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին 30 հեկտար հողամաս կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով, 2010թ. մարտի վերջին մարզի Գինեվետ համայնքի ղեկավար Միսաք Սանթոյանին կեղծ տեղեկություն է տվել, թե նշված գյուղի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողերից 30 հեկտարը արդյունաբերական նշանակության է, ապա ավագանու նիստ է հրավիրել` նշված տարածքը կառուցապատման իրավունքով վարձակալություն տալու համար:
Վ. Հովակիմյանը կազմել է հողաշինարարական գործ եւ 2010թ. ապրիլի 13-ին ներկայացրել տարածքային կառավարման նախարարություն` հիշյալ տարածքը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու համար: Ապա մինչ կառավարության կողմից նշված տարածքը արդյունաբերական նշանակության դարձնելը, Մ. Սանթոյանին հանձնարարել է հայտարարել մրցույթ եւ հաղթող ճանաչել «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին: Սա դիտերկվել է պետական կառավարման համակարգին հասցված վնաս եւ հեղինակազրկում: Մեղադրանքի մյուս մասն, արդեն, վերաբերում է մարզի Վեդի քաղաքի, Նոյակերտ եւ Ոսկետափ գյուղերի թիվ 2 դպրոցներում շինաշխատնքների ժամանակ հավելագրումներին, որոնց ընդհանուր գումարը կազմում է 36 միլիոն 415 հազար 570 դրամ:
Սաՙ պաշտոնական հաղորդագրության համաձայն: Մեղավոր են այդ 6 անձինք, թե ոչ, կպարզի դատարանը: Մեր լրագրողական հետաքննության ընթացքում, սակայն, ի հայտ եկան բազմաթիվ փաստեր, որոնք նախաքննության մարմինը հաշվի չի առել: Այսպես, «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին 30 հա հողամաս տրամադրելու գործընթացը սկսվել է դեռ 2008 թվականի հունվարի 24-ից. ընկերության տնօրեն Սիլվա Համբարձումյանին տրամադրվել է պետական պահուստային ֆոնդի հողերից 10 հեկտար հողատարածք, որպեսզի իրականացվեն հետախուզական աշխատանքներ, որից հետո ձեռք է բերվել 165 հա ընդերքի հետախուզման թույլտվությունՙ վճարելով 165 000 000 դրամ:
Նշված ժամանակ, սակայն, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է ոչ թե Վարդգես Հովակիմյանը, այլ ՀՀ ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ընդ որում` նշված գումարը հենց այդ ժամանակ է վճարվել բնապահպանության նախարարություն: 2009-ի հունիսին արդեն, մարզպետարանի հողաշինարար Ա. Օրդոյանը Վ. Հովակիմյանին է ներկայացրել պետական պահուստային ֆոնդի հողի քարտեզը` հայտնելով, որ մարզի տարածքում առկա է 400 հեկտար արտադրական հող, այդ թվումՙ Գինեվետ համայնքի 870 հեկտար հողերից 100 հեկտարը, որը Կիրովի նախկին սովխոզի արտադրական մասն էր:
Այս ամենը նշված է նաեւ կադաստրային քարտեզում: Վ. Հովակիմյանը 2009-ի նոյեմբերի 11-ին ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանին ուղարկած գրության մեջ հայտնել է, որ Սիլվա Համբարձումյանին տրամադրված հողատարածքի 30 հեկտարը հանդիսանում է արդյունաբերական, ընդերքաօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների տարածք եւ խնդրանք ներկայացրել իրավունքների վերագրանցում կատարել: Հետագայում մարզպետարանը տվել է եզրակացություն` նշված հողատարածքը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով վարձակալություն տրամադրելու մասին` հիմք ընդունելով կառավարությանՙ ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին 14.01.2010թ. թիվ 16-Ն որոշումը:
Հողաշինարարական գործն ուղարկվել է Տարածքային կառավարման նախարարին` արդյունաբերական ծրագրի հիմնավորումներով եւ ստացվել դրական եզրակացություն: Փաստաթղթերի այս շրջանառությունն արդեն վկայում է, որ նշված տարածքում սեփականության եւ օգտագործման իրավունքների պետական գրանցումներ չեն իրականացվել: Այն, որ տարածքը հանդիսացել է Կիրովի նախկին սովխոզի արտադրական մաս եւ գյուղատնտեսական նշանակության չէ, ապացուցում են մեր կողմից ուսումնասիրված տասնյակ փաստաթղթեր:
Ի սկզբանե այդ հողերը եղել են անօգտագործելի եւ մեր ուսումնասիրությունների ընթացքում չհանդիպեցինք որեւէ փաստաթղթային հիմքի դրանց` գյուղատնտեսական նշանակության մասին: Այսպես, 1974 թվականի դեկտեմբերի 18-ին գյուղմինիստրության գրության համաձայն. «պահանջվող տերիտորիան ինչպես այժմ, նույնպես եւ ապագայում, գյուղատնտեսական կարիքների համար օգտագործել հնարավոր չէ»: Ուստի Արարատի շրջսովետի գործկոմը որոշում է շրջանի պետական ազատ ֆոնդի անօգտագործելի հողերից 10 հեկտար հատկացնել Կիրովի անվան սովխոզ-գործարանին` անասնապահական ֆերմաների կառուցման համար, իսկ 1980 թվականին նույն տարածքում «Նաիրիրտ» գիտարտադրական միավորման խնդրանքով հատկացվել է նշված միավորմանը 20 հեկտար հողամաս` շլամի թափոնների կուտակման համար:
Գյուղմինիստրությունը, ուսումնասիրելով գործը, տալիս է համաձայնություն: Համաձայնություն է տալիս նաեւ Հայկական ՍՍՀ մինիստրների խորհուրդը: Բացի այդ, կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 1873 որոշման 4-րդ մասի «բ» կետի` գյուղատնտեսական նշանակության արոտները եւ այլ հողատարածքներ եւ մյուս նպատակային նշանակության հողերն առաջիկա 10 տարիներին թողնվել է որպես պետական սեփականություն` բացառելով դրանց մասնավորեցումը: Այս որոշումը, կարծում ենք, պետք է հաշվի առներ Հատուկ քննչական մարմինը` մինչ քրեական գործին ավելացնելը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտման վերաբերյալ տեղեկություն:
Այս ամենին հավելենք նաեւ «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության ագրոքիմիայի եւ մելորացիայի կենտրոնի» երեք գիտաշխատողների եզրակացությունն առ այն, որ այդ տարածքը գյուղատնտեսական վարման համար պիտանի չէ: Ի վերջո, եթե այդ տարածքը գյուղատնտեսական նշանակության էր, ինչու է տարածքային կառավարման նախարարությունը արդյունաբերական շահագործման առաջարկին տվել դրական եզրակացություն: Ինչ վերաբերում է համայնքին ու պետությանը վնաս հասցնելուն, նշենք, որ կառուցապատման իրավունքով տրված հողի հարկը ավելի բարձր է. 30 հեկտարի համար տարեկան նախատեսված է 550 հազար դրամ, ի տարբերություն արոտավայրի, որի վարձն ընդամենը 18 հազար դրամ է:
Հետաքրքիր է, որ նախաքննության մարմինը ոչ միայն չի ուսումնասիրել այս փաստերը, այլեւ քննիչը անհասկանալի պատճառներով դեմ է եղել, որ նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվող Վ. Հովակիմյանը ներկայացնի այս բոլոր հիմքերը: Անկախ այս ամենից, սույն գործը ենթակա էր քաղաքացիական վարույթ ընդունվելու, այլ ոչ թե քրեական: Շեշտենք, որ մեր հրապարակման նպատակը ոչ թե Արարատի նախկին մարզպետին պաշտպանելն է, այլ կոչը դատական համակարգին` այս եւ մյուս գործընթացներում զերծ մնալ փաստերի միակողմանի մեկնաբանությունից` հասարակության մեջ իրՙ որպես պատվեր կատարողի կարծրացած պիտակը վերացնելու համար:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ