կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 10:46
Տարածաշրջան

Իրանը Պարսից ծոցում նավագնացության անվտանգության գլխավոր երաշխավորն է. Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Իրանը Պարսից ծոցում նավագնացության անվտանգության գլխավոր երաշխավորն է. Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Իրանի Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հուլիսի 30-ին երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

Հեռախոսազրույցի ընթացքում Ռոհանին դրական է գնահատել իր հատուկ ներկայացուցչի` Ֆրանսիա կատարած այցի արդյունքները եւ շեշտել Միջուկային գործարքով կողմերի ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման ուղղությամբ շարունակվող բանակցությունների անհրաժեշտությունը: Նշելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի գլխավոր նպատակն այլ երկրների հետ Իրանի առեւտրատնտեսական հարաբերությունների կարգավորումն էր, Իրանի նախագահն ասել է. «Չնայած ստանձնած պարտավորություններին Իրանի լիակատար հանձնառությանը` Իրանի տնտեսական օգուտների միայն մի փոքր մասն է բավարարվել, եւ գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո ոչ միայն Եվրոպայի կողմից որեւէ լուրջ գործողության ականատեսը չենք եղել, այլև, ընդհակառակը, եվրոպական մի շարք ընկերություններ, հետեւելով ԱՄՆ պատժամիջոցներին, հեռացան Իրանից»:

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող տնտեսական ահաբեկչությունն անմարդկային որակելով՝  Ռոհանին նշել է, որ եթե մյուս կողմը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ապա Իրանի լիակատար հանձնառությունն անընդունելի է Իրան ժողովրդի համար: Նշելով, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականության շարունակությունը բացասական հետեւանքներ է թողնելու անվտանգության եւ տարածաշրջանային ու միջտարածաշրջանային հարաբերությունների վրա, նախագահը շեշտել է, որ Իրանը Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում եւ Օմանի ծովում նավագնացության անվտանգության գլխավոր երաշխավորն է: Ըստ նրա՝ ԱՄՆ-ը ոչինչ չի շահի Իրանի դեմ թշնամական գործողություններից, եւ դրանց շարունակությունը ոչինչ է, քան պարտություն-պարտություն տարբերակ բոլորի համար:

 «Իրանը չի եղել եւ չի լինի տարածաշրջանում լարվածության նախաձեռնող, բայց ցանկացած սադրանքի դեպքում կպաշտպանի իր շահերը»,- ասել է Ռոհանին՝ հավելելով. «Իրանը մշտապես ողջունում է արդար լուծումների եւ կառուցողական երկխոսության ցանկացած նախաձեռնություն»: 

Էմանուել Մակրոնն էլ նշել է, որ ամեն ինչ անելու է Միջուկային գործարքով ամրագրված` Իրանի շահերի ապահովման եւ այլ երկրների հետ Թեհրանի առեւտրատնտեսական հարաբերությունների կարգավորման համար: Ֆրանսիայի նախագահը վստահեցրել է, որ Եվրոպան անում է հնարավորը, ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների ֆոնին, Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների պահպանման համար: