Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես տեսանք, ՀՀ իշխանությունը սառնասրտորեն հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելուց, Արցախի Հանրապետությունը, Արցախի մեր հայրենակիցները մնացին միայնակ, մարտնչեցին հանուն Արցախի պետականության, հանուն ինքնության:
Իրականացան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ձգտումները, տեղի ունեցան ազգային զտումների նոր դրսևորումներ, ֆիզիկական բնաջնջման եզրին կանգնած արցախցին հարկադրաբար լքեց հայրենի հողը:
Ոտնահարվել են ՀՀ Գերագույն խորհրդի 8 հուլիսի, 1992-ի Հ. Ն-0663-1 փաստաթղթում ներառված հետևյալ որոշումները.
«1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում» :
Արցախում տեղի ունեցած ոճրագործությունները, հայ ազգի բռնի, հարկադրված տեղահանումը որակվում է ցեղասպանություն, որին միջազգային հանրությունը չտվեց լիարժեք գնահատական:
Արցախի բռնազավթումը չկանգնեցրեց թշնամուն, շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հողերի զավթման հաղթարշավը, այն պայմանավորված է մի շարք արտաքին գործոններով: Կարևորենք, որ Ադրբեջանի առաջխաղացումը առաջին հերթին պայմանավորված է տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ քաղաքականությամբ:
Թուրքիան, որպես հավաքական Արևմուտքի մաս, վերջինիս հովանավորությամբ ստանձնել է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորողի դերակատարությունը:
Թուրք-ադրբեջանական դաշինքը ոչ միայն չի հրաժարվում հայկական հողերի նվաճողական քաղաքականությունից, այլև իրականացնում է «Մեծ Թուրանի» ծրագիրը:
Ադրբեջանը, դիրքավորվելով արևմտյան հարթակներում, շարունակում է հայատյաց քաղաքականությունը, բացահայտ նկրտումները Հայաստանի տարածքների նկատմամբ, հստակ ծրագրված գործողություններով պահանջատեր է Հայաստանի հողերին մինչև Սյունիք և ավելին:
Այս ամենի ներքո ՀՀ իշխանությունը թուրք-ադրբեջանական դաշինքի հետ «խաղաղասիրական դարաշրջան» է կերտում, քողարկում ՀՀ պետական և ազգային անվտանգությանը սպառնացող մի շարք սպառնալիքները:
Հարց է ծագում՝ Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը չի՞ հակասում ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքներին /ազգային շահեր/, հնարավո՞ր է հայատյաց թուրքի հետ խաղաղության խաչմերուկ ստեղծել:
Հիշեցնենք, որ ՀՀ ռազմական դոկտրինում սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետությունը հավանական գործընկերներ է համարում ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքներին չհակասող քաղաքականություն իրականացնող բոլոր պետություններին ու անվտանգության կազմակերպություններին և պաշտպանական ռազմավարությունն իրականացնելիս հենվում է նրանց հետ ունեցած ընդհանրությունների վրա :
Անդրադառնանք ՀՀ ռազմական դոկտրինում նշված արտաքին և ներքին սպառնալիքների որոշ դրույթներին, որոնք իրականացել և իրականանում են հայ ազգի և հայոց պետականության նկատմամբ.
• «Հայաստանի Հանրապետության բնակչության ֆիզիկական գոյության, պետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության նկատմամբ այլ պետությունների ձեռնարկած ոտնձգությունները, միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ զորքերի խմբավորումների ստեղծումը, տեղաբաշխումը, դրանց խոշորամասշտաբ կուտակումները և տեղաշարժը, այդ թվում` զորավարժությունների անվան տակ / օր.՝ Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ/,
• Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված դաշինքների ստեղծումը, ամրապնդումն ու ընդլայնումը, մասնավորապես` Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական դաշինքը, վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետությունը շրջափակելու քայլերը, որոնք դիտարկվում են որպես ուժի կիրառում,
• Հայաստանի Հանրապետության տնտեսական-տրանսպորտային և հաղորդակցային մեկուսացումը կամ մեկուսացման փորձերը, սահմանակից պետություններով տարանցիկ ուղիների խափանումը,
• Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների նկատմամբ հայատյացություն և ազգատյացություն սերմանող քարոզչության իրականացումը, Հայաստանի Հանրապետության մասին ապատեղեկատվության տարածմամբ և այլ միջոցներով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տեղեկատվական պատերազմի վարումը, կրոնական և էթնիկական ծայրահեղականության հրահրումը,
• Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը (ՀՀ Սահմանադրության, ՀՀ զինանշանի փոփոխման պահանջը թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից),
• Հայաստանի Հանրապետության և զինված ուժերի վարկաբեկմանն ուղղված գործողությունները կամ դրանց փորձը,
• սահմանամերձ շրջաններում ՀՀ քաղաքացիների արտագաղթը, դրանք խթանող գործողություններն ու գործոնները,
• Հայաստանի Հանրապետության տարածքում և սահմանամերձ շրջաններում արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքը կամ դրանց առաջացումը, ինչպես նաև պատերազմի հետևանքներից բնակչության պաշտպանության և տնտեսության կայունության ոչ լիարժեք ապահովումը,
• բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության, պետականության հանդեպ պատշաճ հարգանքի, առողջ ապրելակերպի, ընտանիքի ավանդական դերի և ազգային ինքնության աղավաղումը և այլն» :
Մյուս կողմից՝ օտարածին հասարակական տարբեր կազմակերպությունների առկայությունը մեր երկրում, նրանց առաջխաղացումը, հովանավորչությունը նպաստեցին հայ հասարակության պառակտմանն ու անհամերաշխությանը:
Ցավալի է, որ հայ հասարակության զգալի հատվածը իրատեսորեն չի գնահատում ստեղծված իրավիճակը:
Կորցնելով Արցախի Հանրապետությունը՝ Հայաստանը միայնակ կանգնել է ներքին և արտաքին գոյաբանական պայքարի առջև:
Ազգային ի՞նչ երաշխիքներ ունենք՝ սպառնալիքներին դիմակայելու.
1.Ազգային ուժերի միաբանություն, համայն հայության համախմբում։
ՀԱՅ ԱԶԳԸ պետք է միաբանվի ու պայքարի ինքնության պահպանման, տարածքային ամբողջականության վերականգման և հայոց պետականությունների վերականգման, հարատևության համար:
2. Ռազմական անվտանգության ապահովում, բանակ-բանակաշինություն։
Ռազմական անվտանգության ապահովման ազգային երաշխիքը մարտունակ, արդիական սպառազինությամբ զինված, մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությամբ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ունակ, ռազմական անվտանգության սպառնալիքների կանխմանն ու չեզոքացմանը պատրաստ զինված ուժերն են :
Համազգային նպատակներին հասնելու համար հայոց բանակին դեպի հաղթանակներ առաջնորդելու համար պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը կառաջնորդվի ազգային գաղափարախոսությամբ, ազգային ծրագրով, կառաջնորդվի ազգային և պետական շահով, կառաջնորդի հայ ազգին, կպաշտպանի պետության կենսական նշանակություն ունեցող շահերը:
Միայն ազգային իշխանությամբ, ազգային գաղափարախոսությամբ հայոց բանակը և հայ ազգը կարող են հաղթել թշնամուն:
«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու»:
Արամ Մանուկյան
Արփի Աբրահամյան