կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 16:02
Քաղաքական

Չենք կարող կորցնել Արցախը, ինչ է, թե անդամակցելու ենք որևէ միության. Արմեն Ռուստամյան

Չենք կարող կորցնել Արցախը, ինչ է, թե անդամակցելու ենք որևէ միության. Արմեն Ռուստամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արեմն Ռուստամյանը, խոսելով Աստանայում երեկ կայացած չորս երկրների հանդիպման և, Հայաստանի հետ կապված, Նազարբաևի հայտարարության մասին, նշեց, որ որևէ անակնկալ չի տեսել այդ քաղաքական իրադարձություններում, և ակնհայտ էր, որ Ղազախստանը հանդես է գալու որպես Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպան` իրականացնելով համապատասխան լոբբինգ, որովհետև Նազարբաևը մի քանի անգամ տվել է առիթներ` այդպես կարծելու: Նրա խոսքով` Ադրբեջանը դուրս է ինտեգրման այդ գործընթացներից, և անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չկարողանա ամրագրել իր դիրքերը Եվրասիական տնտեսական միության մեջ:

 

«Բնականաբար, հիմնական հարցն այստեղ Ղարաբաղի հարցն է, և երբ ասում էինք, որ «կամ,կամ»-ի հարց է դրվում, ուրեմն պետք է առաջնորդվես` քո կենսական անհրաժեշտությունից ելնելով: Սպասելի էր, որ այս հարցն առաջանալու է, ու Ադրբեջանը փորձելու է այս անդամակցության միջոցով, Ղարաբաղի կարգավորման հետ կապված, իր համար նպաստավոր պայմաններ ստանալ: Անընդունելի են այն քննարկումները, որոնք կատարվում են երրորդ, չորրորդ կողմերից ստացվող նամակների հիման վրա, դա բացարձակապես չի տեղավորվում միջազգային պրակտիկայի նորմերի մեջ, երբ խոսքը գնում է կոնկրետ երկրների միջև հարաբերությունների մասին, բայց ինչ-որ մեկը դրսից նամակ է ուղարկում, որը պետք է ազդի այդ քննարկման վրա, երբ գիտենք, որ այդ մեկն աղավաղված ու ոչ ադեկվատ է ներկայացնում Ղարաբաղի հակամարտությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Ըստ նրա` բոլոր փաստաթղթերը, որոնց վրա հղում է անում Ադրբեջանը, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: ՄԱԿ-ի անդամակցության հետ կապված` բազմիցս ասվել է, որ չկա այդպիսի ձևակերպում, որ ՄԱԿ-ը ճանաչել է սահմանները, բայց իրենք շարունակում են իրենցը պնդել: Ինչ վերաբերում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Հայաստանի անդամակցության պայմաններին, Ա.Ռուստամյանի խոսքով, եթե շարժվելու լինենք Ալիևի տրամաբանությամբ, ապա վաղուց պետք է մաքսակետ դրված լիներ Հայաստանի ու Արցախի միջև:

 

«Մենք խնդիր ունենք պատրաստվելու և շատ ավելի ամբողջական, լիարժեք կարողանանք Արցախի հարցը պաշտպանել, թույլ չտանք, որ Արցախի հակամարտությունը նենգափոխվի, և հիմա էլ դա կատարի Ղազախստանը` Ադրբեջանի կամ Թուրքիայի թելադրանքով»,- ասաց պատգամավորը:

 

Նրա խոսքով` մյուս կողմից էլ վատ չէ, որ առաջացել է առիթ, որ այս ձևաչափում քննարկեն Ղարաբաղի հարցը, եթե ուզում են խորությամբ քննարկել այդ հարցը, ու թող առաջանա ևս մեկ հարթակ, որտեղ Հայաստանը կարող է ներկայացնել իր փաստարկները:

 

«Ողբերգական կամ զարմանալի բան չեմ տեսնում, պետք է հասկանանք, որ արտաքին քաղաքականությունը հագեցած է այդպիսի իրավիճակներով, երբ դու պետք է պատրաստ լինես ամեն պահի մտնելու խորքային քննարկումների մեջ, եթե աշխարհաքաղաքական շահերը այդ գործընթացի մեջ ներգրավված են»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Հայաստանը նաև պետք է պատրաստ լինի նրան, որ Եվրասիական տնտեսական միությունը մի օր դառնալու է ավելի լուրջ համագործակցության կառույց, և Հայաստանը պետք է առաջնորդվի իր անմիջական շահերը պաշտպանելու տրամաբանությամբ, հակառակ դեպքում` որևէ միության մեջ մտնելը ո'չ ինքնանպատակ է եղել, ո'չ էլ պարտավորեցնող այնպիսի քայլ է, որ ամեն ինչ պետք է կորցնենք, ինչ է, թե անդամակցելու են որևէ միության:

 

«Բոլորն էլ պետք է հասկանան, որ ստիպել Հայաստանին,  անդամակցության փաստը օգտագործելով, հրաժարվել իր կենսական նշանակություն ունեցող շահերից ու նպատակներից, դա բացառված է: Եթե խիստ դրվի հարցը, անկախ այն բանից` ինչ միություն է` ԵՄ է, թե` ՄՄ, եթե պատրաստ են Ղարաբաղը ճանաչել, մեր պայքարի ճշմարտացիությունը ճանաչել, մենք կմտնենք այդ միության մեջ»,- ասաց պատգամավորը: